Եթե հիվանդացությունը շարունակի նվազել, դպրոցներում երեխաների դիմակ կրելու որոշումը կվերանայվի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօվա նիստում անդրադարձավ դպրոցներում դիմակ կրելու որոշմանը։ Նրա խոսքով՝ կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից։ Դրա պատճառը այն պարտադիրբ պահանջն է, որ երեխաները դպրոցում պետք է նաև դիմակներ կրեն։

«Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ մենք պարտադրված ենք անել քայլեր, որ թույլ չտանք, որպեսզի վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի։ Եվ կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցառումները, որոնք ընդունում ենք, առաջին հերթին մենք ինքներս ենք կիրառում այդ որոշումները, պահպանում դրան, մի բան էլ ավելին։ Եվ այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլև մեր երեխաներին նույնպես։ Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում, ոչ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարությունը մոնիթորինգ կանի, եթե համավարակի նվազման միտումը շարունակվի, կամաց-կամաց դուրս կգանք այս սահմանափակումների ռեժիմից։ «Որոշում կընդունենք, որպեսզի մեր երեխաներն օր առաջ լիաթոք շնչեն»,- հավելեց նա։