ՀՀ Ոստիկանության հայտարարությունը բռնությունների բացահայտման կապակցությամբ

ՀՀ Ոստիկանության հայտարարությունը բռնությունների բացահայտման կապակցությամբ
ՀՀ Ոստիկանության հայտարարությունը բռնությունների բացահայտման կապակցությամբ

Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը:

Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:
Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները:
Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջաբար ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր:
Ոստիկանության համար առավել ևս մտահոգիչ էր այդ հանցարարքների կրկնությունը, ինչից հետո իրավապահների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունները բացառելու ուղղությամբ:
Ոստիկանությունը խոստացել էր հանրությանը պարբերաբար իրազեկել հիշյալ գործերի քննության և արդյունքների վերաբերյալ: 
Մասնավորապես, սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու օր առաջ, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի միջնամասում մի քանի անձինք վեճի են բռնվել իր հետ ու ծեծի ենթարկել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Փաստի առթիվ սեպտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: 
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Ավետիսյանին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 1968 թ. ծնված Ա. Աղայանը և 1993 թ. ծնված Ա. Մկրտչյանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Ա. Աղայանն ու Ա. Մկրտչյանը սեպտեմբերի 14-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել բացատրություններ: Նրանք նշել են, որ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի քաղաքականության ու քաղաքացիական ակցիաների հետ, իսկ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ա. Աղայանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպերը:
Նախաքննությունը շարունակվում է:
Օգոստոսի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացի Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր և ընկերոջ՝ ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել էր քրեական գործ ու կատարվում էր նախաքննություն:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին պարզվել է, որ Մ. Մարգարյանին և Բ. Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել են Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը և 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է: