Մեկ գիշերվա ընթացքում հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած 3 վարորդ, իսկ մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել․ Տեսանյութ

Օգոստոսի 21-ի գիշերը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում՝ բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով։

Հայտնաբերվեց նման երկու մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվեցին հատուկ ձայնային ազդանշաններով շահագործվող` 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, հետախուզման մեջ գտնվող՝ 5, փոխարինված համարանիշերով՝ 1 տրանսպորտային միջոց։

Օրինազանց վարորդներից երեքը ալկոհոլ օգտագործած վիճակում էին, մեկը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 մեքենա։

ՃՈ-ն վարորդներից պահանջում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները. նմանօրինակ ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։