Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի` իրեն ուղղված քննադատությանը՝ կապված Հարությունյանի կառավարման մոտեցումների հետ` ընդգծելով, որ անցած ամիսներին զրո քննարկում է ունեցել Ջուլֆալակյանի հետ: Ջուլֆալակյանը կարող էր իր հարցերը բարձրացնել  և հնարավոր է, որ մենք այդ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, իսկ մի մասի դեպքում էլ բացատրեինք, որ որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»ի  հաղորդմամբ՝ սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում շեշտեց նախարարը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հարցեր չեն բարձրացվել քաննարկումներում: «Ես խմբակցությունում ունեցել եմ հանդիպում խմբակցության անդամների հետ  և հիմա ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանում արձագանքել: Եթե լիներ նման քննարկում,  լինեին կոնկրետ հարցադրումներ, ես կպատասխանեի: Նույն խմբակցության քննարկումներում առհասարակ եղել են օբյեկտիվ, ընկալելի հարցադրումներ: Այդ ամենն արտահայտվել է մեր գործունեության մեջ»,-ասաց Արայիկ Հարությունյանը: