Սա վճռական և վճռորոշ պահ է, և մենք այսօր պետք է ամուր կանգնենք Արցախի թիկունքին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում։

Ազգային ժողովի հարգելի՛ նախագահություն,

Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան ժամը 07:10-ի մերձակայքում Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի պաշտպանության դիրքերի ուղղությամբ: Նախ ձեռնարկվել է հրետանու, հրթիռային հարձակում, որից հետո արդեն գործի է դրվել ծանր տեխնիկան, և գործնականում հարձակման թիրախ են դարձել Պաշտպանության բանակի բոլոր դիրքերը շփման գծի ողջ երկայնքով: Սա, ըստ էության, Ադրբեջանի փորձն է Արցախի, Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով և Լեռնային Ղարաբաղն օկուպացնել, և սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է առաջին շարակարգի, այսինքն՝ մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք հենց այդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին օպերատիվ արձագանքելու ըստ անհրաժեշտության հնարավորություն ունենանք:

Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս պահին Արցախի պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով, հատկապես՝ հյուսիսում, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում մղում է մարտեր: Իրադրությունը լարված է: Ես հասկանում եմ, որ մեզ բոլորիս հետաքրքրում է իրավիճակի մանրամասներ: Ցավոք սրտի, մենք ունենք զոհեր: Ընդ որում, քանի որ ի սկզբանե թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում: Հարված է հասցվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, այլ բնակավայրերին, և Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը և ադրբեջանական ագրեսիան: Այս պահին մենք ֆիքսված որևէ իրավիճակ չունենք: Իրավիճակը գտնվում է զարգացման մեջ: Մեր զինվորականներն ասում են, որ իրավիճակի գնահատականը հետևյալն է, որ լարված է իրավիճակը, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է:

Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածի մեջ, ըստ էության, ռազմավարական առումով, անսպասելի որևէ բան չկա: Ինչո՞ւ: Որովհետև, ըստ էության, այս պատմության կոնտեքստը հետևյալն է, որ մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում և շարունակում է դրվել և դեռ կդրվի, կամ երկընտրանք է դրվում, ըստ էության հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ: Այսինքն, ես ուզում եմ՝ մենք շատ հստակ արձանագրենք, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ էության, եղել է այսպիսին, և բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը. կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից կամ ստանում ենք պատերազմ: Եվ այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի: Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, կարծում եմ, պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում: Սա չափազանցություն չհնչի ասել՝ մեր հազարամյա գոյամարտի հերթական և նույնիսկ գուցե ամենակարևոր հանգրվանն է: Մենք պետք է պատասխան տանք մի պարզ հարցի՝ մենք ունե՞նք ներուժ մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանելու, թե մենք այդպիսի ներուժ չունենք: Մենք ունե՞նք այդպիսի վճռականություն, հաստատակամություն, որ ի հեճուկս բոլոր հաշվարկների, ի հեճուկս ուժերի բոլոր հարաբերակցությունների, պաշտպանենք հայ ժողովրդի գոյության իրավունքը իր պատմական հայրենիքում, որն արդեն հարյուրամյակներ և հազարամյակներ ձեզ հայտնի ուժերը, նրանցից առաջ էլ այլ հայտնի ուժեր փորձել են վիճարկել:

Սիրելի՛ պատգամավորներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Սա վճռական և վճռորոշ պահ է, և մենք այսօր պետք է ամուր կանգնենք Արցախի թիկունքին, մենք այսօր պետք է ամուր կանգնենք մեր Զինված ուժերի թիկունքին և մենք պետք է այսօր ապացուցենք, որ ապրելու մեր իրավունքը պաշտպանելու բավարար կամք և վճռականություն ունենք, ընդ որում ես ուզում եմ ընդգծել կամքն ու վճռականությունը այստեղ ամենակարևորն են: Կամքը, վճռականությունն այստեղ ամենակարևորն են, և համայն հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախը պաշտպանելու համար: Համայն հայ ժողովուրդը պետք է համախմբվի մեր պատմությունը, մեր հայրենիքը, մեր ինքնությունը, մեր ապագան և մեր այսօրը պաշտպանելու համար: Եվ մենք կհաղթենք: Մենք պարտավոր ենք հաղթել, և դրա համար կա միայն ու միայն մի նախապայման, որ մենք ինքներս մեզ խոստանանք, որ ոչ մի միլիմետր չենք նահանջնի մեր պատմության, մեր ժողովրդի, մեր Արցախի, մեր ապագայի և մեր անցյալի, մեր ինքնության և մեր արժեքների պաշտպանության դիրքերից:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Հայոց Սփյուռքը,

Եվ կեցցե՛ փառապանծ Հայոց բանակը, որ պաշտպանելու է հայ ժողովրդի ապրելու, հաղթելու և զարգանալու իրավունքը:

Եվ մենք միասնական ենք: Եվ մենք պարտավոր ենք հաղթել: Եվ այսօր չկա զինվոր, չկա գեներալ, չկա պատգամավոր, չկա շարքային: Մենք բոլորս մեր ժողովրդի զինվորներն ենք:

Նույնիսկ տեղային կամ ոչ տեղային անհաջողությունները մեզ չպետք է ընկճեն: Մեզ չպետք է ընկճեն: Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք այս հողի, այս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը:

Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի: Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի: Հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա: Եվ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք և երբ  ծափահարում ենք այդ խոսքերի վրա, մենք ասում ենք մի բան՝  ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք՝  մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի:

Մենք պետք է հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք: Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան: Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան: Արցախը պետք է ապրի և Արցախը պետք է լինի ինքնորոշված, Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր և հպարտ, ինչպես այսօր է, ինչպես եղել է: Եվ ուրեմն այսօրվա մեր հավաքը, այսօրվա մեր նիստը  միասնության, վճռականության և հաղթանակի մասին է:

Պատրաստեք ձեզ հաղթանակի:

Պատրաստեք ձեզ նվիրումի:

Պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է: Եվ մենք միասնական ենք, քան երբևէ:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում:

Փառք Հայոց բանակին,

Փառք Հայոց զինվորին:

Շնորհակալ եմ: