Հայե՜ր, Ֆրանսիան կկատարի իր դերը. Մակրոնը քննադատել է Թուրքիային

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի հայտարարությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լատվիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն անվանել է անշրջահայաց և վտանգավոր:

«Ֆրանսիան նախկինի պես խիստ մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայի ռազմատենչ հաղորդագրություններով։ Դա մենք չենք ընդունում»,- նշել է Մակրոնը:

Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ կքննարկի չորեքշաբթի երեկոյան` ԵՄ առաջնորդներին իրավիճակի մասին զեկուցելուց առաջ:

Ֆրանսիայի նախագահը նաև հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին:

«Հայե՜ր, Ֆրանսիան կունենա իր դերակատարումը»,- ասել է Մակրոնը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից:

Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ