Թբիլիսին այն վայրն է, որտեղ կարելի է ղարաբաղյան հարցով բանակցություններ անցկացնել. Վրաստանի նախագահ

Aliq.ge-ն գրում է․

«Ուզում եմ կոչ անել մեր ընկեր և հարևան երկրների նախագահներին՝ հնարավորինս արագ երկխոսություն սկսել: Ուզում եմ դեէսկալացիայի և կրակի դադարեցման կոչ անել»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը: Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին Զուրաբիշվիլին ասել է, որ Թբիլիսին այն տեղն է, որտեղ հնարավոր է ցանկացած  բանակցություն անցկացվել կողմերի միջև:

«Ուզում եմ Մինսկի խմբին դիմել, համանախագահներին, նրանք ևս այս հակամարտության գործում հատուկ պատասխանատվություն ունեն,  մենք կարող ենք մեր երկիրը  բանակցությունների վայր դարձնել: Պատրաստ ենք այն  ամենին, ինչ կողմերը կցանկանան: Ուզում եմ նաև Եվրամիությանը դիմել:  Մենք` տարածաշրջանի բոլոր 3 երկրներս «Արևելյան գործընկերության» անդամ ենք: Եթե դա ինչ-որ բան նշանակում է, իսկ  ես համոզված եմ, որ  շատ բան է նշանակում, ուրեմն մեր այս տարածաշրջանում մեր կայունությունն ու խաղաղությունը ԵՄ-ի շահերից են, ու ԵՄ-ն պետք է իր  ուժերն օգտագործի` խաղաղության ու դեէսկալացիայի հասնելու նպատակով: Մեր քաղաքացիների համար խաղաղությունից ու կայունությունից թանկ բան չկա», -ասել է Զուրաբիշվիլին: