Հայտարարություն կլինի. Ավինյանը՝ իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու մասին

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու լուրերին, հայտնել է, որ հայտարարություն կլինի, պատեհ առիթի ժամանակ էլ այդ մասին ինքը կխոսի:Այս մասին տեղեկացնում է «Հայկական Ժամանակ»-ը: 

Հարցադրմանը՝ շշուկներ կան, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս մասնակցելու է, նրան հակառակորդ համարո՞ւմ է, Ավինյանը նշել է՝ քաղաքապետարանի հետ կապված ոչինչ չի ցանկանում մեկնաբանել, քանի դեռ որոշակի ֆորմալ գործընթացներ են ընթանում:

Նշենք, որ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի ավագանու նիստում Ավինյանն ընտրվելու է Երևանի փոխքաղաքապետ: Նկատենք, սակայն, որ այս պահի դրությամբ ավագանու նիստի օրակարգում այդ մասին ոչինչ տեղադրված չէ: