«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը
– Պարո՛ն Բադասյան, ինչո՞վ եք բացատրում, որ 40 օրվա ընթացքում խաղաղ պայմաններում 13 զոհ ունենք բանակում։ Ձեր կարծիքով՝ քրեական ենթամշակույթն ինչպե՞ս է դրսևորվում բանակում, որքանո՞վ են այդ միջադեպերը սաբոտաժի արտահայտություն, և ո՞ւմ են դրանք ձեռնտու։
– Ես այստեղ այդքան չէի կարևորի քրեական ենթամշակույթը։ Իմ մոտեցումն այլ է. շատ հնարավոր է՝ մենք պահանջում ենք մի բան, որն իրականությանը չի համապատասխանում։
Բանակում վերջին 1,5 տարվա ընթացքում տեղի է ունեցել 15 սպանություն կամ ինքնասպանություն՝ հանելուկային ու առեղծվածային պայմաններում։ Դա արդեն պատահականություն չէ, արդեն դառնում է օրինաչափություն, ինչը նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ բանակում։
Կարող է ծրագրված է, կարող է դիվերսանտ կա, կարող է դիվերսիա է, բայց ամեն դեպքում պետք է անհապաղ բանակում կատարել կառուցվածքային բարեփոխումներ։
Ես միշտ ասել եմ, որ միջանձնային հարաբերությունները ճշտող իրավապահ մարմինները կազմաքանդում են բանակը։ Պետք է այդ մարմինների թիվը հասցնել նվազագույնի, այսինքն՝ պետք է լինեն հրամանատարական հետաքննություն, զինդատախազություն և զինդատարան։
Չպետք է լինեն ռազմական ոստիկանություն, քրեական հետախուզություն, հակահետախուզություն։ Այսինքն՝ ամբողջովին զրոյացված է հրամանատարի դերը բանակում, սպայի դերը գրեթե ամբողջովին վերացված է։
Պետք է կտրուկ բարձրացնել սպայի դերը, իսկ դա անելու համար քայլեր են պետք։ Հիմնական պատճառը սա է։ Մենք միշտ պահանջում ենք սպայից, հրամանատարից, բայց նրա ձեռքին ոչինչ չկա։
– Իսկ քրեական ենթամշակույթը, երբ զինվորներն իրար մեջ հարաբերություններ են պարզում, այդ թվում՝ զենքով, որքանո՞վ է վնասում բանակին։
– Երբ սպայի դերը չկա, արդեն լինում են այդպիսի հարաբերություններ։ Սպան համարում է, որ չի կարելի շարքային զինվորին արձակուրդ տրամադրել, բայց ռազմական ոստիկանության մի աշխատակից դասավորում և նրան ուղարկում է արձակուրդ։
Արդեն լավ ծառայած զինվորին հրամանատարը չի կարողանում խրախուսել, նրա հետ մարտական ծառայություն տանել։ Պետք է ընդամենը ծածկադմփոց անի դա, որով արդարություն հաստատել չի ստացվում։ Ստացվում է մի այնպիսի իրավիճակ, որից էլ սկիզբ է առնում քրեական ենթամշակույթը՝ գողական, կիսագողական, լավ տղա, վատ տղա և այլն։
– Ի՞նչ պետք է անի իշխանությունը՝ կանխելու համար նման երևույթները, որքանո՞վ են սրանք սաբոտաժային, դիվերսիոն՝ նույն իշխանության դեմ։ Փաստորեն ներքին պատերազմ է գնում բանակում։
– Ես դա չեմ բացառում, բայց մի բան կա, որ եթե նույնիսկ այդպես է, ապա նոր իշխանությունները պարտավոր են հին մեթոդներից ձերբազատվել։ Որովհետև մեկ անձի համար ստեղծել են ռազմական ոստիկանություն և այդպես են տարել համակարգը, սակայն հիմա դա չկա։
Իհարկե բանակում վերացել է սպաներին և հրամանատարությանը ընտրական գործընթացներում ներքաշելու պրակտիկան, բայց պետք է վերանան նաև մյուս բոլոր արատավոր բաները։ Այսինքն՝ այդ քրեական ենթամշակույթը գալիս է հենց իմ նշած պատճառներից։ Դրանք պետք է վերացնել անհապաղ։
– Իսկ միայն սպայի դերը բարձրացնելով խնդիրները կլուծվե՞ն։
– Այո՛, շատ-շատ խնդիրներ կլուծվեն։ Միանշանակ, եթե սպան պետք է հրամայի զինվորին, և այդ իրավունքը սպայինն է, իհարկե, միայն նրա դերը պետք է լինի։ Իրավապահ մարմինների դերն այսօր շատ է, որոնք ուղղակի վխտում են զորամասերում՝ ռազմական ոստիկանությունը, քննչականը, քրեական հետախուզությունը, քրեական հակահետախուզությունը, գործակալական համակարգի մարդիկ, որոնք նույնիսկ հայտնի էլ չեն։
Սա ի՞նչ է նշանակում, մեղք չէ՞ բանակը։ Հետո մենք անընդհատ մեղադրում ենք սպային, բայց տեսեք՝ որևէ մեկը գնո՞ւմ է ռազմական ուսումնարան սովորելու և սպա դառնալու։
Չեն գնում, որովհետև սպաները 90 տոկոսով դատվում են։ Ի՞նչ է, այս ազգի բոլոր սպաները հանցագո՞րծ են։ Իհարկե ո՛չ։ Ընդ որում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին հերթին դատվում են ամենալավ, ամենագրագետ, ամենաաչքաբաց, բանիմաց սպաները։
Գնացեք հետաքննություն անցկացրեք դատված սպաների և չդատված սպաների հետ։ Ամենաօրինապաշտ ծառայող սպաները հիմնականում դատվում են։
Երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ իմ նշած բարքերը համահունչ էին հին համակարգին։ Եթե երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, բանակն էլ պետք է համահունչ լինի դրան, պետք է վերանայվեն հին համակարգերը։ Միշտ լինելու են այդ դեպքերը բանակում, մինչև այդ փոփոխությունները չարվեն հօգուտ ծառայության։
Մանե Հարությունյան
MediaLab.am