Հասարակական մակարդակում հայ-թուրքական հարաբերությունները հասել են նոր հանգրվանի

Հասարակական մակարդակում հայ-թուրքական հարաբերությունները հասել են նոր հանգրվանի
Հասարակական մակարդակում հայ-թուրքական հարաբերությունները հասել են նոր հանգրվանի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին  մասնակից այլ երկրների նախագահների հայտարարություններին Անկարայի կտրուկ արձագանքից հետո կա վտանգ, որ հայ-թուրքական հարաբերությունները պետական մակարդակով կարող են սրվել: Չնայած այդ հանգամանքին, հանրային մակարդակում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, դատելով նաև Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացված հիշատակի միջոցառումներից, հասել են նոր հանգրվանի: Այս մասին հայտարարեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Ապրիլի 30-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ և «Ա1+»-ի առցանց հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը Ցեղասպանության 100-րդ տերելիցին հաջորդող ժամանակաշրջանում»: Թեմայի շուրջ բանավիճեցին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը, թուրքագետ Լևոն Հովսեփյանը, «DVV ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Խառատյանը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնդրամի գործադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանը:

Ըստ Գևորգ Տեր-Գաբրիելյանի՝ դատելով Թուրքիայի կտրուկ արձագանքներից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, կա վտանգ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են սրվել: Մյուս կողմից, նշում է նա, կա նաև կարծիք, որ գուցե նոր բանակցություններ սկսվեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարագավորերլու համար՝ Թուրքիայում սպասվող ընտրություններից հետո:

Այնուամենայնիվ Տեր-Գաբրիելյանն այդ տաբերակը այնքան էլ հավանական չի համարում, քանի որ Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է անկառավարելի անձնավորություն: «Շատ հնարավոր է նա չգնա այդ քայլին», – նշեց բանախոսը: «Նա վերջերս նորից սպառնալիքներ հնչեցրեց Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ: Այս առումով կա նաև վտանգ, որ այդ հարաբերությունները կարող են սրվել, բայց հույս ունենանք, որ միջազգային հանրության ուշադրությունը խնդրի նկատմամբ փոքրացնում է այդ վտանգը», – ասաց բանախոսը:

Մինչդեռ հանրային մակարդակում, վստահեցնում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» տնօրենը, հարաբերությունները հասել են նոր հանգրվանի, դեռ ավելին՝ ահագնանալու են: «Հարաբերությունների առաջխաղացման համար ստեղծվել են նոր հնարավորություններ, անելիքիներ և գաղափարներ: Նոր հիմքեր են ստեղծվում ավելի խորքային քննարկումներ ծավալելու երկու հանրությունների միջև: Սա կարևոր հանգամանք է, քանի որ հանրային քննարկումները ազդում են կառավարական օղակների օրակարգերի վրա և ինչ-որ չափով նաև ձևավորում այդ օրակարգերը», – պարզաբանեց Տեր-Գաբրիելյանը, ում վաստահությունը հիմնվում է Թուքիայի քաղաքացիական հասարակության հետ շփումների փորձի վրա:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը, ով ապրիլի 24-ին եղել է Ստամբուլում, խոսեց Թուքիայի հասարակությունում ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի և ընկալման փոփոխման մասին: «Այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլում մեծ քանակությամբ հյուրեր էին եկել ոչ միայն սփյուռքից, այլև աննախադեպ էր տեղի թուրքական հասարակության մասնակցությունը: Ակցիաներին աջակցություն էին ցուցաբերում ազգությամբ թուրք և քուրդ մարդիկ: Վերջին ակցիայի ժամանակ Թաքսիմի հրապարակի մոտակայքում հավաքվել էին մոտ 5 հազար մարդ», – նշեց Արշամյանը:

Բանախոսի գնահատմամբ, Ստամբուլում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի ակցիաների ժամանակ պատշաճ աշխատանք տարավ նաև Թուրքիայի ոստիկանությունը միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման ուղղությամբ: «Պրովոկացիաներ գրեթե տեղի չունեցան», – նշեց նա:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանը կարևորեց 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը, քանի որ «դրանք հնարավորություն տվեցին մեզ՝ հայերիս, ավելի լայն խոհել»: «Այդ միջոցառումները կարևոր էին նաև Թուրքիայից Հայաստան ժամանած հյուրերի և փորձագետների համար: Հույս ունեմ, որ երբ նրանք վերադառնան իրեն հայրենիք կտանեն իրենց հետ ստացած տպավորությունները», – նշեց Մանասյանը՝ հավելելով, որ տեղեկատվության տարածումը շատ կարևոր է, քանի որ այն ավելացնում է Թուրքիայում այն մարդկանց քանակը, որքեր ճանաչում են ցեղասպանությունը և հորդորում սեփական կառավարությանը բացել հայ-թուրքական սահմանը:

«DVV ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Խառատյանը, անդրադառնալով հայաստանյան հասարակության մեջ փոփոխություններին, ընդգծեց, որ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և դրանց միջազգային արձագանքը «փոքրիկ երկրաշարժներ էին» հայաստանցիների համար: «Մարդկանց մոտ վերականգնվել է հպարտության և պահանջատիրության զգացումը: Նրանք դուրս էին եկել ողբի շրջանակներից: Կարծում եմ՝ դեռ բավականին ժամանակ է պետք, որպեսզի այդ երկու ամսվա միջոցառումների արձագանքը մարսվի հասարակությունում, և հենց դրանից կախված կլինի նաև (հայ-թուրքական) գործընթացում հետագա փոփոխությունները», – պարզաբանեց Խառատյանը:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է երկու գործոնով՝ թուրքական հասարակության վերափոխմամբ և թուրքական իշխանության վրա արտաքին ճնշումների ազդեցությամբ: Այս առումով նա կարևորում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Թուրքագետի կարծիքով կարևոր է, որպեսզի հենց Գերմանիան ճանաչի ցեղասպանությունը, քանի որ այն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիսացել է Թուքիայի գլխավոր դաշնակիցը: «Գերմանիան, հանդիսանալով Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակիցը, ցեղասպանության ճանաչմամբ Թուրքային կզրկի մանևրելու և ժխտողականության լծակներից», – հավելեց Հովսեփյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր

Photo  (Reuters / Yannis Behrakis)

http://www.youtube.com/watch?v=tey_NHJ50ZU