Արցախը լքած պետական պաշտոնյաները աշխատանքից կազատվեն և օրենքով նախատեսված պատժամիջոցների կենթարկվեն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին: