Հադրութի շրջանի բնակիչների նամակը դեսպանատներին

Վերջին ժամանակների հայտնի գործողությունների պատճառով մենք՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի բնակիչներս, հայտնվել ենք մի իրավիճակում, որը խիստ անհամատեղելի է 21-րդ դարի մարդու իրավունքների չափորոշիչներին։ Ուսումնասիրելով մեր հարյուրամյա պատմությունը՝ նկատում ենք, որ ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հատվածի ճակատագիրը պարբերաբար հայտնվում է ռուս-թուրքական հանցավոր անմարդկային հակադեմոկրատական քաղաքականության ճիրաններում։ Պարբերաբար ճնշվում է հայ ժողովրդի քաղաքակրթական զարգացման ցանկությունը, մորթվում է նրա մտավորական սերուցքը։ Օրինակներ շատ են, բայց ստորև մենք կներկայացնենք մի քանիսը՝

  1. 1920թ․ Բաքվի ջարդերը
  2. 1920թ․ Շուշիի ջարդերը
  3. 1920թ․ Հայաստանին պարտադրված խորհրդայնացումից հետո սկսված զանգվածային աքսորն ու սպանությունները, որի հիմնական պատճառը թուրք-թաթարական ելուզակների ցեղասպան գործողություններից սեփական ընտանիքները պաշտպանելն էր։
  4. 1930-1950թթ․ ստալինյան ջարդերը և զանգվածային աքսորը Ալթայի երկրամաս, որը նույնպես հայրենազրկում և ցեղասպանություն էր։

1988թ․ ԼՂԻՄ-ում Ադրբեջանի հայաջինջ քաղաքականության դեմ սկսվեց ազգային-ազատագրական պայքար, որին նախորդել էին ջարդեր և էթնիկ զտումներ հայաբնակ Չարդախլուում։ 1988թ․ սկսված, իր էությամբ խիստ դեմոկրատական ազգային-ազատագրական  պայքարին խորհրդային Ադրբեջանի կողմից դարձյալ հակադրվեցին կոշտ ցեղասպան գործողություններ հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Գանձակում, և այս ամենը՝  խորհրդային Ռուսաստանի հովանավորությամբ և գործուն մասնակցությամբ, ինչի ապացույցն էր «Կոլցո» օպերացիան։ Սա էլ դրդեց հայ ժողովրդին զենք վերցնել իր ազգային արժանապատվությունը և իր անվտանգությունը ապահովելու համար։ Ազգային ազատագրական շարժման արդյունքում հաջողվեց ստեղծել Արցախի ազատ անկախ Հանրապետությունը, որտեղ ժողովուրդը լծվեց խաղաղ ստեղծարար աշխատանքի՝ քայլ առ քայլ կառուցելով դեմոկրատական քաղաքացիական հասարակություն և դեմոկրատական պետական ինստիտուտներ։

Արցախի ժողովրդի ազատագրական պայքարը և ինքնորոշման իրավունքի հիման վրա սեփական պետությունը կերտելու ձգտումը սվիններով ընդունեցին թե՛ թուրք, թե՛ ռուս բռնապետական ռեժիմների գաղափարախոսները և նրանք չներեցին ազատասեր ժողովրդին։

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը սանձազերծվեց ռուս-թուրքական ռեժիմների համագործակցության արդյուքնում՝ ընդգրկելով հետադեմ ուժերին՝ Արդբեջան, Պակիստան, Սիրիայի ահաբեկիչներ, ջիհադիստ-վարձկաններ։ Համագործակցելով Հայաստանում ռուսական հինգերորդ շարասյան հետ, հանկարծակիի բերելով Արցախի պաշտպանության բանակին՝ քաղաքական կեղտոտ առևտրի արդյունքում ստորագրվեց Նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ հայտարարությունը, ինչի արդյուքում մենք՝ Հադրութի շրջանի բնակիչներս, զրկվեցինք մեր հայրենիքից և մեր հայրենիքում ապրելու և արարելու մարդկային պարզ իրավուքներից։ Ստեղծված իրավիճակում մի տարածաշրջանում, որտեղ հարյուր տարուց ավելի մոլեգնում է ռուս-թուրքական բռնատիրական քաղաքականությունը, մեզ համար անհնարին է ապրել և ունենալ թեկուզև չնչին մարդկային իրավունքներ, որոնք պետք են մեր սերունդների ապագայի համար։

Վերջին 30 տարում մեր ազատասիրության և մարդկային հասարակ իրավունքներ ունենալու ցանկության համար ռուս-թուրքական ալյանսի կողմից մեզ պարտադրվել է երեք դաժան պատերազմ իր բոլոր ետպատերազմյան հետևանքներով։

Այս ամենը մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք և մեր զավակները ռուս-թուրքական բռնակալության ազդեցության ոլորտում չենք կարող կառուցել ապագա և հույս չունենալով, որը Արցախի Հանրապետությունը կարող է ապահովել մեր քաղաքակիրթ զարգացումը մեր իսկ հայրենիքում, ստիպված ենք դիմել աշխարհի և Եվրոպայի պետություններին մեզ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանով։

Հուսով ենք, որ մեր այս ծայրահեղ ճիչ-խնդրանքը չի մերժվի և մեզ հնարավորություն կտրվի նաև պահպանել մեր ազգային ինքնությունը, ինչն անհնար է տարածաշրջանի գերտերությունների՝ առնվազն 200 տարի տևող արտագաղթի նպաստման ագրեսիվ ասիմիլացիոն քաղաքականության պատճառով։

Հադրութի շրջանի բնակիչներ