Ռուսաստանյան խաղաղապահները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում ԼՂ-ում

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Տագնապի ժամանակ գործողությունների մշակման ընթացքում խաղաղապահ առաքելության անդամները վարժանքներ են իրականացրել կրակային դիրքերը զբաղեցնելու, ինչպես նաև երթևեկությունը կանգնեցնելու նպատակով` մայրուղիները փակելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։