Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն

Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված, ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն:

Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է:

Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։