ԱԳ նախարարները հեռախոսով մտքեր են փոխանակել հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի  հետ: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, երկուստեք գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատել երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։

Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։