Բաքվում շարունակվում է շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրգործով դատավարությունը․ Factor.am

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրեական գործի դատավարությունը, որոնց ադրբեջանական կողմը մեղադրում է ահաբեկչական, դիվերսիոն գործողությունների կատարման ու այլ հանցանքների մեջ։ Նիստն ընթանում է դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ, գրում է Factor.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայ գերիները ցուցմունք են տալիս։

Հայ ռազմագերիներն են՝ Հրաչյա Ավագյանը, Գեղամ Սերոբյանը, Արմեն Բագասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Էդգար Մաթեսյանը, Յուրի Կարապետյանը։

Նշենք, որ 14 գերիների շինծու քրգործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 16-ին, երկրորդը՝ հունիսի 25-ին։ Վերջին նիստում դատավոր Հաջիևը հայտարարել էր, որ եթե նրանց առաջադրված մեղադրանքը հաստատվի, ապա հայ ռազմագերիները կարող են դատապարտվել 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման։

Հավելենք, որ 13 շիրակցի գերիների մի խմբի դատավարությունն էլ տեղի էր ունեցել հունիսի 21-ին, ևս 13-ինը՝ հունիսի 22-ին։ Հավելենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են,մյուսների նկատմամբ Բաքուն կեղծ քրեական գործեր է հարուցել։