Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության․ Լաքոթ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Այդ մասին «Ազատությանը» ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Անդրադառնալով հարցին, որ Բաքվում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները օրերս՝ հուլիսի 9-10-ը հրաժարվեցին այցելել Շուշի, դեսպանը նշել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

«Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։

Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Լաքոթը։