«Գյումրեցին  սիրտ ու հավես չի ունեցել թատրոն ու թանգարան այցելելու, բայց էսօր, կարծում եմ՝ ամեն ինչ ավելի դրական լույսերի մեջ է տեսնում»․ Լյուդվիգ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը

– Ավերիչ երկրաշարժից այսքան տարի անց Գյումրիում մարդկանց տրամադրությունների ինչպիսի փոփոխություններ են եղել, որքանով է քաղաքը սկսել շնչել՝ հատկապես վերջին 1,5 տարվա ընթացքում:

– Ես ինքս ականատես եմ եղել երկրաշարժին, և այս 31 տարիների ընթացքում գյումրեցին կարողացել է դժվարությունները պատվով տանել: Մի խոսք կար, ասում էին՝ գյումրեցու և քաղաքի մեջքը կոտրվել է, հիմա ես անչափ ուրախ եմ, որ դա արդեն անցյալում է: Հատկապես վերջին 2 տարիների ընթացքում ես շատ լավ զգում եմ, որ քաղաքը նորից արթնացել է, նորից շնչում է: Ես դա տեսնում եմ մարդկանց աչքերում, ես դա զգում եմ թատրոնի այցելուների մոտ, զգում եմ, որ ավելի շատ են այցելում, զբոսաշրջիկներ են գալիս, գյումրեցին սկսել է ժպտալ: 

Գյումրեցին մի հատկություն ունի, որ կարողանում է դժվարությունը հպարտությամբ տանել: Իհարկե, վիշտը մնում է, այն ամբողջ կյանքում կուղեկցի մեզ, բայց կարևոր է քայլել ու առաջ ընթանալ: 

Ուրախ եմ, որ քաղաքի ու ժողովրդի միտքը արթուն է, գյումրեցին կարողանում է հպարտ մնալ: Մեր քաղաքը բնավորություն ունի, և եթե այն դիտենք որպես մարդ, ապա նա հպարտ և ուժեղ մարդ է, որը կարողանում է յուրաքանչյուր դժվարություն տանել: 

Հատկապես այս տարի մենք զգացինք, որ մեր քաղաքը մի նոր կյանքով է ապրում, քաղաքը միշտ լեցուն է հյուրերով, միշտ զբոսաշրջիկներ կան, որոնց հետաքրքիր է Գյումրին: Քաղաքն ունի կոլորիտ, միտք, ինչը հետաքրքրում է բազմաթիվ մարդկանց թե՛ Հայաստանում, թե՛ դրսում: 

Այս զարթոնքը նկատելի է բոլոր բնագավառներում: Այսօր Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդները դեկտեմբերի 7-ի կապակցությամբ Սանկտ Պետերբուրգում խաղում են ներկայացում: Մինչ այդ էլ կազմակերպել ենք «Վերածնվող Գյումրի» լուսանկարչական ցուցահանդես:

Այս զարթոնքը միայն թատրոնին չի վերաբերում, ես կարող եմ յուրաքանչյուր բնագավառի համար դա ասել, որ մարդիկ աշխատում են: Ես համոզված եմ, որ սրանից լավ էլ է լինելու: 

Այսօր քաղաքը նաև կառուցվում է, և շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք ուշադրություն են դարձնում Գյումրիին և հավատում են, որ այն պետք է էս երկրին, որովհետև Գյումրին բնավորություն ունեցող, տեսակ ունեցող քաղաք է: 

– Երկրաշարժից այսքան տարի անց դեռ կան տնակներում ապրողներ: Տեսակետ կա, որ սա մեր պետության ամոթն է, որ չենք կարողացել խնդիրը լուծել: Նոր իշխանության օրոք դուք հավատո՞ւմ եք, որ ունենալու ենք առանց տնակների Գյումրի:

– Իհարկե, պարտադիր այդպես է լինելու: Ես լավատես եմ և հավատում եմ, որ այդպես է լինելու: Իհարկե, դա մեր ցավն ու խնդիրն է, որ դեռ ունենք անօթևաններ, որ կան մարդիկ, որոնք ապրում են տնակներում, բայց ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում պետությունը, մեր քաղաքային իշխանությունը, ժողովուրդը կհասնեն նրան, որ բոլորը դուրս կգան տնակներից:

Այս տարի Գյումրիում այնքան կարևոր իրադարձություններ եղան, այդ թվում փողոցների հիմնանորոգումը, և հերթը հասնելու է նաև տնակներում մնացածներին: Ամենակարևորը՝ որ այդ մարդիկ չկոտրվեն ու հավատան: Ես ինքս հավատում եմ և վստահ եմ, որ նրանք դուրս են գալու դոմիկներից:

– Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել, ըստ որոնց 2017-2018 թվականներին Շիրակը համարվում է ամենաաղքատ մարզը: Կարծում եք՝ 2019-ին բեկումնային փոփոխությո՞ւն է եղել այս առումով, և 2020 թվականին բոլորովին այլ պատկե՞ր ենք ունենալու: 

– Ես համոզված եմ, որ այդ փոփոխությունը եղել է: Իհարկե, չեմ կարող ժխտել, որ 2017-2018 թվականներին ամենածանր պայմաններում ապրող մարզն է եղել Շիրակը: Հիմնականում աշխատուժը դրսում էր, մարդիկ արտագնա աշխատանքի էին մեկնել, բայց 2019 թվականին վիճակն այլ է:

Ես ամեն ինչին նայում են մշակույթի տեսանկյունից: Մշակույթի ոլորտում ես զգում եմ այդ աճը, այդ փոփոխությունը, հանդիսատեսի թատրոն հաճախելիությունն աճել է: Մեր թատրոնը ամսական խաղում է 19 ներկայացում: 

Եթե գյումրեցին կարողանում է գալ թատրոն, գնալ թանգարան, դա ակնհայտ զգացվում է: 

Համոզված եմ, որ այս առումով հաջորդ տարի վիճակն ավելի լավ է լինելու: Իհարկե, աճը 100 տոկոսով չէ, ես շատ լավ գիտեմ, որ մենք ունենք սոցիալապես անապահով խավ, և ես կուզենամ, որ տարեցտարի այդ մարդկանց թիվը քչանա: Աստված տա, որ գա մի օր, որ ընդհանրապես չունենանք սոցիալական խնդիր: 

– Թատրոն հաճախելիության աճը խոսում է այն մասին, որ մարդկանց մոտ տրամադրության փոփոխությո՞ւն կա:

– Թատրոնը նոր չէ, որ լավ ներկայացումներ է բեմադրում, միշտ էլ լավ ներկայացումներ են եղել, խնդիրը ժողովրդի մեջ է եղել: 

Գյումրեցին տրամադրություն, սիրտ ու հավես չի ունեցել թատրոն ու թանգարան այցելելու, բայց էսօր ժողովուրդը, կարծում եմ՝ ամեն ինչ ավելի դրական լույսերի մեջ է տեսնում: Մարդկանց մեջ արթնացել է հավատի շունչը, քաղաքի գույներն են շատացել:

Մի ժամանակ սևը շատ էր քաղաքում, մռայլ էր քաղաքը, իսկ այսօր գույն է մտել քաղաքի մեջ: Ես ուրախ եմ, որ այսօր սևի կողքին տարբեր գույներ կան, այդ թվում՝ սպիտակ: 

Այդ սպիտակը մարդկանց հոգեբանության մեջ է մտել: Նրանք արդեն հավատում են, որ և՛ պետք է զբաղվեն սպորտով, և՛ մշակույթով, և՛ երգով: Այդ նույն թատրոնները, նույն թանգարանները միշտ էլ եղել են, բայց մարդկանց լիարժեք կյանքով ապրելու ձգտումն է ավելացել: 

Ես ուրախանում եմ, որ այսօր փողոցով քայլում եմ ու տեսնում, որ մարդիկ ժպտում են: Կարևոր է, որ մարդուն չխաբեն, մարդը հավատա, խիղճը մաքուր ու հանգիստ լինի, որ մարդիկ հասկանան, որ երկրի ղեկավարությունը հոգ է տանում իրենց մասին:

Երբ այդ զգացումը կա, մարդն ինքն էլ ուժ է հավաքում և սկսում է ինքն էլ իր հերթին օգնել պետությանը՝ աշխատելով և ամուր մնալով: 

Մանե Հարությունյան

MediaLab.am