Գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կրկին վերաբացվել է:
Փոխանցում է «Առավոտ»-ը՝ նշելով, սակայն, թե գործարարը կայքի հետ զրույցում դժվարացել էր ասել՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ՀՀԿ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՞ն է առնչվում, թե՞ այլ պատգամավորի:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ այսօր կաշառքի գործ կա, որն արդեն 100 %-ով ապացուցված է, սպասում են պաշտոնական մեկ փաստաթղթնի, որպեսզի նրան կալանավորեն, ինչը կլինի երրորդ հանրապետության պատմության մեջ բացահայտված ամենախոշոր կաշառքի դեպքը:
Համբարձումյանը կայքին ասել է, որ ինքը մի քանի տարի է ահազանգում է, որ հանքերի շահագործման արտոնագիր ստանալու համար Արամ Հարությունյանին 14 միլիոն դոլար կաշառք է տվել՝ հենց Հարությունյանի պահանջով, սակայն նախորդ իշխանությունների օրոք, տիկին Համբարձումյանի խոսքով, Բաղրամյան 26-ի ցուցումով գործը փակվել է:
Համբարձումյանն ասել է, թե նախքան իշխանափոխությունը Արամ Հարությունյանի հետ իրավապահ մարմիններն առերեսել են, սակայն Հարությունյանը պնդել է, որ Սիլվա Համբարձումյանին ընդհանարապես չի ճանաչում եւ որ մամուլից է նրա մասին լսել: Մինչդեռ Համբարձումյանի խոսքով, երկար տարիներ հենց Արամ Հարությունյանից է Տիգրան մեծի 4 հասցեում իր գրասենյակի տարածքը վարձակալել: Բացի այդ նրա՝ մարզպետ եղած ժամանակ հանդիպել են:
«Այդ մասին վկայող փաստեր էլ կան»,-ասել է Սիլվա Համբարձումյանը: Նա իր ցուցմունքում նշել է, որ 8 միլիոն դոլարը փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվին: Համբարձումյանի խոսքով, ինքը չի ճանաչում Դիլանյանին, վերջինիս անունով հաշվեհամարը Դուբայում տվել է Արամ Հարությունյանը: Մնացած 6 միլիոն դոլարն էլ, ըստ Համբարձումյանի, կանխիկ է փոխանցել Արամ Հարությունյանին՝ նրա աշխատակից Սուրեն Ավագյանի միջոցով:
Aravot.am-ը փորձել է կապ հաստատել նաեւ Արամ Հարությանյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի խոսքն իրեն է վերաբերում, սակայն Հարությունյանը կայքի հեռախոսազանգերին չի պատասխանել: