Ռուսաստանի ԶՈՒ թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՌԴ ՊՆ-ն ապատեղեկացնում է․ FIP.am

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրենց թիրախում բացառապես Ուկրաինայի ռազմական օբյեկտներն են և քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։

«Ռուսաստանի զինված ուժերը հրետանային կամ օդային որևէ հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ Ռազմական ենթակառուցվածքները խոցվում են բարձր ճշգրտության զինատեսակներով։ Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում»,- հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Այս պնդումը երեկվանից ակտիվորեն շրջանառում են ռուսական գրեթե բոլոր պաշտոնական մեդիա ռեսուրսները՝ ընդ որում, որպես հակադրում նշելով, թե Ուկրաինան հրթիռակոծում է Դոնեցկի և Լուգանսկի քաղաքացիական բնակչությանը։

Սակայն ի հեճուկս Ռուսաստանի այս պնդման՝ համացանցում տարածվող տեսանյութերի և լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ռուսական զինուժը թիրախավորում է նաև քաղաքացիական խաղաղ բնակչությանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց տեսանյութերից մեկը և արձանագրեց, որ այն արվել է Կիևի հարավային թաղամասերից մեկում։

Տեսանյութում ակնհայտ երևում է, որ բնակելի շենքը ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով նույնիսկ սկսվել է հրդեհ։ Նույն տեսանյութում, արդեն առավոտյան կադրերում ավելի ակնհայտ է երևում, որ խոցված «օբյեկտի» ոչ թե ռազմական ենթակառուցվածք է, այլ բնակելի շենք։

Համացանցում հասանելի լուսանկարներից որոշների միջոցով հնարավոր եղավ պարզել տարածքի մի քանի դետալներ, որոնք հնարավորություն տվեցին ճշգրիտ տեղորոշել այն հատվածը, որը հրթիռակոծվել էր ռուսական զինուժի կողմից։

Շենքը գտնվում է Կիևի հարավային մասում, Ալեքսանդր Կոշիցի փողոցի վրա, որի շրջակայքում կան զբոսայգի, հանրային և մասնավոր մի շարք հիմնարկներ, ուսումնական հաստատություններ, սակայն չկա ռազմական նշանակության որևէ օբյեկտ։

Google Earth ծրագրում այս շենքի մոտ  2019 թվականին արված լուսանկարներում երևում է, որ սա բազմաբնակարան բնակելի շենք է, որի ներսում գործում են քաղաքացիական բնույթի ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ընկերություններ (փաստաբանական, նոտարական գրասենյակներ, անշարժ գույքի գործակալություն, ապահովագրական ընկերություն և այլն)։

Լուսանկարը՝ Google Earth-ից
Լուսանկարը՝ Google Earth-ից

Այսպիսով, ի հակառակ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունների, թե ռուսական զինուժը թիրախավորում է բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, պատերազմի առաջին իսկ օրից թիրախում է հայտնվել նաև քաղաքացիական բնակչությունը։

Փաստերի ստուգման հարթակ