Ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում, 68-ը վերաբերել են կոռուպցիոն բնույթի դեպքերին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեղեկացնեմ, որ 2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։

Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում (2020թ.՝ 140): Դրանցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն:

59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է:47 ազդարարում ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ դրանցում ներկայացված տվյալենրը, հանգամանքներն ստուգելու համար:Արդյունքում 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:

2020թ. ազդարարման վարույթով 1 քրեական գործ էր հարուցվել: Այս տվալները փաստում են, որ առկա է հանցագործությունների վերաբերյալ տվյալների արժանահավատության, փաստարկվածության, կոնկրետության տեսանկյունից արվող ազդարարումների որակական բարելավման միտում»: