Քննչական կոմիտեի պարզաբանումը Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքով

Ի պատասխան քաղաքացիներ Շ.Ալիյանի և Թ.Սայդոյանի կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված բաց նամակին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի  տներից մեկը, կապել տան բնակիչներ, տարեց ամուսիններ Շ.Ալիյանին և Թ.Սադայանին և դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝  պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ և ոսկյա զարդեր՝ ամուսինների վրա հարձակում գործած անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում կազմվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի սուբյեկտիվ պատկերը, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նշված անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում տուժողներ Շիրին Ալիյանն և Թառլան Սայդոյանը դեպքի հանգամանքերի վերաբերյալ բազմաթիվ դիմումներ են ներկայացրել, որոնք նախաքննական մարմնի կողմից քննարկվել և ստուգվել են: Ապահովվել է քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

Մասնավորապես՝ քննության ընթացքում ստուգվել է տուժողների կողմից դիմումներում նշված անձի՝ հնարավոր մասնակցությունը կատարված հանցագործությանը, ինչպես նաև՝ նրա կողմից ներկայացված այլուրեքությունը. վերջինիս հեռախոսահամարների վերծանումներով պարզվել է, որ հիշյալ անձի կողմից օգտագործված հեռախոսահամարները դեպքի կատարման ժամանակահատվածում սպասարկվել են Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի տարածքում գտնվող բջջային ալեհավաքների սպասարկման գոտում, որը հիմնավորվել է նաև հարցաքննված վկաների ցուցմուքներով: Հանցագործությանը նրա մասնակցության վերաբերյալ բավարար տվյալներ ձեռք չեն բերվել:

2015թ. դեկտեմբերի 10-ին նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն՝ նախաքննության ընթացքում դեպքի վայրի հարակից տարածքի մի շարք հասցեներից առգրավված տեսախցիկների տեսագրություններն առանձին կադրերով առանձնացնելու և տեսապատկերների նույնականացման հարցը պարզելու նպատակով:

2016թ. փետրվարի 17-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ տեսաֆայլերից ստացված տեսապատկերները պիտանի չեն ավտոմատացված եղանակով դիմանկարային և այլ նույնականացումների համար:

2016թ. ապրիլի 20-ին նշանակվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն: Միաժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ հիշյալ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնել տուժողներ Շիրին Ալիյանին, Թառլան Սայդոյանին և վերջիններիս ներկայացուցիչ Քրիստինա Բեյբությանին:

2017թ. հունվարի 24-ին ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ ներկայացված տեսագրությունների մեջ՝ տեսախցիկի տեսադաշտում երևացող անձանց (այդ թվում նաև՝ տեսագրություններում հայտնվող երեք անձանց) պատկերները պիտանի չեն դիմանկարային նույնացում կատարելու համար՝ բավարար փորձագիտական չափորոշիչների բացակայության պատճառով: 

2017թ. մայիսի 31-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնել` որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձը պարզված չլինելու հիմքով:

Հանցագործության բացահայտման ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները (այդ թվում՝ տուժողներ Շիրին Ալիյանին, Թառլան Սայդոյանին ներկայացված փաստարկների ստուգման ուղղությամբ) շարունակվում են:

Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու բազմաթիվ հանձնարարություններ:

ՀՀ Քննչական կոմիտե