«Փաշինյանի կողմից Թուրքիայի մասին շեշտադրելը շատ կարևոր է, քանի որ Տավուշում Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ սկսեց գործողությունները». Ստեփան Գրիգորյան

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի վերջին սադրանքներից հետո շատ կարևոր են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները, որոնք հնչեցին Կառավարության նիստում։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Ակնհայտ է, որ Կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պետք է ներկայացներ իր նախապատվությունները Արցախի հարցում, ի՞նչ ենք մենք տեսնում այս սադրանքներից հետո։ Եվ այդ 7 կետանոց մոտեցումը շատ կարևոր է, քանի որ և՛ միջազգային հանրությունն էր սպասում կոնֆլիկտի կողմերի դիրքորոշումներին ու գնահատականին այդ սադրանանքներից հետո, և՛ Մինսկի խումբը, և՛ նաև ամբողջ աշխարհը ցնցված էր այդ մակարդակով համակարտության զարգացմամբ այդ ուղղությամբ»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանի դեպքերին՝ նշելով, որ մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք և դրանք արտահայտվում են հետևյալում.

Առաջին. Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան՝ նոր բովանդակության հաղորդելը:

«Երկրորդ. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Երրորդ. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Չորրորդ. բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են, և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման:

Հինգերորդ. վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները: Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ, մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ: 

Վեցերորդ. հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը։

Յոթերորդ. հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճառականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»,- հայկական կողմի դիրքորոշումը ներկայացրել էր Փաշինյանը:

Ստեփան Գրիգորյանն ասում է, որ վարչապետի առաջին ուղերձը շատ կարևոր է։

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է Արցախի հետ համատեղ ուժեղացնենք մեր անվտանգության համակարգը։ Սա կարևոր է, որպեսզի դու կարողանաս զսպել ագրեսորի ախորժակը։ Դա շատ կարևոր է, որ ոչ թե մենք սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզ աջակցի, այլ պետք է մենք ուժեղացնենք մեր անվտանգությունը։ Երկրորդը հայտնի այն թեզն է, որ Արցախը պետք է անպայման դառնա այդ բանակցային պրոցեսի կողմ»,- ասում է նա։

Քաղաքագետի խոսքով՝ երրորդ կետը կարևորներից է՝ Ադրբեջանը պետք է հրապարակային հրաժարվի ուժի կիրառման այդ նկրտումներից։ 

«Ինչո՞ւ։ Եթե չի հրաժարվում, ուրեմն անիմաստ է դառնում բանակցային գործընթացը»,- պարզաբանում է նա։

Մյուս խնդիրը՝ տարբեր երկրներ Ադրբեջանին վաճառում են շատ վտանգավոր զենքեր, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Եվ Հայաստանն այս պայմաններում միջազգային հանրության ուշադրությունն է սևեռում այն հարցին, որ այն երկրները, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, պետք է հրաժարվեն այդ մտադրությունից, քանի որ Ադրբեջանը դա օգտագործում է խաղաղ բնակիչների դեմ։ 

«Մոնիթորինգի մասով ևս լիովին կիսում եմ վարչապետի կարծիքը. առաջարկվում է Կասպրշիկի հայտնի մոնիթորինգն ուժեղացնել ու ընդլայնել և նաև տարածել հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մոնիթորինգն արվում էր միայն շփման գծում՝ Արցախ-Ադրբեջան։ Հիմա Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ընդլայնել դա»,- նշում է նա։ 

Ըստ Գրիգորյանի՝ նման առաջարկ մասամբ եղել է ապրիլյան պատերազմից հետո՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո, երբ կողմերը գրեթե համաձայնեցին ուժեղացնել Կասպրշիկի դիտորդական առաքելության ֆունկցիան։

Այս ուղերձից բխում է, որ Հայաստանը, Ստեփան Գրիգորյանի խոսքով, նորից պատրաստ է բանակցել ու աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Ըստ քաղաքագետի՝ կարևոր է նաև վարչապետի այն հայտարարությունը, թե՝ «Մենք վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»։

«Թուրքիայի մասին այդ հատվածը շեշտադրելը շատ կարևոր է, քանի որ այս անգամ Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ սկսեց այդ գործողությունները»,- հավելում է նա։

Անդրադառնալով հարցին, թե հայկական կողմի այս պայմանները կարո՞ղ են ստեղծված իրավիճակում կյանքի կոչվել, Ստեփան Գրիգորյանն ասում է՝ Ադրբեջանը չի համաձայնի այդ պայմաններին։

«Բայց քանի որ այդ յոթ քայլերը շատ տրամաբանական են, միջազգային հանրության կողմից շատ տրամաբանական կհամարվեն։ Մեզ համար հիմա այդքան էլ կարևոր չէ, թե ինչ արձագանք կտա Ադրբեջանը։ Այս վերջին պատերազմական գործողություններից մենք պետք է անպայման շատ ակտիվ աշխատենք միջազգային հանրությանը մեր կողմ քաշելու ուղղությամբ, քանի որ Ադրբեջանը սարսափելի երկու սխալ թույլ տվեց»,- ասում է քաղաքագետը։

Առաջին սխալն այն էր, որ պաշտպանության նախարարության մակարդակով սպառնում էին հարվածել մեր ատոմակայանին, երկրորդը՝ Բաքվում տեղի ունեցած ակցիայի ժամանակ «մահ հայերին» կոչեր էին հնչում։ Այս երկու սխալները Ադրբեջանի համար ճակատագրական սխալներ են՝ ասում է Գրիգորյանը։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ մեր դիվանագիտությունը շատ ակտիվ պետք է աշխատի այդ ուղղությամբ, քանի որ դա շատ է թուլացնում Ադրբեջանի դիրքերը։ 

«Ավելին, ես տվյալներ ունեմ, որ նույնիսկ պրոադրբեջանական շրջանակներում, օրինակ՝ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում, շատերը հետ են կանգնում Ադրբեջանին աջակցելուց։

Մի բան է նավթադոլարներ վերցնելը, այլ հարց է ահաբեկչական երկրի հետ աշխատելը։ Ոչ մի քաղաքական գործիչ փողի համար դրան չի գնա, քանի որ Ադրբեջանի այդ երկու հայտարարությունները բնորոշ են ահաբեկչական պետություններին»,- ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am