Հայկ Ալումյանի մանիպուլյատիվ պնդումները Մարտի 1-ին բանակի ներգրավման և գործի մյուս մանրամասների վերաբերյալ․Fip.am

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը մի քանի վիճահարույց հայտարարություններով է հանդես եկել։ Ալումյանը ասուլիսի ընթացքում, մասնավորապես, պնդել է, որ Զինված ուժերը կարող էին մասնակցել Մարտի 1-ի իրադարձություններին.

«Միֆերից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ, զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմված է այս միֆի վրա։ Իրականում մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրները լուծելու համար, երբ առկա են ներպետական անկարգություններ»,- հայտարարել է Ալումյանը։

Fip.am-ը բազմիցս անդրադարձել է Զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններում ներգրավելու հակաօրինականության մասին և հիմնավորել, որ ԶՈՒ օգտագործումով խախտվել են սահմանադրության դրույթները։ 

Այսպես, 2005 թվականի Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշվում է, որ «իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը փաստացի իրականացրել է Զինված ուժերի հակասահմանադրական կառավարում՝ ԶՈՒ-ն ներքաշելով ներքաղաքական իրադարձություններում և այն դուրս բերելով խաղաղ ցուցարարների դեմ։ Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը Զինված ուժերի այդ կառավարմամբ խախտել է Սահմանադրության անփոփոխ՝ 2-րդ հոդվածը և իրականացրել Զինված ուժերի կառավարման յուրացում։ Այդպիսով՝ կատարել է Սահմանադրությամբ ամրագրված հանցագործություն։

Հավելենք նաև, որ Հատուկ քննչական ծառայությունը 2018 թ. հուլիսի 3-ին տարածած հաղորդագրությունում  բացատրում է, թե ինչ գործընթացով է ԶՈՒ-ն խառնվել քաղաքական իրադարձություններին։ Ըստ դրա. «․․․ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով․․․»:

Հայկ Ալումյանը մեջբերում է 2008-ի Սահմանադրությամբ գործող 8.2 հոդվածը, որը վերաբերում է Զինված ուժերին։ Հատկանշական է, սակայն, որ նա պրեզենտացիայի միջոցով  ներկայացնում է միայն հոդվածի առաջին մասը՝ «ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը»։Ալումյանը այս կերպ ուզում է ցույց տալ, որ Զինված ուժերը կատարել են իրենց առջև օրենքով դրված պարտավորությունները՝ ապահովվել ՀՀ անվտանգությունը և այլն։ Սակայն  Քոչարյանի փաստաբանը չի նշում դրույթի երկրորդ մասը՝ «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո» 

 Հայկ Ալումյանը անդրադառնում է նաև Արցախից զինված ուժերի ներգրավմանը։

«Բացի ՀՀ զինված ուժերից, այդ իրադարձությանը որևէ այլ զինվորական չի մասնակցել և Երևան քաղաքի որևէ հատվածում ներգրավված չի եղել»,- հայտարարում է Ալումյանը՝ հավելելով, որ դռնփակ դատական նիստի ընթացքում իրենց թիմը կարողացել է ապացուցել այս պնդումը, և դատախազությունն ընդունել է դա, սակայն հավելյալ հիմնավորումներ ներկայացնել չի կարող։

Թեև այս պահի դրությամբ ապացուցված չէ, թե ովքեր են 2008 թ. մարտի 1-ին կրակել ցուցարարների ուղղությամբ, և արդյո՞ք Ղարաբաղից բերված զինված ուժերը մասնակցություն են ունեցել Մարտի 1-ի գործողություններին, թե ոչ, սակայն Datalexտեղեկատվական համակարգում տեղադրված գործի մանրամասներում կան տեղեկություններ Արցախից զինված ուժերի ներգրավման մասին։

Ըստ գործի, «2008 թ. մարտին Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ։ Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը ՊՆ կենտրոնական հավաքակայանում։ Երևան քաղաքում տեղակայվելուց հետո Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը»։

Բացի այդ, Երևանի «Հրազդան» հյուրանոցում են տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ։

Նշենք, որ վերջերս մեծ աղմուկ հանեց BBC ռուսական ծառայության կողմից հրապարակված հետաքննությունը, որում նշվում է, որ ըստ իրենց ձեռքի տակ հայտնված քննչական փաստաթղթերի, քննիչները կարծում են, որ ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան անվտանգության ուժերը՝ հրամանատար գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ։

Քննչական փաստաթղթերում նշվում է, որ Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ մեկ մարտական հաշվարկով։

Ալումյանը  նաև հարց է բարձրացնում, որ եթե Մարտի 1- ի իրադարձությունների ժամանակ ցուցարարները զինված չեն եղել, ապա որտեղից 32 վիրավոր ցուցարար՝ 187 վիրավոր ոստիկանի հարաբերակցությամբ։  Նա նաև նշում է, որ սա ապացույցն է այն բանի, որ բանակը անմիջական կոնտակտի մեջ չի մտել ցուցարարների հետ, քանի որ վիրավորներից և ոչ մեկը զինվորական չի եղել։ 

Վիրավորների քանակի և պաշտպանի տրամադրած այս թվերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հատուկ քննչական ծառայությունից։ Մամուլի հետ կապերի պատասխանատու Մարինա Օհանջանյանը մեզ հայտնեց, որ այս տվյալները վերցված են դատական գործից, այն հասանելի չէ լայն հանրությանը, սակայն որպես մեղադրական և պաշտպանական կողմ, տվյալները տրամադրվել են երկու կողմին էլ։ Իսկ ճշմարտացիության վերաբերյալ միայն նշեց, որ եթե թվերը դատական գործից են, ապա հավանաբար ճիշտ են։

Այնուամենայնիվ, «Փաստերի ստուգման հարթակը» զերծ է մնում այս պահի դրությամբ  վերոնշյալ թվերի վերաբերյալ միանշանակ տեղեկատվություն տալուց։ Մենք կփորձենք հարցումների միջոցով ստանալ փաստական ապացույցներ և ներկայացնել այն հանրության դատին՝ դրանց ճշմարտացիության մեջ համոզված լինելուց հետո միայն։

www.Fip.am