Արդեն մի քանի օր է՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը լծվել է տրանսպորտային բարեփոխումների և ուղեվարձի բարձրացման պաշտպանության գործին։
Վերջին տեսահաղորդագրության մեջ նա մասնավորապես ասում է, որ կամ պետք է այս հաշվարկված գումարը մուծել, կամ մենք կվերադառնանք «ԳԱԶել»-ներին։ Թե ով և որտեղ ու ինչ մեթոդով է հաշվարկել՝ չի ասվում։ Հետաքրքրական է, սակայն, հաղորդագրության ներքևում տեղ գտած մեկնաբանությունների տարափը, որտեղ մարդկանց զգալի մասը բողոքում և հիասթափությունն է հայտնում գործող իշխանությունից։ Եվ հենց այստեղ է, ըստ իս, թաքնված շան գլուխը։
Հեղափոխությունից հետո անցել է վեց տարի։ Եթե պարզ հայացք գցենք 2018 թվականի բողոքի օրերին տրված խոստումներին, կտեսնենք, որ բեմահարթակից մեծ հաշվով հնչել է երկու մեսիջ՝ պատիժ և արդարություն։ Չեն հնչել հայրենասիրական կոչեր։ Հավանաբար դա էր պատճառը, որ Արցախյան պատերազմից հետո իշխանությունը շարունակեց մնալ ղեկին, քանի որ հանրության աչքում պաշտպանության հարցի պատասխանատուները դեռ երկու տարի անց շարունակում էին մնալ նախկին իշխանությունները։ Բայց ահա սոցիալական արդարության և մոդեռնիզացիայի պատասխանատուները պիտի որ նոր իշխանությունները լինեին։
Անցել է վեց տարի․ ոչ պատիժն է երևում, ոչ արդարությունը։
Նախևառաջ դժգոհ են նախկին իշխանություններին ատողները, որոնց ներկա իշխանությունը խոստացել էր պատժել։ Դժգոհ են նաև մոդեռնիզացիայի և սոցիալական արդարության ձգտողները, որոնք անընդհատ ինչ-որ խանգարող հանգամանքների մասին են լսում։ Այո՛, թվերով տնտեսական աճ կա, բայց արդյո՞ք միջին մարդը իր վրա զգում է այդ աճը։
Եվ վերջին ու թերևս գլխավոր գործոնը Արցախյան պատերազմի հետևանքն է՝ անվտանգությունը։ Այն կարծես քաղաքական փակուղի է հիշեցնում, քանի որ ընդդիմությունն անգամ չի հանդգնում խոսել հնարավոր պատերազմի դեպքում իր անելիքներից։ Այս հարցում ընդդիմության «մի բան կանենք»-ը մրցում է իշխանության «այնպես կանենք, որ կռիվ չլինի»-ի հետ։ Երկու խոստումներն էլ, հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում փոփոխվող իրավիճակը, հեղհեղուկ են թվում։
Վեց տարի շարունակ քաղաքական փոխադարձ վիրավորանքների և մեղադրանքների տեղատարափի մեջ, ժողովրդի լեզվով ասած՝ «մարդկանց գլուխը գնում», և հենց այստեղ է, որ սկսվում է ֆրուստրացիան։
Հասարակական ֆրուստրացիա առաջանում է այն ժամանակ, երբ հասարակության մեծ մասը զգում է, որ իրենց կարիքները, ակնկալիքներն ու պահանջները չեն բավարարվում, իսկ խոչընդոտներն անհաղթահարելի են։ Քաղաքական ֆրուստրացիան իր հերթին առաջանում է, երբ քաղաքացիները կորցնում են վստահությունը պետական ինստիտուտների, ղեկավարության կամ քաղաքական գործընթացների նկատմամբ։
Ի հետևանք՝ մարդիկ սկսում են անտարբերություն դրսևորել (հրավիրում եմ մարդկանց անտարբերությունից բողոքող ընդդիմության ուշադրությունը այս կետի վրա), արտագաղթելու ցանկությունը, առաջանում է սոցիալական լարվածություն (մենք այս կետին ենք մոտենում), իսկ հետո կարող են առաջանալ քաղաքական փոփոխություններ։
Այս վերջին կետի մասին խոսելը անշնորհակալ գործ է, քանի որ դժվար է կանխատեսել, թե ով և երբ, բացի այդ, ես քաղաքագետ չեմ։ Բայց ահա սոցիալական լարվածությունը, որը կուտակվող ֆրուստրացիայի ուղիղ արդյունք է, մեզ մոտ ավելի ու ավելի է ուժգնանալու։
Իշխող կուսակցության պատգամավորներին հավանաբար պետք է հուշել, որ խնդիրը ոչ թե այն է, որ մարդիկ չեն հասկանում տրանսպորտի բարեփոխումները, այլ այն, որ ներկայիս իշխանությունը գնալով ավելի ու ավելի է ազդում է բնակչության նյարդերի վրա։
Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ֆրուստրացիան միայն աճելու է։ Մարդիկ առաջին շոկից ու անտարբերության՝ նյարդեր խնայող թմբիրից դուրս են գալու, և յուրաքանչյուր նոր օրենք, յուրաքանչյուր նոր որոշում, անկախ նրանից՝ վատն է, թե լավը, առաջացնելու է հանրության պոռթկումներ։
Մի տեղ՝ թույլ, մի տեղ՝ ուժգին․․․ կապ չունի, ընդհանուր թրենդը գնալու է դեպի բողոքի սաստկացում։ Այստեղ ժամանակը ներկա իշխանությունների թշնամին է։ Եվ ինչ-որ պահին չի օգնելու նաև ծայրահեղ հռետորաբանությունը։ Այն ատոմային ռումբի պես մի բան է, հենց ասացիր, այլևս չես կարող երկրորդ անգամ օգտագործել։
Այնպես որ, առջևում բողոքի բազում ալիքներ են, և ժապավենով զարդարված մուրճն այլևս չի հարվածելու։
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am