Ուկրաինան պետք է ստանա հուսալի անվտանգության երաշխիքներ. Մակրոնն Փարիզում արտակարգ հանդիպում է հրավիրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 17-ին հայտարարել է, որ փետրվարի 19-ին Փարիզում տեղի կունենա արտակարգ հանդիպում՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն է քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր քաղաքականության ազդեցությունը Ուկրաինայի պատերազմի վրա։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Մակրոնը նշել է, որ Ուկրաինայում կայուն և տևական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այն ուղեկցվի «ամուր և հուսալի անվտանգության երաշխիքներով»։

«Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան, և Ուկրաինան պետք է ստանա հուսալի անվտանգության երաշխիքներ։ Հակառակ դեպքում, ցանկացած հրադադար, ինչպես Մինսկի համաձայնագրերը, կարող է պարզապես դառնալ նոր պատերազմի նախերգանք», – հայտարարել է Մակրոնը։

Հանդիպման մասին հայտարարությունը հաջորդել է Մակրոնի հեռախոսազրույցներին Թրամփի և Զելենսկու հետ, որոնց ընթացքում քննարկվել է Ուկրաինայում խաղաղության հաստատման հնարավոր տարբերակները։ Եվրոպացի առաջնորդները մտահոգված են, որ Թրամփի նոր քաղաքականությունը կարող է հանգեցնել Ուկրաինայի հարցում Մոսկվայի հետ համաձայնության՝ առանց Կիևի և ԵՄ-ի ներգրավման։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր X հարթակում գրել է, որ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նրան Փարիզում անցկացվելիք քննարկումների մասին, և որ նրանք «համատեղ տեսլական» ունեն Ուկրաինայի անվտանգության ապահովման վերաբերյալ։

«Մենք ընդհանուր պատկերացում ունենք, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն ամուր և հուսալի։ Եթե այդ երաշխիքները չլինեն, ապա հրադադարի ցանկացած այլ տարբերակ պարզապես կլինի հերթական խաբեությունը Ռուսաստանի կողմից, որը կբերի նոր պատերազմի՝ Ուկրաինայի կամ այլ եվրոպական երկրների դեմ», – նշել է Զելենսկին։

Այս քննարկումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Թրամփի նոր վարչակազմը վերանայում է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինային, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել եվրոպական գործընկերների շրջանում։