Մեկնարկեց ««Syllabus» ստեղծագործ քարավան» նախագիծը

Մեկնարկեց ««Syllabus» ստեղծագործ քարավան» նախագիծը
Մեկնարկեց ««Syllabus» ստեղծագործ քարավան» նախագիծը

Եվրոպական միության աջակցությամբ՝ Հայաստանի մարզերում բնակվող ստեղծագործ երիտասարդները հնարավորություն կունենան հենց իրենց համայնքներում զարգացնել ստեղծագործական հմտություններն ու սովորել իրենց ոլորտի լավագույն մասնագետներից:

Ավտոբուս, որի մեջ նստարանների փոխարեն կարի մեքենաներ են, համակարգիչներ, արհեստագործական ամենատարբեր գործիքներ. սա ոչ թե երևակայական փոխադրամիջոց է, այլ «Նորաձևության և դիզայնի պալատի» հերթական նախաձեռնությունն՝ իր գործընկեր Դիլիջանի «MADE» արհեստագործական պլատֆորմի հետ համատեղ: 

Մեկնարկեց ««Syllabus» ստեղծագործ քարավան» նախագիծը, որի ընթացքում ցուցադրվեց «վերազինված» ու նոր նշանակություն ստացած ավտոբուսը: Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ֆինանսավորմամբ:  

Ստեղծագործ շարժական քարավանի հիմնական նպատակն է աջակցել մարզային համայնքների հզորացմանը և ստեղծագործող անձանց, արհեստագործների կարողությունների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների ու գաղափարների կիրառմամբ, ինչը պահանջում է ժամանակակից շուկան:

«Եվրոպական միության երկրներում խիստ կարևորվում է աջակցությունը փոքր ընկերություններին, որոնք բարիք են ստեղծում մարդկանց համար, ինչը կարևոր է տվյալ երկրի տնտեսության զարգացման համար: Իսկ Հայաստանում մեզ համար շատ կարևոր է համայնքների զարգացումը, և այս նախաձեռնոթյունը, որը նաև շատ կրեատիվ է, ուղղված է հենց դրան: Հուսով ենք՝ այն կհաջողի և շարունակական կլինի»,- նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: 

Ծրագրի շրջանակներում ստեղծված շարժական արհեստանոցը՝ անհրաժեշտ սարքավորումներով, գործիքներով և նյութերով համալրված, շրջելու է ՀՀ մարզերում: Տեղացի և արտասահմանից հրավիրված մասնագետներն էլ մարզաբնակ ստեղծագործողների համար կանցկացնեն սեմինարներ, վարպետության դասեր, վերապատրաստում: Առկա գործիքակազմն էլ թույլ կտա տեղում իրականացնել գործնական պարապմունքներ: Շարժական աշխատարանը կծառայի որպես ուժեղ և ճկուն գործիք` համայնքից համայնք տեղափոխվելու և տեղական արհեստավորների հետ աշխատելու, իրենց հմտությունները և գիտելիքները զարգացնելու համար:

«Այս ծրագիրը շատ կարևոր կրթական կոմպոնենտ ունի: Երևանից դուրս բավականին մեծ թվով տաղանդավոր ստեղծագործողներ կան, ովքեր որոշ հմտությունների ձեռքբերման կարիք ունեն: Օրինակ՝ ինչպես ներկայացնել իրենց աշխատանքը, գովազդել, վաճառել և գտնել գործընկերներ, ինչպես կառավարել և այլն: Այս նախաձեռնությամբ փորձելու ենք այդ բացը լրացնել»,- ներկայացնելով ծրագիրը՝ նշեց «Նորաձևոթյան և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը: 

Նշենք, որ ստեղծագործ քարավանն իր ակտիվ գործունեությունը կսկսի առաջիկա ամիսներին, առաջին կանգառն էլ կլինի Դիլիջանը՝ իր հարակից համայնքներով:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։