«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նրա ինքնազգացողության վատթարացումից հետո ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել։
«Արսեն Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից իրականացվել է քաղաքական հետապնդում: Փաստը, որ Արսեն Գևորգյանի նկատմամբ ապօրինի ընտրվել էր կալանք 2 ամսով, սակայն ամբողջ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում, ապացուցում է, որ խափանման միջոց հենց կալանքի անհրաժեշտությունը, ընդհանրապես, բացակայում էր:
Ողբերգական մահվան մասին, ըստ մեր ստացած տվյալների՝
Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմից ոչ թե բժիշկ է նրան զննել, այլ բուժակ։
Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետո։
Բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել։ Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո։
Բացահայտված հանգամանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների կասկածներ են առաջացնում, և դրանք պետք է մանրակրկիտ, անկախ ու անաչառ քննության ենթարկվեն։
Հետևողական ենք լինելու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը»,- ասված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 46-ամյա Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորվելուց շուրջ 20 օր անց։ Նոյեմբերի 10-ի առավոտյան նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնություն էր կանչվել, սակայն բժիշկներն արձանագրել էին կենսաբանական մահը։ Մահվան վերջնական պատճառը պետք է պարզվի քննությամբ։
Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ, ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք էր կիրառել։



















