Երկաթի պակաս ունեցող շատ մարդիկ ժամանակին չեն ախտորոշվում։ Երկաթի անբավարարությունը սննդային ամենատարածված խնդիրներից է, որն ամբողջ աշխարհում ազդում է ավելի քան մեկ միլիարդ մարդու վրա։ Այնուամենայնիվ, շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց օրգանիզմը բավարար քանակությամբ երկաթ չի ստանում։ Այս մասին հայտնում է Euronews-ը:
Երկաթը կարևոր հանքանյութ է, որը պարունակվում է կարմիր մսի, լոբազգիների, չրերի և այլ մթերքների մեջ։ Այն անհրաժեշտ է հեմոգլոբինի՝ կարմիր արյան բջիջներում թթվածին տեղափոխող սպիտակուցի, ինչպես նաև մկաններին թթվածին մատակարարող միոգլոբինի արտադրության համար։ Երկաթը կարևոր դեր ունի նաև էներգիայի արտադրության, իմունային համակարգի աշխատանքի, աճի և ուղեղի զարգացման գործընթացներում։
Երբ օրգանիզմը բավարար երկաթ չի ստանում կամ չի յուրացնում այն, կարող են առաջանալ հոգնածություն և կենտրոնանալու դժվարություններ։ Սակայն երբեմն երկաթի պակասը կարող է ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների։ Օրգանիզմում երկաթի պաշարների սպառման դեպքում կարող է զարգանալ երկաթի պակասով պայմանավորված սակավարյունություն՝ անեմիա, որի հետևանքով արյունը դժվարությամբ է թթվածին տեղափոխում։ Դա կարող է հանգեցնել նաև լուրջ բարդությունների։
Օքսֆորդի համալսարանի երկաթի կենսաբանության պրոֆեսոր Հալ Դրեյքսմիթի խոսքով՝ երկաթի պակասից մարդիկ հազվադեպ են մահանում, սակայն այն լուրջ ազդեցություն ունի ամբողջ աշխարհում։ «Եթե օրգանիզմում բավարար երկաթ չկա, բավարար էներգիա էլ չկա»,- նշել է նա Euronews-ին տված հարցազրույցում։
Երկաթի պակասի ավելի բարձր ռիսկի խմբում են դեռահաս աղջիկներն ու առատ դաշտանային արյունահոսություն ունեցող կանայք։ Լրացուցիչ երկաթի կարիք ունեն նաև հղի կանայք, պտուղները, նորածիններն ու երեխաները՝ աճի և զարգացման համար։ Սննդակարգը միշտ չէ, որ կարողանում է ապահովել այդ պահանջը։
Տարեց մարդկանց մոտ երկաթի պակասը կարող է պայմանավորված լինել աղիքային արյունահոսությամբ կամ քրոնիկ հիվանդություններով։ 2022 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկաթի անբավարարությունը բավական տարածված է նաև Եվրոպայի համեմատաբար առողջ տարեցների շրջանում։ Առավել բարձր ռիսկի խմբում են Ավստրիայում և Պորտուգալիայում բնակվող 80 տարեկանից բարձր մարդիկ։
Խնդրի պատճառ կարող է լինել նաև կարմիր մսով և երկաթով հարուստ այլ մթերքներով աղքատ սննդակարգը։ Երկաթի պակաս կարող է առաջանալ նաև հաճախակի արյուն դոնորագրելու հետևանքով։
Չնայած խնդրի տարածվածությանը՝ շատերը ժամանակին չեն ախտորոշվում։ Պատճառներից մեկն այն է, որ ախտանշանները ոչ առանձնահատուկ են և կարող են վկայել տարբեր խնդիրների մասին։ Բացի այդ, երկաթի պակասը զարգանում է աստիճանաբար, քանի որ օրգանիզմը միանգամից չի սպառում իր ամբողջ պաշարը։
Երկաթի մակարդակի գնահատման համար կարևոր ցուցանիշ է նաև ֆերիտինը՝ սպիտակուցը, որը կուտակում և պահեստավորում է երկաթը։ Իռլանդիայի Քորքի համալսարանական քոլեջի սննդաբանության ավագ դասախոս Էլեյն Մաքքարթին նշում է, որ միայն հեմոգլոբինի չափումը բավարար չէ, քանի որ դրա նվազումը երկաթի պակասի համեմատաբար ուշ ցուցանիշ է։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ստուգել և՛ հեմոգլոբինի, և՛ ֆերիտինի մակարդակը՝ խնդիրը վաղ փուլում հայտնաբերելու համար։
Սեպտեմբերին Ամերիկյան արյունաբանության ընկերությունը հրապարակել է երկաթի պակասի ախտորոշման նոր կլինիկական ուղեցույց։ Ըստ առաջարկության՝ մեծահասակների, հղիների և դաշտան ունեցող անձանց մոտ երկաթի պակասի ախտորոշման շեմը պետք է լինի արյան շիճուկում ֆերիտինի՝ մեկ լիտրում 30 մկգ կամ ավելի ցածր մակարդակը՝ նախկինում կիրառվող 15 մկգ/լ-ի փոխարեն։
Այնուամենայնիվ, ֆերիտինի մակարդակի միասնական շեմը դեռևս ամբողջ աշխարհում ընդունված չէ։ Դրեյքսմիթի խոսքով՝ շեմի ընտրությունը կարող է էապես ազդել ախտորոշված դեպքերի թվի վրա։
Միայն ֆերիտինի ցուցանիշի վրա հիմնվելը նույնպես բավարար չէ բոլոր դեպքերը հայտնաբերելու համար։ Օրինակ՝ քրոնիկ երիկամային հիվանդության նման բորբոքային վիճակների դեպքում ֆերիտինի մակարդակը կարող է նորմալ կամ նույնիսկ բարձր լինել, չնայած օրգանիզմում երկաթի պակաս կա։ Բորբոքումը կարող է բարձրացնել ֆերիտինի ցուցանիշը՝ նույնիսկ երկաթի ցածր պաշարների պայմաններում։
Երկաթի պակասը հաճախ հնարավոր է շտկել հավելումների միջոցով, սակայն կարևոր է նախ պարզել և վերացնել դրա առաջացման պատճառը։ Միաժամանակ երկաթի հավելումները կարող են առաջացնել փորկապություն, ստամոքսի ցավ և այլ կողմնակի ազդեցություններ։
Մասնագետները զգուշացնում են նաև երկաթի ավելցուկի վտանգների մասին։ Բարձր չափաբաժինները կարող են թունավոր լինել, հատկապես երեխաների համար։
«Երկաթի հավելումներ չպետք է ընդունել, եթե երկաթի պակասը կամ երկաթի պակասով պայմանավորված սակավարյունությունը ախտորոշված չէ։ Բարձր չափաբաժինները կարող են վտանգավոր լինել, եթե օրգանիզմն իրականում երկաթի կարիք չունի»,- ընդգծել է Մաքքարթին։



















