Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ից՝ կենսական նշանակություն ունեցող հակահրթիռային համակարգերի հրթիռների մատակարարումների ուշացման և բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նկատմամբ բավարար ճնշում չգործադրելու համար։ BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին նաև «տարօրինակ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած լուսանկարը, որտեղ վերջինս գրկախառնված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան անվանում է «իմ ընկեր»։
«Իհարկե, դա Միացյալ Նահանգների նախագահի որոշելիքն է, բայց… տարօրինակ է», – ասել է Զելենսկին։
«Նա ագրեսոր է և մարդասպան… Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող», – նշել է Ուկրաինայի նախագահը՝ համեմատելով այդ իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ադոլֆ Հիտլերի հետ բարեկամություն հայտարարելու հետ։
BBC-ն հիշեցնում է, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև անցկացված բանակցություններն ակնհայտ առաջընթաց չեն ապահովել։
«Որքան ավելի շատ բան ենք իմանում, այնքան ավելի շատ խնդիրներ են առաջանում», – այսպես է Զելենսկին բնութագրել բանակցային գործընթացը։
Նրա խոսքով՝ բանակցությունները նախատեսվում է վերսկսել դեկտեմբերին։ Զելենսկին նաև նշել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք եվրոպացի բանակցողները կմասնակցեն դրանց, ինչպես հայտարարել էին ԱՄՆ-ի բանագնացները։
Զելենսկին հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն այժմ կարողանում են ոչնչացնել ռուսական ամենաարագ անօդաչու թռչող սարքերի շուրջ 70 տոկոսը։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը շարունակում է աճել։ Միևնույն ժամանակ, բալիստիկ հրթիռները խոցելու համար նախատեսված հակահրթիռային համակարգերի պակասը շարունակում է չափազանց մեծ մնալ։ Զելենսկին նաև նշել է, որ ԱՄՆ-ը ձգձգում է Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները։
«Ցավալի է, որ նրանք կենտրոնացել են Մերձավոր Արևելքի վրա և ավելի շատ օգնում են այնտեղ… Ցավալի է։ Այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ հարցեր ունենք։ Այս հրթիռների պակասը մարդկային կյանքեր է խլում», – ասել է նա։
Ուկրաինայի նախագահը հաստատել է նաև, որ ԱՄՆ-ի արբանյակային կապի Starlink համակարգի և դրա ռազմական տարբերակի՝ Starshield-ի օգտագործումը շարունակում է սահմանափակված մնալ այն տարածքներում, որոնք պատերազմի ընթացքում անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Հարցին, թե ով է կայացրել այդ որոշումը, Զելենսկին պատասխանել է.
«Տեխնիկապես՝ SpaceX-ը, քաղաքական առումով՝ չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Դա կարծես պինգ-պոնգ լինի։ Մենք հարցնում ենք մի կողմին, նրանք ասում են՝ մյուս կողմն է»։
Զելենսկին պաշտպանել է նաև Լիբիայի ափերի մոտ ռուսական «Մերկուրի» ռազմանավին հասցված հարվածը՝ նավն անվանելով «միանգամայն արդար թիրախ»։ Նոյեմբերի 26-ին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անթույլատրելի էր որակել պատերազմի տարածումը Միջերկրական ծով։
Զելենսկին ընդունել է, որ նման հարվածները «շատ վտանգավոր» են, սակայն նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը երբեք հարվածներ չեն հասցնում առանց իրենց գործընկերների հետ նախապես համաձայնեցնելու։
Ուկրաինայի նախագահը նաև ընդունել է, որ երկիրը պատրաստվում է ծանր և վտանգավոր ձմռան։
BBC-ի փոխանցմամբ՝ որոշ բնակիչներ արդեն հեռացել են Կիևից, իսկ մի շարք բիզնեսներ փակվել են։ Էլեկտրաէներգիայի անջատումների և լոգիստիկ ցանցերի վրա հարձակումների հետևանքով գործառնական ծախսերն այնքան են աճել, որ բիզնեսների գործունեությունը դարձել է դժվար կառավարելի։ Հարձակումները նաև քաղաքի մեծ մասը թողել են առանց էլեկտրականության։
«(Ռուսաստանը) ցանկանում է, որ մենք փախչենք, իհարկե։ Մարդիկ կարող են հեռանալ, բայց մենք կփորձենք պաշտպանել մեր մայրաքաղաքը բոլոր հնարավոր միջոցներով։ Մեզ մեր մայրաքաղաքը պետք է։ Առանց մայրաքաղաքի երկիր չկա», – ասել է Զելենսկին։
Նոյեմբերի 26-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ անցյալ շաբաթ Չինաստանում Պուտինի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել Եվրոպայի ողջ տարածքում ռազմական ագրեսիայի ցանկացած դրսևորում»։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը համարում է «մեծապես հավանական»։



















