ՍԴ որոշ անդամներ իրենց անվերապահ ծառայությունն են առաջարկել մեզ, բայց մերժվել են․ Վահագն Հովակիմյան

Factor.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

– Պարո՛ն Հովակիմյան, Հրայր Թովմասյանի շուրջ իրադարձությունները սրընթաց են զարգանում։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում այսօր հայտարարել է՝ կեղծիքով ընտրված Հրայր Թովմասյանը իրավունք չունի լինել ՍԴ նախագահ և որ իշխանության հետ գործակցության անհաջող փորձերից հետո Թովմասյանը ներքաշվել է քաղաքականության ու հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։
Ինչպե՞ս եք մեկնաբանում իրավիճակը։

– Վարչապետն ամեն ինչ հստակ և պարզ է ներկայացրել՝ 2018 թվականի մայիսից սկսած։ Բոլորին հայտնի է, որ երկար տարիներ ես դատաիրավական ոլորտի լրագրող եմ եղել և ՍԴ-ի անդամներից շատերի հետ ունեցել եմ շփումներ։

Երկար ժամանակ փորձել են ինձ հետ էլ կապվել։ Ես անուններ չեմ տա, որովհետև երբ գալիս է որևէ մեկի եղբայրը, հարազատը, խոսքեր է փոխանցում, որ իրենց անվերապահ ծառայությունը․․․ ստիպված ես լինում ասել, որ նման ակնկալիք դու և քո քաղաքական թիմը չունեք, և իրենք իրենց պարտականությունները պետք է կատարեն։ Չեմ բացառում, որ մեր թիմի այլ անդամների հետ էլ  են եղել նման փորձեր։

– Դուք անձամբ ունե՞ք ապացույց, որ Հրայր Թովմասյանը փորձել է ծառայություններ առաջարկել այս իշխանությանը։


– Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս անդամները մարդիկ են, որոնք իրենց ներկայիս պաշտոնին հասնելու համար մշտապես ծառայել են։ Ուղղակի վերցրեք նրանց կենսագրությունը։ Ամենակարևորն այն է, թե ինչպես են իրենք հայտնվել այդ պաշտոնում, արդյոք ազնի՞վ ճանապարհով են հայտնվել, թե՞ այդ պաշտոնին հայտնվել են, որովհետև իշխանություններին կեղտոտ ծառայություններ են մատուցել։ ՀՀ-ում չկա մարդ, որ այդ հարցերի պատասխանը չգիտի։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: