«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը
Մարտի 14-ին Ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ծեծի ենթարկված զինծառայողների գործի հետ կապված ի հայտ են գալիս նոր մանրամասներ: Մասնավորապես, «Չենք լռելու»-ի հավաստի տեղեկություններով, Արսեն անունով սևանցի երիտասարդի ծեծը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև նա սկսել է արյուն փսխել: Տեղի ունեցածը թաքցնելու նպատակով նրան արձակուրդ են տվել, ինչպես նաև ծնողներին փորձել են համոզել, որպեսզի բողոքներ չներկայացնեն։ Այսօր բարձրացած աղմուկից հետո զինծառայողը վերադարձվել է զորամաս։ Նրա մարմնի վրա այս պահին առկա են բռնության հետքեր։
«Չենք լռելու»-ն տեղեկացել է նաև, որ ՌՈ ներքին քննությունների բաժնի պետ, փոխգնդապետ Մ. Մուրադյանը տեղի ունեցածի վերաբերյալ իրականացնում է ծառայողական քննություն:
Իրազեկ աղբյուրները հավաստում են, որ գործը փորձելու են ծածկադմփոց անել:
Նախաձեռնությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, զինվորների ծեծին անմիջական մասնակցություն են ունեցել Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:
© Medialab.am