Վարդան Ղուկասյան. «Ես իմ աշխատանքից գոհ եմ, բայց էս սատանեքը դժգոհ են»

Վարդան Ղուկասյան. «Ես իմ աշխատանքից գոհ եմ, բայց էս սատանեքը դժգոհ են»
Վարդան Ղուկասյան. «Ես իմ աշխատանքից գոհ եմ, բայց էս սատանեքը դժգոհ են»

Հանդիպում ՀԿ-ների եւ Գյումրու քաղաքապետի միջեւ
-Ժողովուրդն ինձ պարտադրում է, կոկորդս բռնել է ու ասում է, որ պիտի առաջադրես քո թեկնածությունը,-Սերգեյ Նազարեթյանի հարցին, թե արդյո՞ք առաջադրելու է իր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում, պատասխանեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ հանդիպում Գյումրու քաղաքապետի եւ Գյումրիում գործող ՀԿ-ների միջեւ: «Նոր սերունդ» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը նշում է, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է հասարակական կազմակերպություններին, ինչը հնարավորություն կտա խնդիրները, առաջարկությունները, նաեւ կառուցողական դիտողություններ ներկայացնել քաղաքապետին եւ համատեղ պայքարել խնդիրների լուծման համար:

Ներկայացվեցին տարաբնույթ խնդիրներ` Գյումրու տարբեր փողոցների լուսավորությանը, ասֆալտապատմանը վերաբերող, նաեւ մանկատան երեխաների հետ կապված հարցեր:

«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցություն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արա Սուքիասյանը անդրադարձավ հասարակության մեջ այսօր տիրող ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտին եւ դպրոցականների միջեւ դպրոցներից դուրս տեղի ունեցող վեճ-կռիվներին.

-Դուք, Ձեր պաշտոնավարության առաջին տարին ամփոփելիս իրավացիորեն նշում էիք քաղաքում հաստատված անդորրի, պատերի տակ ու անկյուններում թաղային հեղինակությունների կքանստած հենակետերի բացակայությունը: Այսօր, աննկատելիորեն, վերականգնվել է լարված մթնոլորտը, լինում են վեճեր, կռիվներ եւ այս ամենը կարիք ունի վերահսկելու:

Խնդիրների շարքում Ա.Սուքիասյանն մտահոգություն հայտնեց երեկոյան ուշ ժամերին` 21:00/22:00-ից հետո փողոցում թափառող դեռահասների մասին եւ առաջարկեց Կրասնոդարի երկրամասի օրինակով սահմանել մինչեւ 18 տարեկանների զբոսանքի` երեկոյան ժամերին փողոցում, առանց ծնողի ուղեկցությամբ, գտնվելու թույլատրելի ժամանչափ մինչեւ ժամը 21:00-ն: Սրան ի պատասխան քաղաքապետը նշեց.

-Համեմատում եք Կրասնոդարի հետ, սակայն այնտեղ հանցագործությունները հիսունապատիկ, հարյուրապատիկ ավելի շատ են: Իսկ Գյումրին շատ հանգիստ քաղաք է, ցավոք սրտի, այսօր ուզում են քաղաքը այլ ձեւով բնութագրեն, բայց մեր քաղաքը այսօր շատ լավ վիճակի մեջ է, թաղերն իրար հետ շատ համերաշխ են:

Միաժամանակ քաղաքապետը խորհուրդ տվեց թաղային հեղինակություններին թշնամաբար չնայել:

-Թաղային հեղինակություն ասելով ի՞նչ ենք հասկանում` որ մարդը լավ տղա է: Այդտեղ էլ կա լավ ու վատ` մեկը աշխատում է բարու համար, մյուսը` չարի:

ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից անդրադարձ կատարվեց նաեւ երթուղայինների սպասարկման եւ վարորդների վարվեցողության հետ կապված խնդիրներին: Այս հարցին ի պատասխան քաղաքապետը նշեց, որ միկրոավտոբուսներում փակցրած են համապատասխան հեռախոսահամարներ` դժգոհություններ ունենալու դեպքում ահազանգելու համար, եւ հավելեց, որ ամիսներով նմանատիպ զանգեր չեն եղել: «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի ղեկավար Հասմիկ Մխիթարյանը օրինակ բերեց, որ ինքը անձամբ 30 րոպե սպասել է 50 համարի երթուղայինին, քաղաքպետն էլ ասաց, որ համամիտ չէ. ՙՑերեկվա ժամերին անհնարին բան է 30 րոպե սպասել: Ժամացույցը, երեւի, չի աշխատել՚:

Վ.Ղուկասյանը խոսեց նաեւ կատարված ասֆալտապատման աշխատանքների մասին.

-«Հանրապետական» կուսակցությունը այդքան փողոցներն ասֆալտապատում է, իսկ մնացած կուսակցություններին, որ այդքան ձայներ են տվել, թող հիմա նրանց էլ ասեն` գումարներ տվեք, որ մեր քաղաքը կառուցապատենք: Ես ինչքան կարողացա` բերեցի:

Չնայած «Հանրապետական» կուսակցության աշխատանքները մատնանշելուն` քաղաքապետն, թերեւս ի միջի այլոց, ասաց նաեւ, որ հոգեպես կուսակցական չէ, հոգեպես քրիստոնյա է եւ հայ: Եւ երբեմն իրեն մեղադրում են, որ քաղաքապետը շատ է պահանջում իր քաղաքի համար: Նա չշրջանցեց Վարդանանց քարե գորգի թեման.

-Երեք անգամ ավելի էժան ենք կառուցել, քան Երեւանինը: Ես իմ աշխատանքից գոհ եմ, բայց էս սատանեքը դժգոհ են: Այս գորգը ոչ միայն Գյումրու, այլեւ ողջ Շիրակի դաշտավայրի համար է: Ուրիշ ելք չկա, մի բան պիտի կպցնեն, թող կպցնեն:

Ալիսա Հակոբյան

Նյութն արտատպվում է www.asparez.am կայքի թույլտվությամբ: