«Նախկիններն այսօր ամեն ինչի պատրաստ են, որ իրենց ոխը հանեն ու իրենց էլի խան զգան ֆեոդալական երկրում». Արմեն Մովսիսյան

07-03-2019
627 դիտում
«Նախկիններն այսօր ամեն ինչի պատրաստ են, որ իրենց ոխը հանեն ու իրենց էլի խան զգան ֆեոդալական երկրում». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը։

- Վերջին շրջանում քննարկման թեմա է դարձել Սորոսն ու նրա կազմակերպությունից դրամաշնորհներ ստացած անձինք։ Ձեր կարծիքով` որքանո՞վ է արհեստածին այս թեման։

- Այս թեման մշտապես շահարկվող թեմաներից է։ Նաև հողերի իբր հանձնելն է շահարկվում։ Պարզ երևում է, թե որտեղից են գալիս այս թեմաները, պոչն ուր է տանում, ինչ նպատակներով։ Այսօր Սորոսն է, վաղը մի ուրիշ բան կմտածեն, մեկ այլ թեմա կգտնեն։ Վաղն էլ կարող են ասել՝ ինչու է գիշեր ու ցերեկ լինում, որ դրա մեջ իշխանություններին մեղադրեն։ Երբ մարդիկ խորտակվում են, ձեռքները փրփուրներին են գցում, որ շեղեն իրենց վրայից հարվածը։ Նման արհեստածին բաներ էլի կլինեն, բայց կանցնեն։

- Այս պահին, երբ թացն ու չորը խառնվել է իրար, ո՞ւր է հասել Հայաստանը։

- Մենք իսկապես պետք է երանի տանք, որ Նիկոլ Փաշինյանի պես վարչապետ ունենք։ Մենք վաղուց երկրի տեր չենք ունեցել, երկրի ցավով մտահոգ մարդու էս տեսակի ղեկավար, որովհետև ամեն մեկն իր մեջ տեսել է իր անձնական շահը։ Սա եզակի դեպք է, խելք կունենանք՝ կօգտվենք, խելք չենք ունենա՝ պատմությունը մեզ արդեն 100 անգամ այդ ապտակները տվել է։ Անցյալում ունեցել ենք այդ դառը ճակատագիրը։ Խելք կունենանք՝ փառք մեզ, փառք մեր իմաստությանը, փառք մեր իմաստացած տեսակին, որ կկարողանանք մեր երկիրը հասցնել լուսավոր ինչ-որ հանգրվանի։

Հիմա թացը խառնվել է չորին, բայց դա չէ ամենասարսափելին։ Ամենասարսափելին այն է, որ մենք հանդուրժող չենք, դարձել ենք նյարդային։ Դա մեզ հիմա խանգարում է։ Իհարկե, կան սխալներ, չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, սա պետք է հաշվի առնենք։ Մենք տեսել ենք իրավիճակը, երբ երկրում ամեն բան գնում էր անկման, երբ ամեն ինչ վատ էր, նույնիսկ ղեկավարի նկատմամբ հավատի նշույլ չկար։ Հիմա եկել է մի մարդ, ով իսկապես սիրում է իր երկիրը, ուզում է մի բան անել։ Մենք պետք է բոլորս թիկունք կանգնենք նրան։ Նաև քննադատելով, բայց ոչ այսօրվա թացը չորին խառնած վիճակում, որ արդեն շողուլից ենք ընկել։ Դա արդեն մեզ վնասում է։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս վիճակը, ի վերջո, հեղափոխություն է եղել։ Հնե՞րն են, որ չեն հաշտվում նոր իրողությունների հետ։

- Անշուշտ, նրանք կորցնելիք ունեն, դրանից են այսպես լարված։ Չմոռանանք, որ մարդիկ կան, որ նախկինների օրոք միլիոններ են դիզել ու հարստացել։ Բնական է, որ այդ փողերը պետք է ինչ-որ տեղ խաղան, դա նոր պատմություն չէ։ Բոլորը կարծում են, թե հանգիստ միլիոնները կտան, կժպտան ու մի հատ էլ կօրհնե՞ն վարչապետին։ Իհարկե ո՛չ։ Քենի ու ոխ հանելու ցանկություն է լինելու, բանտ չնստելու ցանկություն է լինելու։ Իսկ ժողովրդին օգտագործում են այդ խաղերում որպես խաղաքարտ՝ նյարդային վիճակ ստեղծելով։

Շատերն ակնկալում են, որ Հայաստանը մեկ տարում կդառնա ԱՄՆ-ի զարգացման մակարդակի պետություն ու հիմա չի դառնում, քանի որ դրա համար ժամանակ է պետք, իսկ ոմանք դրանից օգտվում են։ Ես համաձայն եմ վարչապետի հետ, որ մենք աղքատ ենք ուղեղով, պետք է մեր գլխում հեղափոխություն անենք, որ թացը չորին չխառնենք, որ կարողանանք մի բանի հասնել։ Նախկիններն այսօր ամեն ինչի պատրաստ են, որ իրենց ոխը հանեն, որ իրենց հարստության կորցրած աղբյուրներին տեր կանգնեն էլի, որ իրենց խան զգան ֆեոդալական երկրում։ Հանկարծ պարզվել է, որ այդ ամենն իրենց ձեռքից վերցրել են։ Իհարկե, չեն սիրի նոր իշխանություններին և ամեն ինչ կանեն նորերին հակադրվելու համար։

- Իսկ սփյուռքն ի՞նչ մասնակցություն պետք է ունենա Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այլևս չկա սփյուռք, չկա Հայաստան, պետք է լինի միասնականություն։

- Պետք է այդպես լինի, ես կուզեմ, որ այդպես լինի, բայց մենք արժեքային համակարգի խնդիր ունենք։ Երբ սկսենք հասկանալ, թե մեր արժեքային համակարգում ի՛նչն է առաջնայինը, շատ բան կփոխվի։ Իհարկե, առաջնայինը հայրենիքն է, բայց դա չի նշանակում, որ բոլորը կգան հայրենիքում ապրելու, կգան, բայց դա էլ ժամանակ կուզի՝ համոզվելու, հասկանալու, վստահելու ու որոշում կայացնելու: Ինչքան շատ լինի հայրենիքից դրական լուրերի հոսքը, ուրեմն ավելի առատ կդառնա ներգաղթը. սա տարրական հարց է, «Արի տուն» պլակատից բացի փաստված իրական հաջողությունները այդ հետդարձի գաղափարին կնպաստեն:

- Ինչպե՞ս եք գնահատում վերջին բռնության դեպքերը, ինչպես ասում են «Սորոսի հիմնադրամի» (ԲՀՀ) դեմ արշավը, նաև Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե աշնանը արդեն լուրջ բողոքի ալիք կբարձրանա, իշխանությունը չի ձգի, բունտեր կլինեն և այլն։

- Եթե լինի Քոչարյանի ասածով, ես միայն մեկ բան կարող եմ ասել՝ ողբամ զքեզ, հայ ժողովուրդ։

- Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հրաշքը տեղի կունենա՞։ Կա՞ն դրա նախադրյալները։

- Հրաշքը մեր գլխում պետք է տեղի ունենա։ Երբ այդ հրաշքը մեր գլխում տեղի ունեցավ, երբ հասկացանք, որ շենքի մուտքում միզել չի կարելի, ուտելիքի մնացորդը փողոցում շպրտել չի կարելի, գողանալ չի կարելի, անազնիվ լինել չի կարելի, եթե այդ ամենը եղավ՝ տնտեսական հրաշքն էլ այդ ամենի բնական հետևանքն է լինելու։

Չնայած շատ հարցերում մեր ժողովուրդը շատ առաջ է այլ ազգերից, բայց ինչ-որ բաներ կան, որ խոչընդոտում են մեր առաջընթացը։ Բայց ես շատ հանգիստ եմ և համոզված եմ, որ մենք շատ լուսավոր հանգրվանի ենք հասնելու։ Միայն թե թացը չորին չշարունակեն խառնել ու նյարդային չլինել։ Իհարկե, դժվար է դրսում գտնվելով՝ հայաստանցիներին կոչ անել, որ նյարդային չլինեն, ամեն ինչին ավելի հանգիստ վերաբերվեն, դրա համար ես այդ կոչը չեմ ուզում անել, ուղղակի ուզում եմ բոլորս ոչ թե մի քիչ համբերենք, այլ փորձենք այսօրվա Հայաստանի իշխանություններին որպես մեր իշխանության, մեր վարչապետի վերաբերվել։

Իրենք մերն են, իրենք ոչ թե առանձին ֆեոդալների իշխանություն են, այլ մերն են, մեր տղերքն են՝ իրենց սխալներով, իրենց թերություններով, իրենց բացթողումներով։ Իհարկե, պետք է քննադատել սխալներն ու բացթողումները, բայց նաև մերը լինելու զգացողությունը ունենանք, ինչը նշանակում է, որ սրտացավ կլինենք իրենց արածների վերաբերյալ։ Ես վստահ եմ, որ լավ է լինելու, որովհետև մենք խելացի ժողովուրդ ենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am