«Վեթինգի ինստիտուտը կամ անցումային արդարադատությունը չի կարող դառնալ վենդետայի գործիք». Տաթև Հայրապետյան

31-05-2019
301 դիտում
«Վեթինգի ինստիտուտը կամ անցումային արդարադատությունը չի կարող դառնալ վենդետայի գործիք». Տաթև Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

- ԱԺ-ում հերթական անգամ ձախողվեց ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը։ Ավելին, դուք կոչ արեցիք ԲԴԽ նախագահի օրինակին հետևեն ԲԴԽ մյուս անդամները և հրաժարական տան։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և չե՞ք կարծում, որ ԲԴԽ նախագահին պետք է հետևեր նաև ՍԴ նախագահը։

- Իմ ելույթում ես հենց ԲԴԽ-ն շեշտեցի, քանի որ ԲԴԽ նախագահը նախաձեռնողականություն դրսևորեց, և, բացի այդ, Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարություն տարածեց, որ ԲԴԽ անգործության պատճառով իրենք չեն կարողանում իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները, հետևաբար շեշտադրումը ԲԴԽ-ի և նրա անդամների հետ էր կապված։ Քանի որ ԲԴԽ անդամների մի մասին ԱԺ-ն է հաստատում, ես կարծում եմ՝ մենք ինչ-որ տեղ ունենք նման կոչով հանդես գալու թույլտվություն։

Բացի այդ, մեր դատական համակարգի հանդեպ հասարակության անվստահության, ոլորտում առկա խնդիրների պարագայում լուծումները պետք է գան ոչ միայն օրենսդրից և գալու են այդ լուծումները, այլև հենց դատավորների նախաձեռնողականության շնորհիվ բազմաթիվ խնդիրներ կարող են շատ արագ լուծումներ ստանալ։ Կոչս դրան էր վերաբերում։

- Շատերը նշում էին, որ ԲԴԽ նախագահի հրաժարականին պետք է հաջորդի ՍԴ նախագահի հրաժարականը, բայց արդյոք անձերի փոփոխությամբ մենք կարո՞ղ ենք համակարգի լրջագույն փոփոխության հասնել բարեփոխման առումով։

- Իրականում անցումային արդարադատության փաթեթը նախաձեռնվում է, որն իր մեջ տարբեր գործիքներ է պարունակում, այդ թվում՝ վեթինգը։ Բայց ես կարծում եմ, որ այս ամենը պետք է զուգահեռվի նաև հենց դատական համակարգի ներսում առողջացման հստակ միտումներով և դրսևորումներով։ Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը հենց ցույց է տալիս այն բազմաթիվ խնդիրները, որոնց մասին տարիներով խոսվել է, սակայն դրան չեն հաջորդել գործնական քայլեր։

Այս իրավիճակում երկրում գործադիր, օրենսդիր, դատական թևերը պետք է իրար հավասարակշռեն և այնպիսի վստահության մթնոլորտում պետք է աշխատեն, որ որևէ որոշման հետ կապված՝ լինի զգայուն քաղաքական հարց թե մեկ այլ խնդիր, հարցեր չառաջանան։ Բացի այդ, մենք ունենք կարևոր խնդիր ՄԻԵԴ-ում, երբ բազմաթիվ գործեր են Հայաստանից գնում ՄԻԵԴ, և ըստ էության, մեր հարկատուներն են տուժելու մեր դատավորների կայացրած սխալ որոշումների պատճառով։

Ես վստահ եմ, որ մենք համակարգում ունենք բավականին լավ դատավորներ, այդուհանդերձ, այդ նույն դատավորների կողմից, որոնք տեսնում են համակարգում առկա ակնհայտ խնդիրները, պետք է լինի նախաձեռնողականություն։ Դա միայն կօգնի հնարավորինս արագ կատարել առողջացման գործընթացը և վերադառնալ ավելի բնականոն հուն։

- Հիմա շատ է խոսվում վեթինգի անհրաժեշտության մասին։ Ձեր կարծիքով՝ այն պետք է տարածվի միայն դատավորների՞, թե՞ կարող է տարածվել նաև ՍԴ դատավորների վրա, նաև ավելի լայն ընդգրկում ունենա։ Իշխանությունների համար այս հարցերը արդեն պա՞րզ են։

- Այդ փաթեթը մշակվում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, ծանոթ եմ որոշակի մանրամասների այնքանով, որքանով դրանք հասանելի են, և այդտեղ կան էական քաղաքական բաղադրիչներ։ Որքանով ես ուսումնասիրել եմ տարբեր երկրներում անցումային արդարադատության տարբեր մեխանիզմներ, կարծում եմ՝ վեթինգի ինստիտուտը կամ անցումային արդարադատությունը չի կարող դառնալ վենդետայի գործիք։

Մենք ի սկզբանե, երբ եկել ենք իշխանության, հստակ հայտարարել ենք, որ վենդետայի համար չենք եկել, եկել ենք համակարգը մաքրելու, առողջացնելու և երկիրը զարգացման տանելու համար։ Այդուհանդերձ, այդ ճանապարհին հանդիպող խնդիրները, անվստահության մթնոլորտը դատական համակարգի հանդեպ, գալիս են փաստելու, որ կան խնդիրներ, որոնց պետք է լուծումներ գտնվեն, հակառակ դեպքում դրանք խորանալու են։

- Դուք խնդիր չե՞ք տեսնում, որ նախագահի կողմից ՍԴ դատավորի առաջարկած թեկնածուները արդեն որերորդ անգամ մերժվում են։ Կա՞ հակասություն ՀՀ նախագահի նկատմամբ, թե՞ պարզապես թեկնածուները իշխող ուժի սրտով չեն, դրա համար են մերժվում։

- Քվեարկության առումով միասնական դիրքորոշում չկար, ազատ էր թողնված, հետևաբար ճիշտ չէ ասել, որ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկել ՍԴ դատավորի թեկնածուին։ Ես կարծում եմ, որ հավանաբար թեկնածուները չեն բավարարում պատգամավորների սպասելիքներին։

- Այսինքն՝ թեկնածուի գիտելիքնե՞րը պատճառ հանդիսացան, որ իշխող խմբակցության մեծ մասը դեմ քվեարկեց նրան։

- Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, այդուհանդերձ, ելնելով հարցերի բնույթից, ըստ էության, հավանաբար կա ակնկալիք, որ ՍԴ դատավորը լինի ոչ միայն իրավագիտության առումով մասնագիտացած անձ, այլ նաև քաղաքական հարցերում որոշակիորեն հստակ դիրքորոշումներ ունեցող անձնավորություն։

Ինչո՞ւ. որովհետև քաղաքական բնույթի որոշակի հարցեր գնում են ՍԴ, և այնտեղ ընտրվելիք դատավորը պետք է կարողանա այդ հարցերում ևս չտրվել մանիպուլյացիաների։ Այսինքն՝ առաջնորդվի ոչ միայն իրավական գիտելիքներով, որը շատ կարևոր է, այլ նաև ընդհանուր առմամբ, մթնոլորտային տրամադրություններով, իրավիճակով։

Լուսանկարը` «Ֆոտոլուր»

Մանե Հարությունյան

MediaLab.am