Վարչապետ Տիգրան Սարգսյանի ճեպազրույցը Ա. Մարգարյանի անվան դպրոցում

02-09-2010
292 դիտում
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ճեպազրույցը Ա. Մարգարյանի անվան դպրոցում

Հարց- Պարոն Սարգսյան, ի՞նչ կցանկանայիք փոխել, կամ թերևս արմատախիլ անել դպրոցում, երբ դուք էիք սովորում դպրոցում։ Ի՞նչը Ձեզ ամենաշատը դուր չէր գալիս և ինչպե՞ս եք պատկերացնում ներկայի և ապագայի դպրոցը, որը ներկայացնում է բոլոր դպրոցականների հետաքրքրությունները։

Պատասխան-Այն ժամանակ, երբ մենք էին սովորում դպրոցներում, աշխարհի մասին պատկերացումները բոլորովին այլ էին։ Այսօրվա պահանջները դպրոցի նկատմամբ, խնդիրները, որոնք դրվում են դպրոցի առջև, կարծում եմ որակապես տարբերվում են այն ժամանակից։ Մեծ ուշադրություն պետք է դարձնենք, որ երեխաներին տանք ինքնուրույն մտածելու  կարողություն։ Մտածողության զարգացման վրա ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք։ Բնականաբար ժամանակակից դպրոցների համակարգչային դասարանները ունեն էական նշանակություն. նոր տեխնոլոգիաների դասավանդումը, կիրառումը իրենց ամենօրյա պրակտիկայում։ Իհարկե, մենք նկատում ենք փոփոխությունները դպրոցներում` խնդիրների ձևակերպման առումով։

Հարց-Երբ դուք ի պաշտոնե այցելում եք դպրոց, ի՞նչ խնդիր եք տեսնում. ի՞նչ կուզենայիք, որ փոխվեր այս դպրոցում։

Պատասխան-Այցելելով այս դպրոցը` ակնհայտ է, որ առաջին հերթին և տնօրենը, և ուսուցիչները բարձրացնում են այն խնդիրը, որ պայմանները դպրոցի այսօր բարվոք չեն, և դպրոցը վերանորոգման կարիք ունի։ Առաջին հայացքից էլ երևում է, որ անհրաժեշտ է կապիտալ վերանորոգում իրականացնել։ Համակարգչային դասարանների ձևավորումը նույնպես այս դպրոցի համար արդիկական է ինչպես նաև գրադարանների համալրումը։ Սրանք այն ծրագրերն են, որ այս տարվա ընթացքում կրթության և գիտության նախարարությունը պետք է իրականացնի, և մենք Համաշխարհային բանկի ծրագրով բոլոր ավագ դպրոցների համար նախատեսում ենք մեծ ֆինասնական միջոցների հատկացում, որպեսզի և համակարգչային դասարանները ձևավորվեն, և գրադարանները համալրվեն։

Հարց-Պարոն Վարչապետ, իսկ ինչպե՞ս եք հիշում Ձեր դպրոցական առաջին օրը։

Պատասխան-Ինչ-որ նոր բանի սկիզբ էր։ Ավելի շատ հիշում եմ իմ ծնողների մտորումները, նրանց վերաբերմունքը։ Նրանք էին շատ ոգևորված, հուզված, և ինձ համար անհասկանալի էր, թե ինչու են ծնողներս այդքան հուզված։ Եվ երբ ինձ տարան դպրոց ամեն ինչի նայում էի մեծ ուշադրությամբ, ուզում էի հասկանալ, թե որն է գաղտնիքը այդ մեծ հուզմունքի։

Հարց- Իսկ Դուք կհիշեք ինչ էիք հագել այդ օրը։ Իհարկե, հիշում եմ, որ բոլորը սպիտակ համազգեստներով էին, որովհետև կանոն կար։ Նաև հիշում եմ, որ շատ հպարտ էի, որ առաջին անգամ ես ունեմ իմ սեփական պայուսակը, որով պետք է դպրոց գնամ։

Հարց-Ի՞նչ երազանք ունեիք այդ օրը։

Պատասխան-Ավելի շատ հուզված էի, որոհետև ծնողներիս հուզմունքը անցել էր նաև ինձ և երբ մարդը հուզվում է, այնքան էլ չի հիշում երազանքների մասին, ուզում է հասկանալ ինչ միջավայրում է հայտնվել ։

Հարց-Գիտելիքի օրվա կապակցությամբ նաև կխնդրեի բոլոր դպրոցականներին, ուսանողներին կրթության ոլորտի ներկայացուցիչներին Ձեր շնորհավորանքը հղեիք։

Պատասխան-Գաղտնիք չէ, որ ժամանակաից աշխարհը, գիտելիքի, ինտելեկտի մրցակցության աշխարհ է։ Կարծում եմ, որ դպրոցի առաքելությունն այսօր պետք է լինի այն, որ այդ իմաստնությունը հաղորդի երեխաներին, որպեսզի բոլոր աշակերտները հասկանան, որ առանց գիտելիքի իրենք մրցունակ չեն լինելու, իրենք ապագա չեն ունենալու և հենց այս դպրոցից պետք է սկսենք այդ գաղափարի ներդրումը մեր աշակերտների մեջ, եթե ուզում ենք լինել մրցունակ պետություն։ Մրցունակ պետությունը սկսվում է դպրոցից։

Հարց-Դուք հիշում եք, թե ով է եղել Ձեր առաջին դասարանի ընկերը, ով է առաջինը Ձեզ հետ ընկերացել։

Պատասխան-Մի քանիսին եմ հիշում, որոնց հետ մինչև հիմա ընկերություն ենք անում։