«Ինչպես կարելի է Մեծամորի խնդրում մանկամիտ և շահադիտական մոտեցում ցուցաբերել». ատոմակայանի շահագործման երկարաձգումը` քննարկման առարկա

«Ինչպես կարելի է Մեծամորի խնդրում մանկամիտ և շահադիտական մոտեցում ցուցաբերել». ատոմակայանի շահագործման երկարաձգումը` քննարկման առարկա
«Ինչպես կարելի է Մեծամորի խնդրում մանկամիտ և շահադիտական մոտեցում ցուցաբերել». ատոմակայանի շահագործման երկարաձգումը` քննարկման առարկա

ՀՀ կառավարության` Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը ևս 10 տարով երկարաձգելու վերաբերյալ հայտարարությունը կրկին բնապահպաններին մտահոգություններ հնչեցնելու առիթ է տվել:
Նոյեմբերի 6-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է պատրաստում, որի համաձայն Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործունեության ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով:
«Եթե մի փոքր կասկած ունենայինք ռեակտորի մետաղի հետ կապված, ապա այդ հարցը չէինք բարձրացնի»,- մտահոգություններին ի պատասխան նշել է Սիմոնյանը:
Սակայն Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշում է, որ միջուկային օբյեկտների ատոմակայանների ռեակտորների գործունեության ժամկետի երկարաձգումը շատ լուրջ խնդիր է և միշտ վտանգ է պարունակում:
Նա նշում է, որ ատոմակայանը ֆիզիկական օբյեկտ է, որն ունի իր կանոնները: Մեծամորի ատոմակայանի ռեակտորը, ըստ Սանասարյանի, ունի այնպիսի թերություններ, որոնք անուղղելի են:

«Չունի էն գմբեթը, որը վթարի դեպքում կարող է մեկուսացնել, նրա հակահրդեհային անվտանգությունն ընդհանրապես խիստ խաթարված է, կառավարման համակարգը կատարյալ չէ ու բազում այլ խնդիրներ: Եվ ինչպես կարելի է միջուկային օբյեկտի կարևոր այս խնդրում ցուցաբերել մանկամիտ և շահադիտական մոտեցում»,- ասում է Սանասարյանը:

1976-ից շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, որը կառուցված է բնակավայրերին կից և գտնվում է մայրաքաղաք Երևանից մոտ 30 կմ հեռավորության վրա, ներկայումս ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի գրեթե 40 տոկոսը:

2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստանի կատարած այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին, որը ինչպես հետո պարզաբանեց վարչապետ Սարգսյանը, ենթադրում է, «որ մեր ռուս գործընկերները մասնակցելու են ատոմակայանի կառուցմանը և ունենալու են ուղղակի ներդրում»:

Նոր ատոմային էներգաբլոկը, որի հզորությունը նախատեսվում է 1000 մեգավատտ, նախնական գնահատականներով, ըստ կառավարության, ենթադրում է շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում, ներդրումներ են սպասվում նաև ռուսական կողմից:

Թեև անցյալ տարեվերջին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ 2013-ին կսկսվի նոր էներգաբլոկի շինարարությունը, և «քլունգ կխփեն այդ տարածքում ատոմակայան կառուցելու համար», այնուամենայնիվ 2013-ի բյուջով նման ծախսեր չեն նախատեսված: Իսկ հոկտեմբերին Մովսիսյանը նշել է, որ որ հին ատոմակայանի կյանքի տևողությունը ևս 10 տարով երկարացնելը հնարավորություն կտա կառուցել նորը, որի համար նույնքան ժամանակ կպահանջվի` հստակ չնշելով նոր ատոմակայանի կառուցման աշխատանքների մեկնարկը:

Փոխարենը ՀՀ կառավարությունն այս տարի գարնանը հրապարակային դիմել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին` ատոմակայանի ժամկետը երկարացնելու օժանդակության խնդրանքով, ինչին վերջինս դրական էր արձագանքել` նշելով, որ «բոլոր փուլերում գործակալությունը պարտավորված է օժանդակել Հայաստանին»:

Սակայն Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ օժանդակությունն այս դեպքում չի կարող իրավիճակ փոխել:

«Ինչքան երկար է աշխատում ռեակտորը, այնքան դառնում է փխրուն, առաձգականությունը կորցնում է, և վթարի հավանականությունը մեծանում է: Իրականում նրանց ժամկետները սպառված են, այն արդեն պետք է փակված լիներ, մինչև 2005-2006 թվական պետք է գործեր»,-«Մեդիալաբին» ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, ով որոշումը որպես «ազգի դեմ դիվերսիա» է որակում:

Նա նշում է , որ միջուկային օբյեկտների ատոմակայանների ռեակտորների գործունեության ժամկետի երկարաձգումը միշտ մեծ վտանգ է պարունակում`իրականում «իրավիճակը վտանգավոր է»:

Սակայն կառավարությունը պնդում է, որ 1995-ի հնգամյա դադարից հետո էներգաբլոկի անվտանգությունը բարձրացնելու նպատակով մոտ 110 մլն դոլար է ծախսվել, և ամեն ինչ «նորմալ» է:

«Գործող էներգաբլոկը միայն հին լինելու պատճառով կանգնեցնելու պահանջները հիմնավորված չեն»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն ասում է, որ բոլոր ընդդեմ հայտարարությունները հիմնազուրկ են և չունեն տեխնիկական լուրջ հիմնավորում: Նա նշում է, որ համաձայն ընդունված կարգի` յուրաքանչյուր 4 տարին մեկ արտերկրից ժամանած մասնագետները մետաղի վիճակի մանրակրկիտ ստուգումներ են կատարում, ինչն այս տարի ևս արվել է:

«Ոչ մի շեղում չկա, ամեն ինչ նորմալ է,- «Մեդիալաբին» ասում է Մարտիրոսյանը,- սակայն ամեն դեպքում լավ է, որ այս հարցի շուրջ մտահոգություններ կան: Լավ է, որ մարդիկ մտահոգվում են»:

Սակայն, իր մտահոգություններն այս հարցի շուրջ բազմիցս հայտնել է ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` նշելով, որ Մեծամորի ատոմակայանն այլևս չի կարելի շահագործել, քանի որ «մի օր վտանգ կլինի Չեռնոբիլից վատ»:

«Մեդիալաբին» տված մեկնաբանություններում Բագրատյանը, խոսելով ռիսկերի մասին, նշել է, որ անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա չի սկսվել նոր էներգաբլոկի շինարարությունը:

Թեև 2008-ի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ սկսում են նոր ատոմակայանի շինարարությունը, և գրեթե նույն բառերը նախագահը կրկնեց նաև այս տարի` ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ` խոսելով 2014-ին մեկնարկող աշխատանքների մասին:

«Իբրև մարդ, ով ատոմակայանը վերագործարկելու նախաձեռնողներից մեկն է եղել, շատ շահագրգիռ եմ կայանի անվտանգության հարցերում։ Իր ժամանակին մենք մասնագետների օգնությամբ լրջորեն բարելավել էինք կայանի անվտանգությունը։ Բայց ամեն ինչ ժամկետ ունի: Լուծումը նոր բլոկի շինարարությունն է։ Եթե դա չկա, ուրեմն լուծում չկա»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Բագրատյանը։

© Medialab.am