«Երբ Վանեցյանն ասում է Նիկոլ Փաշինյանին՝ «կանգ առ», որտե՞ղ կանգ առնի, այսինքն՝ չբարեփոխի՞ Հայաստանը, գողերին պատասխանատվության չկանչի՞». Ստյոպա Սաֆարյան

18-09-2019
3063 դիտում
«Երբ Վանեցյանն ասում է Նիկոլ Փաշինյանին՝ «կանգ առ», որտե՞ղ կանգ առնի, այսինքն՝ չբարեփոխի՞ Հայաստանը, գողերին պատասխանատվության չկանչի՞». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

- Պարոն Սաֆարյան, ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվեց Արթուր Վանեցյանը։ Նրա հայտարարությունը և դրան հաջորդած մեկնաբանությունները ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ է կատարվում։

- Դժվար է ասել, թե ինչ է կատարվում։ Այդպես պարզ չէ, որ հստակ պատասխան լինի։ Մեկ բան ակնհայտ է, որ պարոն Վանեցյանը՝ որպես ԱԱԾ պետ, չի բավարարել Նիկոլ Փաշինյանի պահանջներին։ Այսինքն՝ այն առաջադրանքները, որոնք դրված են այդ կառույցի առջև, չեն կատարվել։ Եվ այս պայմաններում շատ նորմալ եմ համարում, որ պարոն Վանեցյանը ազատման դիմում է գրել։

Մի քիչ տարօրինակ է Արթուր Վանեցյանի հրաժարականի քաղաքական տեքստը, որովհետև, ըստ էության, մի փոքր դժվար է պատկերացնել, որ եթե անգամ քո պատկերացումներն աշխատանքի մասին չեն համընկնում վերադասիդ հետ, նման տեքստ գրես։ Երբ ասում է Նիկոլ Փաշինյանին՝ «կանգ առ», որտե՞ղ կանգ առնի։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չբարեփոխի՞ Հայաստանը, գողերին պատասխանատվության չկանչի՞, հանցագործներին չպատժի՞։ Այդ որտե՞ղ պետք է կանգ առներ Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, շատ լավ կլիներ, եթե ինքը մի քիչ ավելի լավ բացատրեր։

Եթե դա ազգային անվտանգության հետ կապ ունեցող խնդիր է, ապա այդ դեպքում ինքը պետք է ասուլիս տար ու ասեր՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման։ Եթե նման բան չես անում, եթե ընդամենը քո վերադասի կառավարման բնույթին է վերաբերում հայտարարությունը, ներեցեք, այդտեղ դու փոքր մարդ ես։ Եվ ցանկացած ոք փոքր մարդ է, որովհետև ժողովրդի վստահությունը ստացած Ազգային ժողովը վարչապետ ընտրել է Նիկոլ Փաշինյանին՝ նրան տալով նաև այդ խնդիրները լուծելու լիազորություն։

Եվ այս կտրվածքով շատ կարևոր է, որ թիմի անդամները հասկանան, որ իրենք չեն կարող պարտադրել վարչապետին՝ շարժվել այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։ Այդ մանդատն իրենցը չէ, իրենք ընդամենը վարչապետի առաջնահերթություններն ու սահմանած խնդիրները լուծողներն են։ Իրենք չեն քաղաքականություն մշակողը, իրենք քաղաքականություն վարողներն են, իսկ քաղաքականություն մշակողը վարչապետն է։ Այս պարագայում մի փոքր անսովոր է, որ ԱԱԾ պետը կարող է նման վերամբարձ քաղաքական տեքստ գրել։

- Արդյոք այդ հայտարարությունից կարո՞ղ ենք եզրակացնել, որ նա քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն ունի։

- Շատ վատ կլինի, եթե այդպես լինի։ Արթուր Վանեցյանը երբևէ չի եղել ոչ քաղաքական դեմք, ոչ էլ կլինի։ Չգիտեմ, միգուցե այլ ընդդիմադիր թիմերում իրեն տեսնի, բայց, կներեք, դա էլ քաղաքականություն մտնելու ձև չէր։ Ինքը կարող էր նմանօրինակ տեքստ գրել այն ժամանակ, երբ հայտարարեր, որ մտնում է քաղաքականություն և համաձայն չէ, որ այս ուղղությամբ գնա պետությունը։

- Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ դեռ պետք է պարզել, թե ո՞վ է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, ինչպես նաև ակնարկեց, որ նա կապ ունի կոռուպցիոն շրջանակների հետ։ Ի պատասխան Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի կապ չունի նման շրջանակների հետ, շեշտեց հատկապես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը։ Ի՞նչ է սա նշանակում։

- Վլադիմիր Կարապետյանն ընդհանուր առմամբ կասկածի տակ էր դրել պարոն Վանեցյանի տեքստը։ Ես չգիտեմ՝ ինչ փաստեր ունեն կողմերը, բայց ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանը նախընտրեց հեռանալ մեկ այլ ձև։ Դա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը շատ զուսպ էր ներկայացրել նրա հեռանալն ու հրաժարականի միջնորդությունը բավարարելը։ Այս կտրվածքով չեմ կարող ասել, թե պարոն Վանեցյանը շատ բան շահեց, որովհետև համատարած ռեակցիան իր օգտին չէր։ Նորից եմ կրկնում՝ ինքը Նիկոլ Փաշինյանին հավասար պաշտոնյա չէ, որ հավասարը հավասարի հետ իրեն պահի՝ հակաճառելով հեռանա։ Նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի կողմից վարձված պաշտոնյա էր։

- Տևական ժամանակ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ուժային կառույցների ղեկավարներին, և առաջիկայում նոր հրաժարականներ են սպասվում։ Հնարավո՞ր է առաջիկայում այս առումով նոր զարգացումների ականատես լինենք։

- Եթե ուժային կառույցներն իրենց թափ չտան, ապա, այո, Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն արդարացի է։ Ակնհայտ է, որ տեղի են ունենում մի շարք հանցագործություններ, զարգացումներ, որոնց կանխարգելումն ազգային անվտանգության ծառայության կամ ոստիկանության տիրույթում է։ Եվ եթե նրանց կանխարգելիչ կարողությունները բարձր լինեին, ապա այս վիճակը չէր լինի։ Այդ դժգոհությունն ունի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ունի նաև հանրությունը։ Եվ միանգամայն արդարացի ու հասկանալի է վարչապետի մոտեցումը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am