«Կարծում եմ որոշակի ուղղորդված քարոզչություն կա իմ դեմ»․ Ռուբեն Բաբայանը չեղարկված համերգի եւ դրա շուրջ աղմուկի մասին

04-10-2019
1019 դիտում
«Կարծում եմ որոշակի ուղղորդված քարոզչություն կա իմ դեմ»․ Ռուբեն Բաբայանը չեղարկված համերգի եւ դրա շուրջ աղմուկի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

- Պարո՛ն Բաբայան, հայտնի դարձավ, որ տիկնիկային թատրոնի դահլիճում լեհական Vader խմբի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգը չեղարկվել է ձեր որոշմամբ: Նախքան այդ մեկնաբանություններ կային, որ սատանիստական խումբ է համերգ տալու թատրոնում: Արդյոք այդ ճնշումնե՞րը ձեզ ստիպեցին որոշում փոխել, և ինչի՞ հետևանք է ստեղծված իրավիճակը:

- Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրն անտեղյակությունից է գալիս: Նաև կարծում եմ, որ ինչ-որ տեղ թերացել են կազմակերպիչները, որովհետև նման համերգ կազմակերպելիս պետք էր նաև որոշակի լուսավորչական աշխատանք անցկացնել, որպեսզի այդքան մակերեսային ընկալումներ չլինեն:

Արդեն մոտ 15 տարի թատրոնում մշտապես և՛ ռոք փառատոներ, և՛ համերգներ են անցկացվում, որոնց մասնակցում են և՛ հայկական, և՛ օտարերկրյա խմբեր: Երբևիցե նման աղմուկ չէր եղել:

- Այսինքն՝ նախկինում երբեք նման աղմուկ չէ՞ր եղել:

- Ո՛չ, երբեք չէր եղել: Կարծում եմ, այստեղ նաև որոշակի ուղղորդված քարոզչություն կա իմ դեմ: Ես երեկ որոշակի նյութեր եմ նայել, որոնցում նույնիսկ խոսք է գնում այն մասին, որ պետք է ուշադիր լինել տիկնիկային թատրոնում  երեխաների համար նախատեսված ներկայացումներին, որոնք իրենց մեջ երևի պարունակում են թաքնված այլասերվածության քարոզչություն: Պատկերացրեք, թե ի՛նչ մակարդակի խոսակցություններ են դրանք:

- Ինչպե՞ս եք արձագանքում նման մեկնաբանություններին:

- Հենց սկսում ես դրանք մեկնաբանել, միանգամից տեղափոխվում ես նույն դաշտ: Բացարձակ իմաստ չկա անդրադառնալ այդ մարդկանց: Դա բացարձակ սուտ է, բայց երբ դու սկսում ես արդարանալ, կամա թե ակամա ընդունում ես որոշակի մեղքի բաժին: Արդարանալ կարող է լինել միայն նորմալ մեղադրանքից հետո, ո՞րն է մեղադրանքը:

Թատրոնի խաղացանկում կա 40-ից ավելի ներկայացում, որոնք բեմադրել են տասնյակից ավելի ռեժիսորներ, որոնք հավաքվել են 20-40 տարվա ընթացքում: Եվ, ընդհանրապես, ինչի՞ մասին է խոսքը: Նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածում, հատուկ դիմում են մանիպուլյացիայի, կեղծիքի՝ միամիտ, վախերով ապրող հանրությանը վախեցնելու համար: Մենք գիտենք, որ մարդկանց տգիտության մեջ պահելու լավագույն միջոցը վախերով առաջնորդելն է:

Ես նաև խոսակցություն եմ ունեցել ռոք սիրողների հետ: Իրենք շատ պասիվ  են այս տեսանկյունից, իրենք պետք է կատարեին որոշակի նախապատրաստական ու լուսավորչական աշխատանք: Մարդիկ պետք է իմանան, պետք է կրթվեն, հասկանան, թե աշխարհում ի՛նչ է կատարվում, որ մշակույթին չի կարելի վերաբերվել որպես քարոզչամիջոցի և չի կարելի նույն չափանիշներով դատել, ինչով կենցաղն են դատում: Պարզապես նստել տանն ու տալ քոմենթներ, որևէ հանրային քայլ չձեռնարկել, տպավորություն է ստեղծվել, որ հանրությունն ընդհանրապես դեմ է դրան:

Անկախ նրանից, ես ինչպես եմ ընկալում ու գնահատում, այդպիսի տպավորություն էր, նկատի ունեմ այդ սատանիստական քարոզչությունը: Եվ դրան չհակադարձել նորմալ, մակարդակով, կիրթ ու մասնագիտական վերլուծությամբ ու լուսավորչական աշխատանքով: Այս պարագայում, քանի որ ես պետական թատրոնի ղեկավար եմ, և բազմիցս հնչել են սպառնալիքներ թատրոնի հասցեին, ես որոշեցի այդ միջոցառման անցկացումը թատրոնում չեղարկել:

Հետագայում, եթե նման բան լինի, որովհետև ես կարծում եմ, որ մենք կշարունակենք և՛ ռոք համերգներ, և՛ փառատոներ կազմակերպել, պարզապես պետք է որոշակի աշխատանք կատարվի նաև իրազեկման առումով: Ընդունել մի դիրք ու ասել՝ չեք հասկանում, հեչ էլ հասկանաք, այդքան էլ ճիշտ չէ:

- Դուք ասացիք՝ հասարակությունը տրվեց մանիպուլյացիաների: Սա միակ դեպքը չէ, մենք տեսնում ենք, որ տարբեր թեմաներով հասարակությունը հեշտությամբ տրվում է մանիպուլյացիաների, ինչի՞ հետևանք է դա:

- Երբ մենք խոսում ենք այն մասին, որ վերջին 30 տարվա ընթացքում խայտառակ վիճակում են եղել մեր կրթությունը և մշակույթի կիրառական նշանակությունը, դա պետք է մի օր նման հետևանքի հանգեցներ: Ես կարծում եմ՝ այսօր մենք քաղում ենք այն պտուղները, սերմերը, որոնք ցանում էինք երկար տարիներ:

Երբ մենք խոսում ենք մշակույթի մասին, մշակույթը հենց մշակելն է, եթե մենք դրանով չենք զբաղվում, չենք լուսավորում հասարակությանը, ուրեմն պարզ է, որ մի օր կգան մութ տենդենցներ ու կփակեն դա, որովհետև տեղը դատարկ չի մնում: Այն կա՛մ լույսով է լցվում, կա՛մ մթությամբ: Եթե մենք չենք լուսավորում, կգա մթությունը:

Սա մեծ պրոբլեմ է, սա միայն մեր պրոբլեմը չէ, մի աշխատանք է, որը պետք է մշտապես իրականանա: Մենք բարձիթողի վիճակում ենք դրել մեր հասարակությունը: Առանց այն էլ հասարակությունը տառապում է տարբեր տեսակի վախերով, այս վախերը սկսում են ավելի շատ զարգացնել՝ մեզ ուզում են կործանել, մեր ազգը, մեր մաքրությունը և այլն: Հասարակ շվարած մարդն ավելի շատ հավատում է այդ պարզունակ փաստարկներին, որովհետև ինքը չի ստացել դրան դիմադրելու նորմալ կրթություն ու մշակույթ, որպեսզի սեփական ուղեղով առաջնորդվի, ոչ թե քայլի այնպես, ինչպես իրեն հրահանգել են:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am