«1915-ին թուրքերը կորցրել են իրենց կայսրությունը, հայերը` իրենց հայրենիքը». Հասան Օկտայ

27-04-2013
481 դիտում
«1915-ին թուրքերը կորցրել են իրենց կայսրությունը, հայերը` իրենց հայրենիքը». Հասան Օկտայ

«Մեդիալաբի» զրուցակիցն է Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն, ազգությամբ թուրք Հասան Օկտայը:

 - Պարո´ն Օկտայ, այսօր Թուրքիայում ի՞նչ վերաբերմունք կա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրության սկզբնական փուլի համեմատությամբ փոփոխություն նկատվո՞ւմ է:

- Արձանագրություններն անշուշտ կարևոր են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը օրակարգ բերելու առումով: Սակայն այդ ընթացքը երկու երկրների կողմից էլ առողջ չկառավարվեց: Հայաստանը սփյուռքի թակարդում է, իսկ Թուրքիան Ադրբեջանի թակարդում չկարողացավ ճիշտ գնահատել արձանագրությունների ընթացքը: Պետք է երկու կողմերին էլ քննադատել: Արձանագրությունների ստորագրման սկզբնական ընթացքում Թուրքիայում տիրում էր դրական միջավայր, որն այսօր չկա: Դրա հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը գործադրում է դիվանագիտական հզոր գործոնը և հսկողության մեջ առնում Թուրքիայի հասարակությանը: Որպես ապացույց կարող ենք նշել վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի մեծ աջակցությունը Խոջալուի հարցի բարձրաձայնմանը Թուրքիայում: Այսպիսով փակվում է Հայաստանի հետ համերաշխության դուռը: Նման օրինակ կարելի է բերել Հայաստանում ապրիլի 24-ին թուրքական դրոշն այրելը: Վերջին հինգ տարիների վերլուծություններ անելիս աչքի են ընկնում դրանք: Այս զարգացումներն արձանագրության հետ առաջացած դրական մթնոլորտը վերածում են բացասականի:

 - Թուրք հանրության մեջ Ցեղասպանության հարցի շուրջ փոփոխություններ կա՞ն: Նկատում ենք, որ ամեն տարի 1915-ի համար հայերից ներողություն խնդրել ցանկացող թուրք մտավորականների թիվը շատանում է:

 - Թուրք հանրությունը հայ հանրության պես չէ, այստեղ հարցն այն է, որ Հայաստանի ժողովուրդը և մտավորականները դժվարանում են հասկանալ Թուրքիային: Թուրքիայում մտավորականները չեն շարժվում պետության հետ, նրանցից ոմանք եվրոպամետ են, արևմտամետ կամ ամերիկամետ: Այս մտավորականները խնդիրներ ունեն Թուրքիայի պետության հետ, և այդ հարցերի լուծման մեջ շահարկում են հայերին և օգտագործում հարցն ի նպաստ իրենց: Այս մտավորականների շարժումը խաբում է Հայաստանին: Հարյուր տարի սպասումների մեջ գտնվող հայերին խաբում են Թուրքիայում որոշ մտավորականներ: Այստեղ նկատելին այն է, որ մտավորականների այդ նախաձեռնությունները Հայաստանում սպասումներ են ծնում:

 - Այդուհանդերձ, դուք ակնկալո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների բարելավում: Դրանից երկու երկրներն ի՞նչ օգուտ կունենան:

- Ես` իբրև 20 տարի Հայաստանի և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ աշխատանքներ ունեցող անձ, ցանկանում եմ, որ ամենակարճ ժամանակում հարաբերությունները կարգավորվեն: Երկու երկրների շահերն այդ հարցում տարբեր են, սակայն դրանից երկու երկրներն էլ մեծ օգուտ կունենան: Հայաստանը կունենա դուռ, որը բացվում է դեպի Արևմուտք, իսկ Թուրքիան` դուռ, որը բացվում է դեպի Արևելք: Հայաստանը կսկսի տնտեսապես բարգավաճել:

 - Ինչ եք կարծում, Թուրքիան ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայոց ցեղասպանության հարցում:

- Թուրքիայում ոչ մի կառավարություն նման պնդումների ճանաչման չի գնա: Դրա սպասումը, կարծեմ, ողջամիտ չէ: Այստեղ ավելի շատ գործ ունի Հայաստանը: Հայաստանի Հանրապետությունը պետք է նոր ռազմավարություն մշակի և 20 տարվա գնահատման գնա: Պետք է պարզել, թե մինչ այսօր վարած քաղաքականության արդյունքում ի´նչ շահ է ունեցել Հայաստանը, ի´նչ է հարկավոր փոխել: Այս հարցերի պատասխանը պետք է գտնել: Հայաստանն արդեն պետք է կարգավորվի, պետք է փորձի թոթափել պատմական ցավը: Աշխարհի երկրները չունեն Հայաստանի նման առաջնահերթություն: Հայաստանը և Թուրքիան համեմատելիս, այդ թվում` ԱՄՆ-ն, սկսել է դիրքորոշում ընդունել ի նպաստ Թուրքիայի: Հայաստանը պետք է այդ իրականությունն արդեն տեսնի: Այդ իսկ պատճառով պետք է ռազմավարությունների փոփոխություն տեղի ունենա: Հայաստանն իր տարածքում խնդիրներով ինչքա՞ն կարող է գոյատևել: Ոչ թե խնդիրներ, այլ պատասխանատվություն ստանձնած Հայաստանը կարող է լինել իր տարածքում մեծ:

 - Դուք 1915-ի իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում, բնութագրում:

- Նախ և առաջ 1915-ը ողբերգություն է: Թուրքերը կորցրել են իրենց կայսրությունը, հայերը` իրենց հայրենիքը: Այս երկու պատմական ժողովուրդները պետք է նստեն ու խոսեն միմյանց հետ: Պետք է վերացնել արգելքները: Բարեկամը ճիշտ, բայց ցավոտ է ասում: Հայերի մասին խոսողները երբեք ձեզ ճիշտը չեն ասել: Հայերին միշտ չարաշահել են, 2015 թվականի մասով մեծ սպասումների մեջ եք հայտնվել: Այն, որ 2015-ին ոչինչ չի լինելու, ընդամենը մեծ հուսախաբություն է տեղի ունենալու, փաստ է: Հարկավոր է նոր ռազմավարություն զարգացնել: Հայերը պետք է իմանան` կայսրություն կորցրած թուրքերից ի՞նչ են պահանջում, և պետք է իմանան, որ այդ կայսրությունը եղել է նաև իրենց կայսրությունը: Թուրքերն էլ պետք է իմանան, որ հայրենազրկված հայերն իրենց մարմնի մի մասն են, որի կորստով իրենք նույնպես մեծ կորուստ են ապրել: Հայերը և թուրքերը պետք է հասկանան, որ իրենք երկու տարբեր կրոնների պատկանելության նույն ազգն են:

Երջանկությունը կրկնապատկվում է, երբ այն կիսում են, վիշտը պակասում է, երբ այն կիսում են: Մենք` իբրև «Կովկասամ», արդեն 4 տարի է` ինչ լուռ աշխատանքներ ենք կատարում և, առանց շահարկելու հայերին, փորձում ենք հասկանալ նրանց: Մենք մեր կայքում` kafkassam-merkez.com, հայերեն լուրեր և վերլուծություններ ենք թողարկում: Այսպիսով փորձում ենք բոլորին ցույց տալ, որ հայերը և թուրքերը կհաշտվեն միմյանց հետ, քանի որ այս խռովված իրավիճակից օգտվողների թիվն օրեցօր շատանում է:

Մարի Ներսեսյան

© Medialab.am