Համաճարակը դանդաղ միտումներով նվազում է, բայց պետք է զգոն լինենք, պահպանենք երեք կարևոր կանոնները․ Գայանե Սահակյան

«Մեդիալաբի» հարցազրույցը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ

– Տիկի՛ն Սահակյան, կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի թիվը ցույց է տալիս, որ վարակը կարծես նահանջում է։ Իրականում այդպե՞ս է, ինչո՞վ կարող եք ուրախացնել մեզ։

– Այո՛, դանդաղ-դանդաղ տեմպերով նվազման միտում կա։ Եթե նախկինում թեստավորումների մեջ 40-46 տոկոս դրական դեպքեր ունեինք, ապա այժմ այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 16-20 տոկոսի։ Կայունացման միտումը դանդաղ տեպերով, բայց երևում է։ Այո՛, դրանով մենք կարող ենք ուրախացնել։

– Տիկի՛ն Սահակյան, դուք ասում եք, որ նվազման միտում կա։ Դա բնորոշ չէ՞ համաճարակային իրավիճակին։ 

– Իհարկե բնորոշ է, և սա համաճարակաբանական օրինաչափություն է։ Այսինքն՝ եթե ժամանակի ընթացքում համաճարակային իրավիճակը սրվում է, այն հասնում է իր գագաթնակետին, որից հետո դանդաղ սկսում է նույնկերպ՝ ինչպես բարձրացել էր, այդպես էլ դանդաղ միտումներով նվազել։ Այս օրինաչափությանը ենթարկվում է նաև կորոնավիրուսային հիվանդությունը։ Ամբողջ աշխարհում է սա դիտվում։

– Ինչի՞ հաշվին է այդպես։ Շատ են խոսում իմունային պատնեշի հաղթահարման մասին։

– Սա բաց գործընթաց է և կախված է մի շարք գործոններից։ Առաջին՝ ընդունենք այնպիսի սցենար, որ ոչինչ չի կատարվում, ոչ մի հակահամաճարակային միջոցառում չի ձեռնարկվում, այս դեպքում հիվանդացության մակարդակն ավելի բարձր է լինում, հիվանդների ու վարակակիրների թիվը ավելի մեծ է լինում, և ժամանակի ընթացքում համաճարակը հասնում է գագաթնակետին։ Նման դեպքերում նույն հաջողությամբ կոլեկտիվ իմունիտետի ձևավորման արդյունքում, երբ մեծ թվով մարդիկ են վարակվում, վիրուսի տարածման շրջանակները նեղանում են, և նորից արագ անկում է առաջանում։

Սցենարն այլ է, երբ վիրուսը տարածվում է նրա դեմ իրականացվող միջոցառումների պայմաններում, այսինքն՝ արտակարգ իրավիճակը, դրանից բխող բազմաթիվ հակահամաճարակային միջոցառումները, սահմանափակումները։ Նման իրավիճակը, ինչ խոսք, երկարաձգում է վիրուսի փոխանցման մեխանիզմը, շղթան, և շրջանակն է նեղանում։

Սա շատ կարևոր պայման է, քանի որ եթե չձեռնարկվեր որևէ կանխարգելիչ քայլ, առողջապահության ամբողջ համակարգը կպարալիզվեր՝ մահճակալներ չէին լինի, լաբորատորիաները չէին ունենա լայն հնարավորություններ հետազոտություններ կատարելու, դեղամիջոցներ չէին լինի և այլն։

Այս է պատճառը, որ վիրուսի դիմակայման զսպող մեխանիզմներ պետք է ներդրվեին, որոնք էլ իրականացվեցին մեր երկրում։ Սա է պատճառը, որ դանդաղ տեմպերով, ալիքաձև, աստիճանաբար հասավ իր բարձրագույն մակարդակին, որից հետո նորից նույն տեմպերով նվազում է, նվազում է, մինչև կհասնի զրոյի։

– Իսկ սեպտեմբերին կարո՞ղ ենք ակնկալել, որ սուր շնչառական վարակների ֆոնին Քովիդ-19-ի վիրուսը ևս ակտիվանա։ 

– Ճիշտն ասած, ցանկացած տեսակի վիրուս սեզոնային ակտիվացումներ ունի, այդ թվում՝ սուր շնչառական վիրուսները։

Բայց կան գործոններ, որոնք ներդրվեցին հակահամաճարակային միջոցառումների շրջանակում և իրենց դրական ազդեցությունը թողեցին վարակի տարածումը կանխելու վրա։ Այդ գործոններն են՝ դիմակ կրելը, ձեռքերը հաճախ ախտահանելը, լվանալը և ֆիզիկական հեռավորություն պահպանելը։ Դրանք, կարծում եմ, նաև բնակչության մշակույթի, կուլտուրայի մաս դարձան։

Օրինակ՝ դիմակների կրումը, դուք մի քանի տարի առաջ կպատկերացնեի՞ք, որ ամբողջ Հայաստանը դիմակ կրեր։ Բայց արդեն ժողովուրդը այս մշակույթի հետ կարծես մերվեց և սովորել է դրան։

Կարծում եմ՝ սա հենց Քովիդ- 19-ի համավարակի դրական դասերն են, որ պետք է քաղենք ու շարունակենք նաև հետագայում, ինչու ոչ, նաև սուր շնչառական վիրուսային վարակների ակտիվացման սեզոնին՝ սկսած հոկտեմբերից։ Մյուս գործոնը՝ ձեռքերը հաճախակի լվանալը։

Տեսեք՝ շուտով օգոստոս ամիսն է, և մենք չունենք աղիքային բռնկում․ այս ժամանակահատվածը աղիքային վարակների տարածման ժամանակահատվածն է՝ շոգ եղանակ, սննդամթերք և այլն։

Սա, կարծում եմ՝ մաքուր պահելու, ախտահանվելու, մաքրումներ անելու մասին այս քարոզի, անընդհատ իրազեկման ակցիաների հետևանք է։ Իհարկե, շատ կարևոր է նաև միմյանցից ֆիզիկական հեռավորություն պահպանելը։ Պետք չէ զարմանալ, որ ժողովուրդը, ինչպես նաև տնտեսավարողները, այս գործոնները աշխատանքային գործընթացում պահպանեն նաև հետագայում։ 

– Այսօր կա՞ն հիմքեր արտակարգ դրության ռեժիմը հանելու համար։

– Նվազման միտում կա, բայց չեմ կարծում, որ հասել է այն պահը, որ պետք է հակահամաճարակային միջոցառումները հանվեն։ Դա պետք է արվի աստիճանաբար, փուլային։

Ի վերջո, կա նաև այլ երկրների փորձը, որոնք միանգամից բացեցին ճանապարհները, հանեցին սահմանափակումները, և արդյունքում ամբողջ Եվրոպայում դիտվում է երկրորդ ալիքը։ Հենց թեկուզ դիմակների պահը․ եթե նվազման այս միտումները շարունակվեն, գուցե բացօթյա տարածքում կարիք չլինի դիմակ կրելը պարտադրել։

Այդ հարցը քննարկվում է հիմա։ Բարեբախտաբար, կայուն նվազման միտում կա։ Բայց պետք է գոնե ավելի նվազի, որպեսզի մենք արհեստականորեն չխթանենք վարակի տարածումը։

– Կառավարությանը, առողջապահության համակարգին ընդդիմախոսները մեղադրում են համաճարակի հետևանքով 700-ից ավելի մահ ունենալու հարցում։ Եթե հետադարձ հայացք գցենք, կարո՞ղ էր համակարգը խուսափել այդքան մահ ունենալուց։

– 38 հազարից ավելի հաստատված վարակակիր ունենք և 728 մահ։ Եթե վարակակիրների ու մահերի տոկոսային ցուցանիշը վերցնենք ու համեմատենք այլ երկրների հետ, իրականում մեր թվերն այնքան էլ բարձր չեն։

Կա՞ այնպիսի երկիր, որտեղ բնակչության թվի համեմատ այդպիսի թվով վարակակիրներ են գրանցվել, ու մահերի թիվը այսքան փոքր լինի։ Չկա այդպիսի բան։ Բոլոր երկրներում հազարավոր մահեր են գրանցվել, հազվադեպ երկրներում է, որ տոկոսային առումով փոքր թիվ է կազմել։

Զարգացած երկրների փորձը նայեք՝ կապ չի ունեցել նույնիսկ երկրի առողջապահության համակարգի զարգացած վիճակը, դեպքեր գրանցվել են։ Իրականում չպետք է մեղադրեն, քանի որ լարվածությունը բարձր էր, համավարակը լայն տարածում ունեցավ, այնպես որ, մահվան դեպքեր պետք է սպասեինք, հատկապես որ խոցելի խմբեր կային, և հենց նրանք են հիմնականում համավարակի զոհ դարձել։

– Տիկի՛ն Սահակյան, դուք նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարն եք, ի՞նչ կարող եք ասել Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման մասին՝ հաշվի առնելով, որ այն ձեռք բերելու հարցում երկրների միջև բարձր մրցակցության մասին արդեն իսկ հայտարարություններ կան։ Մենք, այդուհանդերձ, կարո՞ղ ենք ակնկալել, որ կունենանք որակյալ պատվաստանյութ։

– Այո՛, ճիշտ եք ասում՝ մրցակցությունը բավականին բարձր է երկրների միջև։ Հիշենք 2009 թվականը, երբ H1N1-ի պանդեմիան էր, այն ժամանակ աշխարհը պատրաստ չէր դրան, և երկրները, որոնք հարուստ էին ու արտադրում էին պատվաստանյութը, օգտվեցին, իսկ ավելի փոքր հնարավորություններով երկրները չօգտվեցին։

Այսինքն՝ պատվաստանյութի հավասար մատչելիություն չկար երկրների միջև։ Այսպիսի իրավիճակ կարող է լինել նաև Քովիդ-19-ի պատվաստանյութի առումով, սա է պատճառը, որ ԱՆ-ն սկսել է միջոցառումներ, բանակցություններ իրականացնել արտադրող ընկերությունների հետ, երկրների միջև համագործակցության նախաձեռնություններ են սկսել՝ հենց այդ մատչելիությունը ապահովելու համար։

Բայց եթե վերցնենք ընդհանուր զարգացման միտումները, այն սպասելիքը, որ հայտարարվում էր, թե մինչև 2020 թվականի վերջ պատվաստանյութը հասանելի կլինի ու կտրվի երկրներին, չեմ կարծում՝ այդպես լինի։ Շատ քիչ են երաշխիքները, որ մինչև տարվա վերջ ամբողջ աշխարհը պատվաստանյութ կունենա։ 

– Այսինքն՝ մեր հույսը դնենք բնական իմունիտետի վրա։

– Մեր հույսը դնենք հակահամաճարակային բոլոր պաշտպանիչ միջոցառումների վրա՝ կրել դիմակ, հաճախ ախտահանել ձեռքերը, կուտակումների մեջ չընկնել, պահպանել ֆիզիկական հեռավորություն։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am