Իրավունք. ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի հետ տուժած տասնյակ քաղաքացիներն իրենց բնակարաններն են պահանջում

08-05-2013
343 դիտում
Իրավունք. ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի հետ տուժած տասնյակ քաղաքացիներն իրենց բնակարաններն են պահանջում

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով հիմնադրված, սակայն հետագայում «գործընկերների» միջոցով սնանկության հասցված ընկերությունից սփյուռքահայ գործարարի հետ միասին տուժած տասնյակ քաղաքացիները իրենց բնակարաններն են պահանջում: 

Թվով մոտ 10 քաղաքացիներից յուրաքանչյուրը տարիների ընթացքում կուտակած գումարները կորցնելու իր պատմությունն ունի, սակայն դրանցից յուրաքնաչյուրում ինչպես թալանի հերոսներն, այնպես էլ տուժած քաղաքացիների գումարների յուրացման ճանապարհները նույնն են, իսկ այս քաղաքացիներն արդեն հոգնել են այդ ամենի մասին խոսելուց:

Նրանք հիմա պարզապես իրենց բնակարաններն են պահանջում, որոնք ի դեպ «Վ.Մ.Գ գրուպ»  ՓԲԸ-ի ներկայումս կալանքի մեջ գտնվող սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի ձեռքով արդեն գրավադրված են բանկում:

«Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկությունից տուժած անձանց ցուցակը բավական լայն է: Տուժած քաղաքացիների ցուցակում են ինչպես սփյուռքահայեր, այնպես էլ Հայաստանաբնակ հայեր, սակայն նրանցից միայն տուժած Լուսինե Գյուլխասյանին է մինչ օրս հաջողվել բնակարանի թալանի վերաբերյալ գործով առանձին քրեական գործի հարուցման հասնել և ի վերջո այն հասցնել դատարան:

Մյուս տուժած գնորդների դեպքում առանձին քրեական գործեր չեն հարուցվել: Այս անձինք սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հետ միասին արդեն 2 տարի է սպասում են հարուցված քրեական  գործով նախաքննության ավարտին, որը ինչպես բազմիցս հայտնել ենք ՊԵԿ քննչական վարչությունից շուրջ մեկ ամիս առաջ ուղարկվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Թե քննչական այս մարմնում նախաքննությանն ինչ ժամկետներ կվիճակվի, առայժմ պարզ չէ: Սա էլ դեռ բավական չէ քաղաքացիների բնակարանները, որոնք գրավադրված են բանկում, մինչ օրս արգելանքի տակ չեն առնվել: Դրանք մնացել են պարզապես ճակատագրի քմահաճույքին:

Տուժած գնորդներից  օրինակ ԱՄՆ քաղաքացի Աշոտ Աբրահամյանը  300 հազար ԱՄՆ դոլար է վճարել շենքի 3-րդ հարկում բնակարան գնելու համար: Խոսքը շենքի թիվ 18 տարածքի մասին է`104.1քմ մակերեսով և նույն շենքի 10-րդ հարկի թիվ 47բնակարանի` 160քմ մակերեսով:

Բացի նշվածներից գնորդը վճարել է նաև 2 տեղանոց ավտոհանգրվանի համար: Այս գնորդը, ինչպես և մնացածները, «Արին կապիտալի» ՍՊԸ-ի հետ ունի պայմանագիր, սակայն անվերջանալի քաշքշուկներից հոգնած նա միայն բնակարանի գումարն է ցանկանում հետ ստանալ:

Նշենք, որ ըստ Սնանկության գործով որոշման` ինչպես քաղաքացի Աշոտ Աբրահամյանի, այնպես էլ մյուս տուժածների բնակարանները «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել են Վլադիսլավ Մանգասարյանի մատնանշած անձանց:

Մասնավորապես Աշոտ Աբրահամյանի թիվ 18 տարածքը 17.05.2011թ. որոշմամբ տրվել է ոմն Արթուր Հրաչյայի Հովսեփյանին, իսկ 09.07.2012թ. որոշմամբ` ոմն Լուսինե Ռոբերտի Մաիլյանին, իսկ 47բն.-17.05.2011թ. որոշմամբ` Ավետիք Հարությունի Վարսանյանին: Ի դեպ կեղծ գնորդների ցուցակներում Հովսեփյան և Վարսանյան ազգանունները մի քանի անգամ են հիշատակվում:

Մյուս տուժած քաղաքացու` Էդգար Շահբազյանի կողմից շենքի 10-րդ հարկում 168 քմ մակերեսով թիվ 46 բնակարանը ևս սնանկության գործով որոշմամբ «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել է Վլադիսլավ Մանգասարյանի մատնանշած անձանցից Ավետիք Հարությունի Վարսանյանին: Հերթական տուժած ԱՄՆ քաղաքացին էլ իր բնակարանի համար վճարած 188.000 $ գումարն է պահանջում:

Մաշտոցի 33 շենքում բնակարան գնած ու խաբված մյուս ԱՄՆ քաղաքացի Հռիփսիմե Ֆիլիկյանն էլ այս անվերջանալի քաշքշուկներից հոգնած իր բնակարանի փոխարեն նույնպես վճարած գումարն է պահանջում: Նա վճարել է շենքի 3-րդ հարկի 56.4քմ մակերեսով թիվ 13 տարածքի և շենքի  7-րդ հարկի 74քմ մակերեսով թիվ 26 բնակարանի համար:

Հռիփսիմե Ֆիլիկյանը նաև 17 քմ մակերեսով ավտոկայանատեղի ունենալու համար է վճարում կատարել: Ընդանուր վճարված գումարը կազմել է 160.000 $:

Այս տիկինն ունի նաև պայմանագիր «Արին կապիտալի» ՍՊԸ-ի հետ, սակայն անկախ այդ հանգանամանքից` թիվ 13 տարածքը 17.05.2011թ սնանկության որոշմամբ «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել է Վլադիսլավ Մանգասարյանի մատնանշած անձանցից Կարեն Հրանտի Ավդալյանին, իսկ 26 բնակարանը`Մերի Վիկտորի Հարությունովային:

Նույն դառը ճակատագրին է արժանացել նաև ԻԻՀ քաղաքացի Կարհին Բեգջյանը, որը 52.000 $ է վճարել շենքի 12-րդ հարկի 52.5քմ մակերես ունեցող թիվ 59 բնակարանի համար, մինչդեռ նրա բնակարանն էլ 17.05.2011թ. սնանկության որոշմամբ «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել է Բարսեղ Արտավազդի Նազարյանին:  Այս քաղաքացին ևս այժմ բնակարանի փոխարեն իր գումարն է պահանջում:

Վերջերս Երևանի Կենտրոնի դատարանում իր սեփականության իրավունքի ճանաչումն էր պահանջում Մաշտոցի 33/1 շենքի թիվ 21 բնակարանը գնած, իսկ հետագայում սեփականության վկայական չստացած խաբված գնորդներից սփյուռքահայ Արա Միրզայանը:

Այս քաղաքացին իր բնակարանը գնելուց հետո այն վերանորոգել, կահավորել է և 3 տարի ապրելուց հետո է միայն պարզել է, որ Վլադիսլավ Մանգասարյանի թեթև ձեռքով բնակարանն այլևս իրենը չէ: Քաղաքացու բնակարանը Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ»-ի միջոցով  տրվել է այլ անձանց: Իսկ խոսքը վերաբերում է մի բնակարանի, որի համար գնորդը դեռևս 2007թ. վճարել է 120.000 ԱՄՆ դոլար:

«Ես դարձել եմ անօրինականությունների, խարդախության, խաբեության զոհ և ընտանիքիս հետ հայտնվել եմ անելանելի իրավիճակում: 2007 թվականին ես վճարելով բնակարանի ամբողջ արժեքը: Ինձ ընդամենը հանձնվեցին պատեր և մնացած վերանորոգումը կատարել եմ ես իմ միջոցներով: Ես սկսեցի տիրապետել գույքս, կատարեցի վերանորոգում, տեղադրեցի մուտքի դուռը, 50 հազար ԱՄՆ դոլարի կահույք բերեցի Իրանի հանրապետությունից, լիովին կահավորեցի բնակարանս: Յուրաքանչյուր տարի մի քանի անգամ ընտանիքիս հետ գալիս էինք հայրենիք և բնակվում մեր տանը»,- պատմում է տուժած քաղաքացին և հիշում այն չարաբաստիկ օրը, երբ հերթական անգամ գալով Երևան պարզվում է, որ բնակարանի մուտքի դռան կողպեքը փոխված է և չի կարող մուտք գործել իր տուն.

«2012 թվականի օգոստոսի 6-ին, հերթական անգամ եկանք Հայաստան և բարձրանալով մեր բնակարան հայտնաբերեցինք, որ կողպեքները փոխված են: Ինչ է եղել բնակարանումս գտնվող գույքի հետ անհայտ է, ով է մուտք գործել իմ բնակարան, անհայտ է: Միայն ասեկոսներից իմացա, որ բնակարանս վաճառվել է այլ անձանց»:

Արա Միրզայանը վստահ է, որ կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հանցագործություն, որի բացահայտումը միայն դատախազության միջոցով հնարավոր կլինի գտնել, իսկ այս ամենի գլխավոր դերակատարը ըստ գնորդի հենց Վլադիսլավ Մանգասարյանն է.

«Ես վստահ եմ, որ ամեն բան Վլադն է արել, նա պետք է ինձ տար վկայականը, բայց չէր տալիս, անընդհատ ձգձգում էր, այսօր վաղն էր անում: Ու մի օր էլ հանկարծ Վլադն ասաց, որ բնակարանս ուրիշին են վաճառել, ինձ էլ ասում էր արի դատարակի տունը ապրանքներից, դու էստեղ բնակարան չունես»,- պատմում է քաղաքացին:

ԻԻՀ քաղաքացի Ռաֆի Եսային ևս ընկել է միևնույն պատմության մեջ: Վերջինս  60.480.000 հազար ՀՀ դրամ է վճարել շենքի 2-րդ հարկի թիվ 6 տարածքի համար, իսկ նրա բնակարանը 09.07.2012թվականի որոշմամբ տրվել է Վլադիսլավ Մանգասարյանի մատնանշած անձանցից Էլմիրա Աբրահամի Աբգարյանին:

Ռուսաստանաբնակ Արմեն Բագիրովը 65.375 դոլար է վճարել շենքի 4-րդ հարկում բնակարան գնելու համար, իսկ նրա բնակարանը նույն 17.05.2011թ. որոշմամբ տրվել է Մանգասարյանի մատնանշած անձանցից Հրանտ Կարենի Ավդալյանին:

Երևանաբնակ Դավիթ Հարությունյանը 152.677 դոլար է վճարել շենքի 2-րդ հարկում գտնվող թիվ 7 տարածքի համար, մինչդեռ նրա տարածքը 17.05.2011թ. որոշմամբ հանձնվել է Աշոտ Օնիկի Հովսեփյանին:

ՌԴ քաղաքացի Նունե Սահակյանը  4-րդ հարկ, թիվ 6 բնակարանի համար վճարել է 146.300 դոլարր: Վլադիսլավ Մանգասարյանը «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ միջոցով 08.12.2010թ. պայմանագիր է կնքել բնակարանը հանձնելու մասին և լրացուցիչ 10.000 $ է ստացել: Սակայն բնակարանն այդպես էլ Նունեին չի հանձնվել:

Նունե Սահակյանի բնակարանը 09.07.2012թ. որոշմամբ հանձնվել է Ահարոն Հենրիկի Ստեփանյանին: Տուժած գնորդը կամ բնակարանն է ցանկանում, կամ գումարային փոխհատուցում:

Երևանաբնակ Վլադիմիր Սարգսյանը  160.000 ԱՄՆ դոլար է վճարել շենքի 7-րդ հարկի թիվ 27 բնակարանի համար, սակայն վերջինիս բնակարանն էլ 09.07.2012թ. որոշմամբ տրվել է Մանգասարյանի մատնանշած անձանցից Իրինա Գագիկի Մհերյանին:

«Բոլորի նման ես էլ խաբվածների ցուցակում եմ, գումարը ամբողջությամբ վճարել եմ բնակարան ստանալու համար, բայց ցավոք չեմ ստացել: Արդեն 3 տարի է նույն բաներն եմ լսում այս պատմության հեղինակներից, փորձում եմ իրավաբանորեն լուծել այս հարցը»,- պատմում է տուժած քաղաքացին:

Սիրիայի քաղաքացի Բարսիխ Բարսիխյանը շենքի 7-րդ հարկում բնակարան ունենալու համար է 180.000 ԱՄՆ դոլար վճարել և հիմա միայն իր գումարն է պահանջում: Մյուս տուժած գնորդ Միքայել Կեմեչեչյանը 149.000 ԱՄՆ դոլար է վճարել շենքի 4-րդ հարկի 3-րդ բնակարանի համար:

Քաղաքացու բնակարանը 17.05.2011թ. որոշմամբ ոմն Լևոն Պետրոսի Դանիելյանին է հանձնվել, իսկ քաղաքացին հիմա իր գումարն է պահանջում: Իր բնակարանը պահանջող մյուս տուժած քաղաքացի Սարգիս Պետրոսյանը 147.800 ԱՄՆ դոլար է վճարել թիվ 24բնակարանի համար: Այս քաղաքացուց Վլադիսլավ Մանգասարյանը գումարներ է ստացել ու ստացական տվել, մինչդեռ բնակարանը 17.05.2011թ. որոշմամբ հանձնվել է Մնագասարյանի մատնանշած անձանցից ոմն Մագդա Վալենտինի Սարգսյանին:

Ինչ վերաբերում է շենքի հիմնադիր և այս պատմության մեջ ամենախոշոր տույժերը կրած ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանին, վերջինս շենքի 10-րդ հարկի թիվ 45 բնակարանի համար է 170.000 ԱՄՆ դոլար վճարել: Ըստ գործարարի փաստաբանների ունեցած տեղեկությունների` Վլադիսլավ Մանգասարյանը 16.06.2010թ-ին 200.000 ԱՄՆ դոլարով այս բնակարանն ու ավտոհանգրվանը վաճառել է և գումարը գրպանել:

Այնուհետև գումարի կեսը /37.400.000 դրամ/ նույն օրով, որպես «ՎՄԳ գրուպ»-ի կողմից «Արին կապիտալին» տրված փոխառություն է ձևակերպել, իսկ բնակարանի օտարման պայմանագիրը կնքվել է  04.08.2010թ.` Հարություն  Նիկողոսյանի հետ:  Շենքի 3-րդ հարկի թիվ 17 տարածքի համար Էդմոնդ Խուդյանը վճարել է 80.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ Վլադիսլավ Մանգասարյանը 30.000 ԱՄՆ դոլար անձնական պարտքի դիմաց 07.08.2010թ. պայմանագրով տարածքը հանձնել է Արմեն Գալստյանին: Սակայն ամերիկահայ գործարարի կրած վնասներն այս բնակարաններով չեն սահմանափակվում: 01.10.2007թ. եռակողմ պայմանագրով նախատեսված ներդրման դիմաց գործարարին չվճարված գումարը կազմում է ավելի քան 1.000.000 ԱՄՆ դոլար: Վերջին 3 տարիների ընթացքում ԱՄՆ քաղաքացին մեծ ծախսեր է կատարել Հայաստանում իր իրավունքների պաշտպանության, ինչպես նաև տուժած սփյուռքահայերի վնասների մասնակի փոխհատուցման նպատակով:

Նկատենք, որ Մաշտոցի 33/1 շենքից թալանված նույն այս տարածքները շարունակում են մնալ ճակատագրի քմահաճույքին: Թեև դեռևս ապրիլի 2-ից ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, ՀՔԾ-ն ևս մինչ օրս արգելանք չի դրել այն տարածքների վրա, որոնք «Վ.Մ.Գ գրուպ» ՓԲԸ տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանն է գրավադրել բանկում:

Սա անկախ այն հանգամանքից, որ ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը Վլադիսլավ Մանգասարյանին առաջադրած մեղադրանքում հստակ հիմնավորել էր, որ սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերության տարածքները Վլադիսլավ Մանգասարյանը կեղծ պարտավորությունների հիման վրա է գրավադրել բանկում: Իսկ քանի որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող, սփյուռքահայ ներդրողի միջոցներով կառուցված 33/1 շենքի այդ հսկայական տարածքները մինչ օրս արգելանքի տակ չեն վերցվել, դրանք հերթով անցնում են բանկի տիրապետմանը, ինչը էլ ավելի կդժվարացնի հետագայում բնակարանների վերադարձման գործը:

Ներկայումս կալանավորված Վլադիսլավ Մանգասարյանը «Արին կապիտալ» ընկերությունից ապօրինաբար անհատույց ձեռք բերած Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունը, ինչպես հայտնի  է նույնպես գրավադրել է «Հայբիզնեսբանկ»-ում: Բանկում գրավադրված տարածքների գումարային արժեքը կազմում է շուրջ 3 մլն 500 հազար դոլար: Իսկ մի քանի ամիս առաջ պարզ դարձավ, որ «Հայբիզնեսբանկն» օժանդակում է վաճառել սփյուռքահայ գործարարի ընկերությունից թալանված տարածքները:(http://www.panorama.am/am/society/2009/02/13/kb/www.regnum.ru/news/polit/1515007.htm/?sw ):

Սակայն հիմա էլ, նոր քննիչները ՀՔԾ-ում  թեև շարունակում են գործի քննությունը և տեղյակ են կեղծ փոխառությամբ գրավադրված տարածքների մասին, կրկին արգելանք չեն դնում տարածքների վրա և դրանք մնացել են ճակատագրի քմահաճույքին: Տուժած գնորդներից մեկը, Դավիթ Հարությունյանն, օրինակ, արդեն պարզել է, որ որ իր բնակարանը, որը գտնվում է այդ գրավադրված տարածքների մեջ, արդեն անցել է բանկի տիրապետմանը:

Ի դեպ, տուժած քաղաքացիների կողմից կատարված վճարումներից իր մասնաբաժինն ունի Վլադիսլավ Մանգասարյանի գործընկեր, ներկայումս սնանկ ճանաչված ընկերության մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանը:

Մասնավորապես, Արա Մալեք Միրզայանի կողմից բնակարանի համար վճարված գումարի մի մասը «Արին Կապիտալ» ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը 2007 թվ. նոյեմբերի 16-ին  ընկերության բանկային հաշվին մուտք է արել, իբրև, Ղևոնդ Ղալումյանի անունից ընկերությանը տրված  փոխառություն:

Ղևոնդ Ղալումյանը 2007-2009թ.թ. շուրջ 9 և ավելի գնորդների կողմից կատարված  վճարներից նույն այս եղանակով իրականացված գործարքներից հետո, որպես կեղծ փոխառությունների վերադարձ, ընկերությունից ստացել է 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 333.275.870 ՀՀ դրամ գումար: Ղևոնդ Ղալումյանի մասով նույնը փաստվում է նաև տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի գործով:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնողխումբ