Շանթ Հարությունյանը կոչ է անում «Ֆեյսբուքում գրելու փոխարեն հավաքվել Ազատության հրապարակում» և այնտեղ շնորհավորել իր տարեդարձը

01-02-2014
438 դիտում
Շանթ Հարությունյանը կոչ է անում «Ֆեյսբուքում գրելու փոխարեն հավաքվել Ազատության հրապարակում» և այնտեղ շնորհավորել իր տարեդարձը

Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը կոչ է արել մտերիմներին եւ ընկերներին իր ծննդյան օրը նշել Ազատության հրապարակում: Այդ մասին գրառում է կատարվել նրա Ֆեյսբուքյան էջում: 

Շանթ Հարությունյանը, ով նախորդ տարվա աշնանը «Ես սկսում եմ հեղափոխություն» բավանդակությամբ պաստառով նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, ձերբակալվել էր նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, երբ դեպի նախագահական նստավար երթի ժամանակ ոստիկանների և նրա կողմնակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել: 

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական Օրենսգրքի 316 հոդվածքով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Հարությունյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Ամեն տարի փետրվարի 3-ին՝ ծննդյանս օրը, գրառումների տեսքով տասնյակ ու հարյուրավոր շնորհավորանքներ եմ ստացել: Ինչպես գիտեք, գտնվելով բանտում, այս տարի չեմ կարող կարդալ այդ գրառումները:

Ահա և դիմում եմ բոլոր իմ ընկերներին, բոլոր նրանց, ովքեր այս տարի ևս կհիշեն և կշնորհավորեն  ծննդյանս օրը, կոչ անելով՝ ֆեյսբուքում գրելու փոխարեն հավաքվել Ազատության հրապարակում և այնտեղ նշել, շնորհավորել ծննդյանս տարեդարձը:

Կարծում եմ՝ այս ձմռան ցրտին կես ժամից մինչև մեկ ժամ տրամադրելն ու Ազատության հրապարակում գտնվելը մեծ զոհողություն չի լինի իմ ֆեյսբուքյան և մյուս ընկերների համար: Խոսքս, անշուշտ, չի վերաբերվում արտասահմանում ապրող ընկերներիս:

Ասեմ, որ ազատության մեջ գտնվելիս շատ հաճախ չեմ էլ հիշել ծննդյանս օրը, հաճախ էլ՝ առավոտ շուտ հեռացել եմ տանից, որպեսզի առիթ չունենամ նշելու այն: Ուզում եմ ասել, սիրելի՛ ընկերներ, որ իմ այս կոչն անձնական քմահաճույքի դրսևորում չէ, այլ առիթ` ևս մեկ անգամ հայ հասարակությանը հիշեցնելու, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է հեղափոխություն:

Նշեմ նաև,որ իմ ընկերներից ոմանք իրենց ծննդյան տարեդարձը նույնպես դիմավորեցին բանտում: Բայց, ի վերջո, ես իրավունք չունեի նրանց մտերիմներին ու հարազատներին կոչելու, որ այդ օրերը նշեն Ազատության հրապարակում. դա կարող էին անել բանտում գտվող ընկերներս:

Այնպես որ, որևէ բարոյական սկզբունք չեմ խախտում ընկերներիս հանդեպ, երբ այժմ դիմում եմ իմ կողմնակիցներին, որ փետրվարի 2-ին, մեկ ժամով հավաքվեն Ազատության հրապարակում և դարձյալ հաստատեն, որ Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն:

Բոլորիդ շատ կարոտել եմ և համբուրում եմ:

Շանթ»

© Medialab.am