«Եթե Հայաստանում տնտեսական սյուներ են առաջանում, դա չի կարելի օլիգարխիա համարել». Գալուստ Սահակյան

27-02-2013
324 դիտում
«Եթե Հայաստանում տնտեսական սյուներ են առաջանում, դա չի կարելի օլիգարխիա համարել». Գալուստ Սահակյան

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը դեռևս 2009 թվականի մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր, որ հետևողական պայքար են տանելու օլիգարխների դեմ: Նա նշել էր, որ օլիգարխիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին քաղաքական որոշումը շատ վաղուց է կայացված եղել, քանի որ այդ երևույթները երկրի հետընթացն են ապահովում։ «Այս պայքարում մենք կաջակցենք մեր թիմի անդամին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին»,- ասել էր նա: «Մեդիալաբը» Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե օլիգարխների ու մենաշնորհների դեմ պայքարի անցած տարիներին ի՞նչ աշխատանք կատարվեց երկրում, և ինչպե՞ս աջակցեցին Տիգրան Սարգսյանին:

- Պարո´ն Սահակյան, ՀՀԿ-ին հաջողվե՞ց այս տարիներին առաջընթաց արձանագրել այդ ուղղությամբ:

- Նախ ասեմ, որ ես նման հայտարարությամբ հանդես չեմ եկել: Ես կարծում եմ, որ ոչ թե պիտի օլիգարխների դեմ պայքար տանենք, այլ պիտի էնպիսի դաշտ ստեղծենք, որպեսզի օլիգարխներ չառաջանան: Բայց միևնույն ժամանակ ասեմ, որ մեր նման փոքր պետություններում, մանավանդ որ սահմանային խնդիրներ ունեն, կարծում եմ՝ դա բնական երևույթ է, որ օլիգարխներ պիտի առաջանային, քանի որ դաշտն այնքան մեծ չէ: Հայաստանը շատ փոքր է ներդրումների համար, դա ոչ թե մտածված երևույթ է, այլ հետևանք մեր իրավիճակի: Իհարկե, մեզ համար քննադատելի է ոչ թե, այսպես ասեմ` օլիգարխները, այլ մոնոպոլ կարգավիճակները, որոնք միշտ էլ խեղդում են պետության հիմնական զարգացումները: Բնականաբար, էդ դիրքորոշումը ոչ թե միայն ես ունեմ, այլև ամբողջ մեր թիմը: Բայց դրա համար ոչ թե պիտի էսպես բռնի ձևով, կուլակաթափության ձևով պայքարել, ինչպես որոշ քաղաքական լիդերներ են անում, այլ իշխանությունները պիտի կարողանան դաշտը այնպես համակցված, օրենսդրությամբ կարգավորել, որպեսզի նման երևույթներից զերծ մնանք:

- Ասում եք, որ Ձեր թիմի համար ընդունելի չեն մենաշնորհները, բայց կոնկրետ գործողություններ այդպես էլ տեսանելի չեն: Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գործարար պատգամավորներն այլևս խորհրդարանում չեն լինի, սակայն հակառակ պատկերը ստացվեց. նորից Ազգային ժողովում են Սամվել Ալեքսանյանն ու շատ ուրիշ գործարար պատգամավորներ: Սա ինչպե՞ս եք մեկնաբանում:

- Գիտեք, օլիգարխ արտահայտությունը նաև իմացության խնդիր է, թե ի´նչն ենք համարում օլիգարխ: Եթե Հայաստանում տնտեսական սյուներ են առաջանում, դա չի կարելի օլիգարխիա համարել, այսինքն՝ էն մասսան, որոնք կարողանում են տիրապետել նաև իշխանություններին: Մենք որևէ անձ չունենք հանրապետությունում, ես սա դրական իմաստով եմ ասում, որ կարողանա տիրապետելի դարձնել իշխանություններին իր շահերի համար: Բայց երևույթն էնպիսին է, որ փոքր պետություններում ավելի հնչեղ է դառնում, և ես չեմ կարծում, որ մեր պայքարի ճանապարհն այն է, որ ամեն ինչ վերացնենք, նորից սկսենք, ոնց որ այս քարոզարշավի ընթացքում էր: Մենք ընդամենը պիտի կարողանանք զսպման մեխանիզմներ կիրառել, և դաշտն այնպիսին դառնա, որպեսզի օլիգարխիա չառաջանա: Դա նախ պիտի քաղաքական կամքի ուժով անել և նաև օրենսդրությամբ, որ մաքսային ծառայության ոլորտում բոլոր քաղաքացիները հավասար իրավունք ունենան, հարկային օրենսդրության պայմաններում բոլորը հավասար իրավունք ունենան: Շատ թվացյալ է թվում և ռոմանտիկա, որ կարող ես մեկ օրում մտրակես, և ամեն ինչ ստացվի: Բայց որ քաղաքական կամքը կա, ես կարծում եմ՝ դա հաղթահարելի կդառնա առաջիկա տարիներին:

- Դուք պնդում եք, որ ներկայիս իշխանություններն ունե՞ն այդ կամքը:

- Իհարկե, ոչ միայն կամքից է կախված, այլ նաև իրավիճակից: Այսօր այդ իրավիճակն է, որ հնարավորություններն ավելի բարձր կլինեն իշխանությունների համար: Մոտ ապագայում արդյունք կլինի, բայց ոչ շատ մոտ ապագայում:

- Պարո´ն Սահակյան, դուք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին օլիգարխ համարո՞ւմ եք:

- Չեմ համարում, որովհետև, ըստ էության ասում են, որ ինքն օլիգարխի պես էլ իրեն չի պահում: Պարզապես եկամուտների որոշակի պրոցեսներ կան: Նախ ասեմ, որ բանկային առումով նա շատ պարտքեր ունի՝ կապված նաև շաքարի գործարանի հետ: Այսինքն՝ էնպիսի մասերն է նա կարողացել իրադրության մեջ ընտրել, որը չկա Հայաստանում: Այսինքն՝ եթե շաքարի գործարան է պատրաստվում, Հայաստանում երկրորդը պետք չի: Դա մոնոպոլ կարգավիճակ է ստեղծում, բայց դա էն մոնոպոլիան չի և ոչ էլ օլիգարխիկ իրավիճակ է: Օլիգարխներ սովորաբար համարում ենք նրանց, որոնք իշխանության վրա ազդեցություններ ունեն: Մենք նման որևէ մեկը չունենք էս պահին, որ իշխանության վրա կարողանա ազդեցություն ունենա:

- Այս փուլում քննարկվում է Հայաստանում ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարքեթների ցանցի գործունեություն ծավալելու հարցը: Եվ, ըստ որոշ տեղեկությունների, հենց Սամվել Ալեքսանյանն է փորձում խոչընդոտել «Կարֆուրի» մոտքը հայաստանյան շուկա: Դրան ի՞նչ գնահատական եք տալիս, եթե ասում եք, որ Սամվել Ալեքսանյանն օլիգարխ չէ:

- Ես լավ ինֆորմացիա չունեմ էդ իմաստով, ես կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող մուտքն արգելել, որովհետև դա ներդրումային քաղաքականության մի մաս է: Իհարկե, բիզնեսի աշխարհում միշտ էլ մրցակցություն կա, որպեսզի դաշտն էնպիսին լինի, որ առավելություն տա տվյալ բիզնեսմենին: Բայց միևնույն ժամանակ բիզնեսի աշխարհն այնպիսին է, որ ինքը կարողանում է թելադրել բոլորին: Ես չեմ կարծում, որ իշխանությունները որևէ միտումներ ունեն արգելակել կամ թողնել: Դա շատ բնական ճանապարհով իրագործելի երևույթ է:

- Պարո´ն Սահակյան, նման կարծիքներ կան, որ հենց Սերժ Սարգսյանին շրջապատող օլիգարխներն են նրա վարկանիշը գցում: Մի՞թե Սերժ Սարգսյանը սա չի նկատում:

- Մեր կենցաղում պիտի տրադիցիաներ ստեղծվեն, թե ի´նչ է պետական չինովնիկը, ի´նչ է ձեռնարկատերը, ի´նչ է մանկավարժը, ի´նչ է բժիշկը, մենք էդ փուլում ենք: Սերժ Սարգսյանն ինքը յուրօրինակ անձնավորություն է իր տեսակետի մեջ, միգուցե ինչ-որ բաներ կան, որ շուտ տեղ չի հասնում կամ լավ չի բնութագրում, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է Սերժ Սարգսյանի հայացքների կամ մոտեցումների վրա ճնշումներ գործադրել: Սերժ Սարգսյանի վրա միայն կարող է ազդեցություն ունենալ ժողովրդի կամքը: Մնացածը երևույթներ են, որոնք այսօր էսպես կարող են լինել, վաղը՝ էնպես: Համենայն դեպս, ինքն էն դեմքը չի, էն իրողությունը չի, որի վրա կարողանաս ազդեցություն գործել կողմնակի ճանապարհներով:

Մարի Ներսեսյան

© Medialab.am