Կովկասյան կանայք հանուն խաղաղության` մի սեղանի շուրջ

22-04-2014
429 դիտում
Կովկասյան կանայք հանուն խաղաղության` մի սեղանի շուրջ

Ըստ հայկական Democracy today և նրա գործընկեր ադրբեջանական ՀԿ-ների համատեղ հետազոտության` ներքին տեղահանված հայ և ադրբեջանական բնակչությունը չի ցանկանում հետ վերադառնալ:

Democracy today ՀԿ հիմնադիր Գյուլնարա Շահինյանը «Մեդիալաբին» ասում է, որ  համատեղ ուսումնասիրության արդյունքները տրամադրվել են Մինսկի խմբին, և նրանք իրական թվերը գիտեն, սակայն հանրության համար հրապարակելի չեն:

«Որովհետև գործընկերս խնդիր կունենար իր երկրում, քանի որ վերադառնալ ցանկացողների թիվը շատ ցածր էր,- «Մեդիալաբին» ասում է նա,- ընդ որում նրանց մեծ մասը ցանկություն է հայտնել գնալ նախկին բնակավայր, տեսնել ու հետ գալ: Մեր մոտից ցանկացողներն ավելի քիչ էին»:

Այս ՀԿ-ն 1994թ-ից սկսած  կանանց մասնակցությամբ զբաղվում է խաղաղաշինությամբ և կոնֆլիկտների հաղթահարմամբ: Արդեն երկու տարի է, որ նրանք Կովկասում կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների և ակտիվ խմբերի ներկայացուցչությամբ կազմակերպում են կոնֆերանս, որտեղ քննարկվում է կնոջ դերը համապետական բոլոր հարթություններում՝ իշխանություններ, բանակցություններ, ԶՈՒ և այլն: Այս տարի մասնակցում էին 76 ներկայացուցիչ, Ադրբեջանից նրանց գործընկերը միացավ Skype-ով:

«Մայր և դուստր» դաղստանյան ՀԿ ղեկվար Մալիկադ Ջաբիրովան «Մեդիալաբին» ասում է, որ Դաղստանում, օրինակ միտում վաղահասության շրջանում՝ 14-15 տարեկան աղջիկներին ծնողների համաձայնությամբ կնության տալ՝ առանց աղջկա կարծիքը հարցնելու:

Նրա գործընկեր Մարինա Սեֆիրովնան «Օկտավա» ՀԿ-ից ավելացնում է, որ Դաղստանում կրոնացման պատճառով աղջիկներին դպրոց չեն տալիս: Այս միտումը հիմնականում նկատվում է իսլամի տարատեսակ համարվող սալոֆիզմ դավանողների շրջանում:

«Աղջիկները դպրոց են հաճախում մինչև 3-րդ դասարան, լավագույն դեպքում՝ մինչև 5-րդ դասարան, այն էլ՝ չադրայով,- ասում է նա,- սա իհարկե տարածված է լեռնային շրջանների գյուղական վայրերում, այնուամենայնիվ կազմում է աղջիկ երեխաների մոտ 3 տոկոսը»:

Սեֆիրովան ասում է, որ Դաղստանում կրոնացման միտում է նկատվում, որը նա կապում է կոռուպցիայի բարձր մակարդակի ու անարդարությունների հետ. «Երբ հենման այլ սյուներ չի մնում՝ մարդիկ մխիթարություն փնտրում են կրոնում»:

Դաղստանում և Չեչնիայում մեկ այլ խնդիր է բազմակնությունը: Սակայն, եթե, Չեչնիայում կանայք հիմնականում դեմ են ընտանիքում երկրորդ կին մտնելու մտքին, ապա Դաղստանյան որոշ կրոնական ընտանիքներում, նույնիսկ կանայք են իրենց ամուսինների համար այլ կանայք ընտրում:

«Ճիշտ մահմեդականի համար մեկից ավելին կին ունենալը ոչ միայն ողջունելի է, այլ՝ նրա պարտականությունը,- ասում է Ջաբիրովան,- իհարկե դա կախված է հնարավորություններից, սակայն հիմա այս երևույթը թափ է հավաքում»:

Չեչնիայի «Սինտեմ» ՀԿ ղեկավար Իննա Հայրապետյանն ասում է, որ իրենց մոտ երկրորդ կին բերելու անհրաժեշտությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ առաջին կինն ունենում է 4-6 աղջիկ, և հետո էլ չի կարողանում ունենալ, իսկ ամուսնուն արու զավակ է պետք, և առաջին կինը ստիպված համաձայնվում է:

Այս երկրներում ծնելիությունը չափազանց բարձր է, ու, որպես կանոն, կինը մինչև 30 տարեկանը արդեն երեք երեխա ունի: Դաղստանի բնկաչությունը մոտ 3 մլն է, Չեչնիան՝ մոտ 1 մլն:

«Սինտեմի» վարած դատական հայցերի ամենամեծ մասը վերաբերվում է ամուսնալուծություններից հետո երեխաների ապրելու տեղի խնդրին, քանի որ ըստ չեչենական ավանդույթի՝ ամուսնալուծությունից հետո երեխան մնում է հոր մոտ:

«Ու այսօր կինը պայքարում է, որպեսզի երեխան մնա իր մոտ,- ասում է Հայրապետյանը,- սակայն սա ունի խորն արմատներ, ու բացատրվում է նրանով, որ երիտասարդ կինն առանց երեխայի ավելի մեծ հնարավորություն ունի երկրորդ անգամ ամուսնանալու»:

Կոնֆերանսի մասնակից կանայք նշում են, որ իրենց մոտ իգական սեռը երկրի բարձրագույն իշխանություններում ներկայացված չէ, ինչպես նաև ընդգրկված չէ բանակցություններում:

Մինչդեռ Շահինյանն ասում է, որ չի կարող որոշում ընդունվի և համարվի լեգիտիմ, եթե այդ որոշման ընդունմանը մասնակցում են ոչ բոլորը:

«Ստացվում է, որ տղամարդիկ որոշում են ընդունում, իսկ կանայք՝ կատարում են,- ասում է նա,- առհասարակ կանայք բանակցությունների ժամանակ չկան ու նրանց ձայնը չի լսվում, իսկ դա ճիշտ չէ, որ բնակչության 50 տոկոսից ավելին խաղաղաշինությանը չի մասնակցում»:

Կանանց ձայնը լսելի դարձնելու համար ՀԿ-ն աշխատում է հիմնականում Track2(ՀԿ-ներ, խմբեր և այլն) և գերադասում է չաշխատել Track1 մակարդակի՝ պետական կարևորագույն որոշումներ ընդունող մարմինների հետ, քանի որ նրանք պարզապես ֆունկցիոնալիստներ են:

«Մենք աշխատում ենք քաղհասարակության հետ և ձգտում ենք բարձրացնել Track2 մակարդակը, որպեսզի ինքն առաջ բրդի Track1-ին,- ասում է նա,- բացի այդ իշխանությունները պատրաստ չեն խաղաղաշինության և չեն էլ ցանկանում»:

Շատ մեծ ուշադրություն է դարձվում ՄԱԿ անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վրա, որը վերաբերվում է կանանց նկատմամբ կիրառվող բոլոր տիպի խտրականությունններին և անդամ երկրներին առաջարկում է ստեղծել մի այնպիսի դաշտ, որը հնարավորություն կտա կանանց հավասարապես մասնակցել բանակցություններին, մասնկացել որոշումների ընդունմանը, կոնֆլիկտների կանխարգելմանը և այլն:

Այս բանաձևը պարտադիր փաստաթուղթ է, սակայն Հայաստանը դեռևս ոչինչ չի արել այս ուղղությամբ, չկա մշակված Ազգային ծրագիր:

«Մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպիսին են Նորվեգիան, Ավստրիան, Ֆինլանդիան, ովքեր խաղաղության մեջ են՝ ունեն Ազգային ծրագիր, իսկ մեր մոտ դա արվում է ՀԿ դաշտի ջանքերով»,- ասում է Շահինյանը:

Լուսանկարը` Democracy today-ի ֆեյսբուքյան էջից:

Աննա Մուրադյան

© Medialab.am