Թող շփվեն ղեկավարների հետ. Դպրոցի տնօրենը Աբրահամյանի պատվին «գրված» սկանդալային բանաստեղծության մասին

24-05-2014
407 դիտում
Թող շփվեն ղեկավարների հետ. Դպրոցի տնօրենը Աբրահամյանի պատվին «գրված» սկանդալային բանաստեղծության մասին

www.ilur.am -Երեկվանից համացանցի սկանդալային հիթն է դարձել թիվ 119 ավագ դպրոցի Վերջին զանգի արարողությունը, որտեղ դպրոցի աշակերտներից մեկը Հովիկ Աբրահամյանի պատվին բանաստեղծություն է արտասանում: Իշխանությունների հանդեպ ստորաքարշությունն ու քծնանքը հասցրել են նաեւ ուսումնական հաստատություններ, ընդ որում, էլ ավելի իջեցնելով տարիքային շեմը: Բուհ-երի հետ այդ հարցում արդեն դպրոցներն են մրցում: Ու մինչ ամբողջ համացանցով մեկ ամոթանքներ են հնչում դպրոցի ուսուցիչների եւ տնօրենի հասցեին, պարզվում է՝ ինքը տնօրենը խիստ գոհ է իր կատարած աշխատանքից:

Այդ մասին այսօր ինքը՝ տնօրեն Հովհաննես Կարապետյանը հայտարարեց iLur.am-ի հետ զրույցում: Տնօրենի հետ մեր զրույցը՝ ստորեւ:

-Պարոն Կարապետյան, դիտեցինք ձեր երեկվա միջոցառումը: Ինչպե՞ս եղավ այդ ամենը, հանպատրաստի՞ց արեցիք, թե՞ պլանավորել էիք: Գաղափարը ինչպե՞ս ծագեց:

-Մենք ընդամենը մեկ օր առաջ իմացանք, որ վարչապետը պիտի գար:  

-Ե՞ւ: Ինքնաբուխ բանաստեղծություն գրվե՞ց:

-Բա, իհարկե:

-Իսկ ո՞վ է հեղինակը, եթե գաղտնիք չէ:

-Մեր լեզվի մասնագետներն են աշխատել աշակերտների հետ:  

-Այսինքն, աշակերտների ներգրավմամբ գրել են այդ բանաստեղծությունը:

-Իհարկե:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ բանաստեղծությունը հենց Հովիկ Աբրահամյանի պատվին է գրվել:

-Չէ, դա Սահյանի մոտիվներով է գրված:

-Բայց իր պատվի՞ն:

-Դե, ինչ-որ բաներ ձեւափոխված, հարմարեցված:  

-Հատուկ Աբրահամյանի համա՞ր:

-Այո:

-Իսկ ի՞նչ եք կարծում, նրան դուր եկա՞վ:

-Կարծում եմ՝ իրեն պետք է այդ հարցը ուղղեք:

-Իսկ դուք հավանեցի՞ք:

-Ւնչ ասեմ, իհարկե:

-Դուք այդ առումով երեւի տարբերվեցիք մյուսներից: Կարծում եք՝ սա լա՞վ օրինակ կծառայի:

-Միանշանակ: Դա դրական կարող է ազդել, եւ ընդհանրապես, խթան հանդիսանալ երեխաների համար:

-Իսկ ի՞նչ առումով, ի՞նչ դաստիարակչական բան կարող է այն տալ:  

-Ոչ մի բացասական բան, բացի դրականից: Թող շփվեն ղեկավարների հետ, ղեկավարներին հաղորդեն իրենց մտածածը, եթե ունեն նպատակներ, թող ներկայացնեն, դա էլ ղեկավարների մոտ կարող է արթնացնել վերաբերմունք դեպի աշակերտը, երեխաները, եւ ընդհանրապես, շփումները միայն դրական ազդեցություն կարող են ունենալ:

-Իսկ շա՞տ դրական արձագանքներ ստացաք այդ առիթով:

-Չեմ կարող ասել, չեմ կարող ասել:  

 Հարցազրույցը տեղադրվել է  http://www.ilur.am-ի համաձայնությամբ