100մլն դոլար նվերը Lydian International ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրին ՀՀ կառավարության կողմից․ ՀԲՃ

08-05-2015
333 դիտում
100մլն դոլար նվերը Lydian International ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրին ՀՀ կառավարության կողմից․ ՀԲՃ

Բրիտանական Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited (Լիդիան) ընկերությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ իրենց մոտ հրաշալի հնարավորություն է առաջացել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ներդրումները նվազեցնել 100մլն ԱՄՆ դոլարով։ Պարզվում է, որ այդ հնարավորությունն ընձեռնել է Հայաստանի կառավարությունը, որը շատ է սիրում տարատեսակ նվերներ մատուցել հանքարդյունահանման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին։

Այսպես․ 2015թ․-ի մարտի 10-ի կառավարության նիստում ընդունվել է մի որոշում, որով փոփոխություններ են կատարվել «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 2010 թվականի հունվարի 21-ի N 51-Ն որոշման մեջ։ Այդ փոփոխություններն առնչվում են բաց հանքերի ավտոմոբիլային ճանապարհների երկայնական թեքությունների առավելագույն թույլատրելի չափերին, որոնք որոշման 101-րդ կետում սահմանվել են 100՝ նախկին 70‰-ի փոխարեն, իսկ 100-րդ կետում 100՝ նախկին 90-ի փոխարեն։

Կառավարությունում այս փոփոխությունները հիմնավորում են նրանով, որ դրանց ընդունման արդյունքում բաց հանքերում ճանապարհների անվտանգության մակարդակը չի տուժի, իսկ հանքափոսի ծավալի նվազեցման շնորհիվ կնվազեցվի դատարկ ապարների ծավալը և այդպիսով` բնությանը պատճառվող վնասը: Բացի այդ, կպակասեն հանքարդյունահանող կազմակերպության ծախսերը, ըստ այդմ` կավելանան շահութաբերությունը և պետության հարկային եկամուտները: 

Տարիների փորձն ապացուցել է, որ իրականում ՀՀ կառավարության և Հայաստանում հանքավայրեր շահագործող ընկերությունների հետաքրքրությունների շրջանակներից դուրս են բացահանքերի ճանապարհների ավտանգության մակարդակը, պետության հարկային եկամուտների, առավել ևս բնությանը պատճառվող վնասի չափը։ Այ ինչ վերաբերում է ծախսերի պակասեցման և շահութաբերության ավելացման հեռանկարին, ապա դա իսկապես շատ լավ առիթ է նոր ներդրումներ ներգրավելու, և միահամուռ ուժերով մեր ժողովրդին պատկանող ընդերքի հարստությունների կողոպուտն ավելի լավ պայմաններով իրականացնելու համար։

Բնականաբար այս առիթից անհապաղ օգտվել է Լիդիան ընկերությունը՝ հայտարարելով, որ համապատասխան փոփոխություններ կկատարի Ամուլսարի հանքավայրի նախագծում, ինչի արդյունքում շահագործման ծախսերը կնվազեն մոտ 100մլն դոլարով։ Հասկանալի է, որ այդ հայտարարության հիմնական նպատակն է ներդրողների համար էլ ավելի գայթակղիչ դարձնել էկոլոգիական և առողջապահական առումով չափազանց վտանգավոր այս ծրագիրը, ինչպես նաև գոնե որոշակի դրական շարժ գրանցել Տորոնտոյի ֆոնդային բորսայում վաճառվող իրենց բաժնետոմսերի անընդհատ նվազող գների մեջ։ Նշենք, որ Lydian International Limited ընկերության բաժնետոմսերի գները վերջին 4 տարում նվազել են մոտ 6 անգամ, և ներկայումս դրանք արժեն ընդամենը 0,51 կանադական դոլար՝ 2011 թվականի 3 դոլարի փոխարեն (տես այստեղ 

Հիշեցնենք, որ սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ ՀՀ կառավարությունը հաճելի նվեր է մատուցում ընդերքօգտագործողներին: Մասնավորապես, դեռևս 2014թ. հուլիսի 31-ին, ընդունվել էր աննախադեպ մի որոշում, որով ըստ էության թույլ էր տվել տեղափոխել Ամուլսարի տարածքում հայտնաբերված Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները՝ դրանով իսկ խախտելով ՀՀ տարբեր օրենքների դրույթներ և միջազգային կոնվենցիաներ (տես հոդվածը): Էլ չենք խոսում 2011 թվականին ընդունված «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի» մասին, որով ըստ էության ճանապարհ բացվեց մեր եկրի ընդերքի պաշարների շահագործումը մասնավոր ընկերությունների կողմից հնարավորինս շահավետ դարձնելուն՝ առանց հաշվի առնելու շրջակա միջավայրը, մարդկանց առողջությունը, ժողովրդի և պետության իրական շահն ու զարգացման հնարավորությունները:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

http://www.armecofront.net/