«Անհասկանալի է՝ ինչու ենք մենք շտապում խաղաղության պայմանագիր կնքել, երբ դա պարտադիր պայման չէ, որպեսզի ճանապարհներ բացվեն». Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ SputnikԱրմենիա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

Պարո՛ն Պողոսյան, ՀՀ արտգործնախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության փոխանցած առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի այս քայլը, ու այդ բանակցություններն ինչպե՞ս կարող են ազդել արցախյան հարցի կարգավորման վրա:

– Ընդհանրապես այս մասով որևէ մեկնաբանություն անելը բարդ է, որովհետև անհասկանալի է, թե ինչո՛ւ այդ հինգկետանոց առաջարկը չի հրապարակվում, այն արդեն չի կարող կոնֆիդենցիալ լինել, որովհետև դրա մասին պաշտոնապես ասված է: Տրամաբանությունից դուրս է այդ առաջարկները չհրապարակելը:

Մի փոքր անհասկանալի է այս մասով Մինսկի խմբի մասնակցությունը, որովհետև վերջինիս գործառույթն ի սկզբանե Արցախի խնդրի կարգավորումն է եղել: Եթե մենք դիմում ենք Մինսկի խմբի համանախագահությանն այս հարցով, ի՞նչ է ստացվում՝ Հայաստա՞նն էլ է կարծում, որ Արցախի հարց այլևս չկա, հետևաբար Մինսկի խումբը պետք է մանդատը փոխի ու հիմա զբաղվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրո՞վ: Ինձ համար սա էլ է անհասկանալի, համենայնդեպս, սա կարող է այսպես մեկնաբանվել նույն Ադրբեջանի կողմից:

Հայտարարության մեջ արված այդ հղումները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտ, եթե ճիշտ եմ հիշում, կա տասը սկզբունք, այդ թվում՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և այլն, բայց, նորից եմ ասում՝ դժվար է հստակ բան ասել, որովհետև մենք չգիտենք՝ այդ գործընթացը Արցախի հարցին առնչվելո՞ւ է, որովհետև նախկինում մեր կառավարությունն ասում էր, որ խաղաղության պայմանագիրն ու Արցախի հարցն իրար հետ կապ չունեն:

Բայց հիմա, եթե Մինսկի խումբը զբաղվելու է այդ հարցով, որը նախկինում զբաղվում էր Արցախի հարցով՝ ի՞նչ է նշանակում կապ չունեն, և եթե կապ չունի, իսկ Մինսկի խումբն էլ զբաղվելու է այդ հարցով, ապա ո՞վ է զբաղվելու Արցախի հարցով: Մի խոսքով, կան բազմաթիվ հարցեր, չկան պատասխաններ:

Իսկ այդ գաղտնիությունը ինչով եք բացատրում, որ ՀՀ արտգործնախարարությունը չի ասում, թե ի՞նչ առաջարկներ են արվել, ու իրենք դրանց ինչպե՞ս են պատասխանել:

– Դժվարանում եմ ասել, իսկապես անհասկանալի է. եթե մենք մերժել ենք այդ առաջարկությունները, որովհետև վատն էին, կարելի էր հրապարակել, եթե ընդունել ենք, անգամ որ դրանք վատն էին, գուցե դրա համար չեն հրապարակվում, որ դժգոհություն չառաջանա: Սա արդեն ենթադրությունների դաշտում է, որտեղ ամեն մեկը կարող է արտահայտել ամենատարբեր կարծիքներ:

Այսինքն՝ այս ՄԱԿ-ի կանոնադրություն, Հելսինկիի եզրափակիչ ակտ, որոնց հղում է արվում, վերաբերում են սահմանազատմա՞նն ու սահմանագծմա՞նը:

 – Եթե խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, այն չի նշանակում միայն սահմանագծում ու սահմանազատում, այն լայն հասկացություն է: Կան պետություններ, որ արդեն 80 տարի է՝ դադարել են միմյանց հետ պատերազմել, բայց խաղաղության պայմանագիր չունեն, բայց ունեն տարատեսակ հարաբերություններ, օրինակ՝ Ռուսաստանն ու Ճապոնիան:

Մինչև հիմա այս պետությունների միջև չկա խաղաղության պայմանագիր, չնայած Երկրորդ համաշխարհայինն ավարտվել է 1945 թվականին, բայց դա չի խոչընդոտել, որ երկրների միջև դիվանագիտական ու ակտիվ տնտեսական հարաբերություններ հաստատվեն:

Հետևաբար, նույնիսկ դա է անհասկանալի, թե ինչու ենք մենք շտապում խաղաղության պայմանագիր կնքել, երբ դա պարտադիր պայման չէ, որպեսզի ճանապարհներ բացվեն, կամ այլ կարգի հարաբերություններ սկսվեն կողմերի միջև:

– Պարո՛ն Պողոսյան, իսկ Մինսկի խումբն այս դիմումին ինչպե՞ս կարձագանքի, և, ինչպես ասում եք, գործունեության իր մանդատը կփոխի՞:

– Մինսկի խմբի մանդատը կարող է ԵԱՀԿ-ն փոխել, որովհետև այդ խումբը ստեղծվել է վերջինիս կողմից, ոչ թե Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, որ իրենք որոշեն: Երկրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո Մինսկի խումբը մի քիչ առկախված վիճակում էր, իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ փաստացի ՌԴ-Արևմուտք առնվազն տնտեսական պատերազմ է ընթանում, այդ թվում նաև՝ ԱՄՆ-Ռուսաստան, Ֆրանսիա-Ռուսաստան, այդ խումբը, վախենամ, արդեն «դիահերձարանում» է, հետևաբար չգիտեմ էլ, թե ինչ ակնկալիքով ենք դիմել Մինսկի խմբին: Ինձ համար ոչ այնքան հասկանալի վիճակ է:

 – Դատելով տեղի ունեցողից՝ կարծում եք, որ Արցախի Հանրապետության ճանաչումն Ադրբեջանի մաս անխուսափելի՞ է դառնում կամ դարձել:

– Հստակ գնահատականներ տալ չեմ կարող, որովհետև կա տեղեկատվության սարսափելի մեծ պակաս, բայց առնվազն նման ընկալում կամ տպավորություն կա, որ գոնե հոգեբանորեն Հայաստանի իշխանություններն արդեն պատրաստ են նման քայլ անելու, այսինքն՝ ճանաչելու Արցախն Ադրբեջանի մաս ու հարցը տեղափոխելու Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների պաշտպանության դաշտ, թե ի՞նչ տեսքով՝ արդեն հարցի մյուս կողմն է:

Դա կարող է լինել սկսած ինչ-որ ինքնավար կարգավիճակից, վերջացրած առանց որևէ վարչատարածքային կարգավիճակի, զուտ էթնիկ փոքրամասնության իրավունքների պաշտպանություն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am