«Հիմա դա կարվի ռեպրեսիվ մեթոդներով, գլուխներ թռցնելով, թե առանց մեծ աղմուկի, կարևորն այն է, որ մարդիկ արդյունքը տեսնեն». Վարուժան Հոկտանյան

02-06-2016
2872 դիտում
«Հիմա դա կարվի ռեպրեսիվ մեթոդներով, գլուխներ թռցնելով, թե առանց մեծ աղմուկի, կարևորն այն է, որ մարդիկ արդյունքը տեսնեն». Վարուժան Հոկտանյան

Վերջին շրջանի իրադարձությունների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ:

-Պարոն Հոկտանյան, ռազմական ոլորտում պաշտոնանկությունները շարունակվում են, անգամ քրեական գործեր կան, բայց հանրությունը կարծես թերահավատությամբ է վերաբերվում այս գործընթացին: Քննադատություններ կան, որ խոշոր պաշտոնյաներին թողած՝ մանրների հետևից են ընկել: Դուք ի՞նչ եք նկատում:

-Այն, որ կոռուպցիա կա այստեղ, դա բնական է: Դա բացահայտ էլ ասվեց, արդեն ձերբակալվածներ կան, քրեական գործ է հարուցվել, ընդունել են, որ կոռուպցիա կա: Դրական է սա, խնդիրն այն է, որ պետք է հասկանալ՝ ամբողջ մեխանիզմը հնարավո՞ր է բացել, իշխանություններն արդյոք կկարողանա՞ն համոզել կամ ապացուցել, որ ամեն ինչ ավելի վերև չի գնացել: Տեսնենք, քննության ու դատավարության ժամանակ ամեն ինչ կերևա: Հիմա ինչ-որ ենթադրություններ անել, որ ամենավերևներն ինչ-որ բանով խառնված են և այլն, սա չէ կարևորը:

Կարևորն ու ամենաանհագստացնողն այն է, որ սպառազինությունների ոլորտի հետ է սա կապված: Սա ուտելիք չէ, ցորեն չէ, կարտոֆիլ չէ, սպառազինություն է, ինչն ավելի մտահոգիչ է, քան այն, թե այս գործընթացն ավելի վերև գնալու է, թե ոչ: Պետք է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Փաստորեն, ընդունվում է, որ լավ բան տեղի չի ունեցել, մեղմ, ասած, լավ բան չի եղել, նաև սպառազինությունների հետ կապված չարաշահում է եղել, որը չպետք է լիներ մի երկրում, որը դե ֆակտո պատերազմի մեջ է իր հարևանի հետ:

-Ձեր կարծիքով ի՞նչ պետք է արվի, որպեսզի գործընթացը թափանցիկ լինի, հանրության մոտ կասկածներ չմնան, մարդիկ համոզվեն, որ թալանողներն ու կոռուպիցիայի մեջ ներգրավված անձինք իրոք կպատժվեն, կոռուպցիան իրոք կվերանա: Այսինքն՝ այնպիսի իրավիճակ չառաջանա, որ մի քանի հասարակ չինովնիկների քավության նոխազ դարձնեն, և հարցը փակվի:

-Դատաքննություն կլինի, այնտեղ կհնչեն մեղադրանքներ, սա երկրորդական է: Եթե խոսքը գնում է սպառազինության մասին, միակ ցուցիչն այստեղ կարող է լինել հետևյալը, ինչն, իհարկե, ցանկալի սցենար չէ: Աստված չանի, եթե նման դեպք կրկնվի կամ պատերազմն ավելի մեծ մասշտաբներով լինի, եթե նորից նույն խնդիրներն առաջանան սպառազինության հետ կապված, որոնք եղան ապրիլի սկզբին, նշանակում է, որ դասեր չեն քաղել: Կարևորը հիմա դա է, որ մենք ավելի պատրաստված, ավելի զինված լինենք հնարավոր պատերազմի դեպքում: Ուրիշ ցուցանիշ ես չեմ տեսնում, միայն դա կարող է չափել, թե որքանով է այս ամենն արդյունավետ:

-Իսկ այսօրվա գործող համակարգի պայմաններում շանսեր կա՞ն՝ բացառելու այդ ոլորտի կոռուպցիան:

-Ոչ մի երկրում կոռուպցիան արմատախիլ չի արվել, խնդիրը դա այնպիսի աստիճանի իջեցնելն է, որ երկրի զարգացմանը չվնասի: Կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ կոնկրետ կոռուպցիոն դրսևորումները չեզոքացնելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ: Խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ համակարգի: Եթե փոխենք, կոռուպիցայի դեմ պայքարի խորհրդում մեկ ուրիշին դնենք կամ նախարար փոխենք, չեմ կարծում, որ լուրջ լուծում կլինի, եթե համակարգը չի փոխվում: Իհարկե, կա մեկ այլ տարբերակ, որ առանձին, ռազմավարական մեծ կարևորություն ունեցող ոլորտում, տվյալ դեպքում բանակի մասին է խոսքը, հնարավոր լինի ինչ-որ պատժիչ ու կոշտ քայլերով արդյունքի հասնել: Այնպես չէ, որ դա ի սկզբանե բացառվում է, բայց այստեղ խնդիրն այն է, որ եթե համակարգը չի փոխում, ապա չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո, երբ կրքերը հանգստանան, նման երևույթները նորից կկրկնվեն:

Այսինքն՝ անշրջելիության խնդիր կա այստեղ, որ դա անշրջելի չի լինի: Բայց չի բացառվում, որ այս պայմաններում, այսպիսի ծանր օրերից ու այդքան զոհերից հետո միգուցե ինչ-որ բան փոխվի: Դա դժվար է գնահատել ու կանխատեսել: Ընդհանրապես կոռուպցիան մի այնպիսի երևույթ է, որ դրա դեմ պայքարի արդյունքները պետք է երևան: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է նայենք, թե քանի հոգի բռնվեց, քանի հոգու գույքն ու ունեցվածքը կբռնագրավվի, դրանով ես չեմ չափի արդյունքը, այլ ես կչափեմ այն ժամանակ, երբ կտեսնեմ, որ աղքատությունն է կրճատվում, աշխատատեղեր են բացվում, մարդիկ փող չեն տալիս աշխատանքի ընդունվելու համար, կարողանում են ըստ իրենց արժանիքների աշխատանք գտնել, ոչ թե խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով:

Հնարավոր է նույնիսկ առանց աղմկահարույց ձերբակալությունների գալ այնպիսի վիճակի, որ մարդիկ տեսնեն, որ շուրջը նորմալանում է վիճակը: Հիմա դա կարվի ռեպրեսիվ մեթոդներով, տարբեր գլուխներ թռցնելով, թե կարվի առանց մեծ աղմուկի և քայլ առ քայլ, կարևորն այն է, որ մարդիկ արդյունքը տեսնեն ու զգան իրենց մաշկի վրա: Կարող է մի 100 պաշտոնյա նստեցնեն բանտերը, բայց դրանից բան չփոխվի, դրանից հետո գան ուրիշներն ու նորից նունն անեն: Այսինքն՝ պետք է տեսնել արդյունք, որը ոչ թե բնորոշվում է ընդունված օրենքների կամ ձերբակալված անձանց թվով, այլ հանրային աջակցությունն է կարևոր: Մարդիկ արդյունքը տեսնելուց հետո ավելի կոգևորվեն ու ավելի կներգրավվեն կոռուպցիայի դեմ պայքարում:
Իհարկե, Աստված չանի, որ նորից կրկնվի պատերազմը, բայց ես մեծ մտավախություն ունեմ, որ այս հանգստությունը լռություն է փոթորկից առաջ: Եթե նորից կրկնվի, այն ժամանակ կերևա, թե որքանով այս երևույթները գոնե այս ոլորտում կառավարելի կդառնան: Չեմ հավատում, որ կոռուպցիան ամբողջությամբ կվերացվի:

-Իսկ նախորդ պատերազմն ի՞նչ փաստեց, համատարած խայտառակությո՞ւն:

-Այո, համատարած էր: Նախքան ապրիլյան պատերազմը ես ասել եմ, որ այս ամենը շատ լուրջ հետևանքներ կունանա: Ես նշել եմ պետականության կորստի մասին, ասել եմ, որ այսպիսի տարածշրջանում լինելով՝ լուրջ գին ենք վճարելու սրա համար: Եվ հանկարծ ստացվեց այնպես, որ դժբախտաբար ապրիլյան պատերազմ եղավ, բայց սա դեռ այն պատերազմը չէր, որը կարող էր լինել, շատ ավելի դաժան բան կարող էր տեղի ունենալ: Ու նոր հանկարծ մարդկանց աչքերը բացվեց, կարծես ոչինչ մինչև այս չէր եղել: Դանակը ոսկորին հասավ, նոր սկսեցին հասկանալ, որ մենք, մեղմ ասած, սխալ ճանապարհով ենք գնացել: Բայց, կներեք, դա հո նոր բան չէ՞: Նախկինում էլ բանակում ծառայածները պատմում էին, թե ինչ վիճակ է, որ սոված էին մնում, նորություն չէր սա: Ինձ համար նորությունն այն էր, որ սպառազինության հարցերով էլ է դա եղել: Բայց այդ նորությունը ինձ չզարմացրեց, որովհետև ձու գողացողը ձի էլ կգողանա: Եթե ուրիշ հարցերում լինում է գողություն, կաշառք ու թալան, բյուջեի մսխում, դա էլ կարող են անել: Իրենք իրենց համոզել են, որ պատերազմ չի լինի, ինչ ուզում են կանեն, սա էլ արդյունքն է: Այս պարագայում ես ոչ թե մտածում եմ, թե քանի գլուխ կթռնի և ում գլուխները, այլ որ հաջորդ նման փորձության ժամանակ մենք ավելի պատրաստ լինենք:

Էմմա Մանուկյան

© Medialab.am