«Բյուջեն գռփում են, փողն ուղարկում են Եվրոպա, որ երեխեն էնտեղ ապրի: Քո կառավարած երկրում, անգամ քո երեխան չի ուզում ապրել, ամոթ է». Էդուարդ Զորիկյան

19-11-2016
27296 դիտում
«Բյուջեն գռփում են, փողն ուղարկում են Եվրոպա, որ երեխեն էնտեղ ապրի: Քո կառավարած երկրում, անգամ քո երեխան չի ուզում ապրել, ամոթ է». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» զուցակիցն է երգիչ, երգահան էդուարդ Զորիկյանը:

-Պարոն Զորիկյան, իշխանություններն այնպիսի քննարկում են ծավալում, թե իբր հանրությունը չի ցանկանում ամսական 1000 դրամ հատկացնել զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը: Բայց իրականում հասարակության պահանջն այլ է: Ի՞նչ է կատարվում:

-Կարծում եմ՝ մեր  հանրությունը պատրաստ է այդ գումարը և դրանից ավելի գումար վճարել, բայց եթե դա ծառայի նպատակին: Խնդիրը 1000 դրամը չէ, խնդիրն այն է, որ հանրությունը չի վստահում կառավարությանը և համապատասխան նախարարությանը, որ այդ գումարները կծառայեն բուն նպատակին: Մենք բազմիցս համոզվել ենք, որ մեր հասարակությունը բանակի համար պատրաստ է: Ղարաբաղյան պատերազմի առաջին տարիներին ես իմ բազմաթիվ ընկերներին եմ տեսել, ովքեր գյուղով հավաքել էին մատանի, ականջօղ, ապարանջան, ով ինչ ուներ և մեծ բողչայով բերել էին, որ Վերնիսաժում շտապ վաճառեին, որպեսզի ինչ-որ տեղից փամփուշտ առնեին: Բազմաթիվ նման օրինակներ ունենք, որ մեր հանրությունն իր գրպանից է զինել բանակը, կամավոր գնացել ու կանգնել է սահմանին: Նրանք, ովքեր այդ գումարը հավաքում են, թող մտածեն սահմանի վրա կանգնած տղերքի մասին, բուն նպատակի համար այդ գումարն օգտագործելու, ոչ թե կիսատ թողած ամառանոցներն ավարտին հասցնելու մասին:

-Ձեր կարծիքով՝ այդ գումարը չի՞ ծառայի իր նպատակին:

-Կարծում եմ՝ ոչ: Չի ծառայի, որովհետև պատմական մեկ հնարավորություն կար դա անելու, ընդհանրապես փոխվելու: Դա ԽՍՀՄ կազմից դուրս գալու փաստն էր, Անկախությունը հռչակելու փաստն էր: Եթե մենք փոխվեինք, պիտի էդ ժամանակ փոխվեինք: Այսինքն՝ եթե նախկինում գողանում էին պետությունից, գործարանից, գողանում էին, որովհետև դա մեզ ստրկացրած մի համակարգ էր: Մենք հազիվ ազատվել էինք էդ համակարգից, ուրեմն պիտի աշխարհին ապացուցեինք, որ մենք՝ հայերս գող չենք, ավազակ չենք, թալանչի չենք, մենք  ստեղծագործ ենք, մեր գլուխը կարող ենք պահել, մեր տնտեսությունը զարգացնել, մեր բանակը հզորացնել: Բայց մենք դա չարեցինք: Արեցինք ինչ-որ չափով, ի վերջո, եթե մինչև այսօր Հայաստանն ու Ղարաբաղը կարողանում են սահման պահել, ինչ-որ չափով կարողացել ենք անել, բայց, ես գտնում եմ, դա բավական չէ, որովհետև դա պատմական ժամանակաշրջան էր: Իսկ հիմա որևէ պատմական իրադարձություն չի եղել, որպեսզի ես կարողանամ 180 աստիճանով փոխել կարծիքս կառավարման համակարգի մասին:

-Իշխանության առանձին անդամներ արդեն հայտարարում են՝ ով բանակի գումարները գողանա, «շանտղություն» կանի:

-Դրա համար իրենք մինչև գողացածի այդ պետք է ապաշխարհեն համար: Եթե չապաշխարհեն, մնացածը դատարկ խոսքեր են: Մենք էդ խոսքերը 20 տարուց ավելի լսում ենք: Մենք ամեն ինչի մասին տեղյակ ենք, գյուղի բոզին էլ գիտենք, գողին էլ գիտենք, պետք չէ ձևեր թափել:

-Ի՞նչ պետք է անի իշխանությունը, որպեսզի հասարակության մոտ հավատ լինի: Մարդիկ արդար պահանջ են բարձրացնում, որ բյուջեն թալանած պաշտոնյաներն գումարները վերադարձնեն:

-Միակ լուծումը հեղափոխությունն է, բայց հեղափոխությունն էլ այնպիսի հետևանքներ է ունենում, որ սարսափել կարելի է: Իրենց կամքով ոչ ոք ոչինչ չի վերադարձնի: Ես չգտեմ ինչ պետք է լինի, մի քանի սերունդ պետք է փոխվի, պետք է օրենքն սկսի աշխատել: Այն, ինչ այսօր գռփել են, այդ 7-8, չգտեմ, իմ ֆատազիան էդքան է հերիքում, գուցե 70-80 հատ է, առանձնատները որ ունեն, այնքան տուրք պետք է վճարեն էդ առանձնատների համար, որ իրենց համար ձեռնտու չլինի, որ էդ ամեն ինչը վաճառեն, գնան մեկ սենյականոց բնակարան առնեն: Էսօր ո՞վ է իր դղյակի համար էդ տուրքը վճարում, ոչ ոք: Նույնիսկ լույսի փողը չեն վճարում, գազը, լույսը, ջուրը, ամեն ինչն ուղիղ խողովակով գնում է: Ժողովրդի փողն էլ է ուղիղ խողովակով գնում իրենց գրպանը: Մարդիկ դա գիտեն, արդեն հոգնել են ինչ-որ բան ասել: Ինձ թվում է՝ այդ 1000 դրամի շուրջ էլ, եթե մեր հասարակությունն ինչ-որ  ձև ըմբոստանում է, նրանից է, որ հոգնել են խելք բացատրելուց, հայհոյելուց, խնդրելուց:

Իրենց համար ավելի հեշտ է ժողովրդից 1000 դրամ վերցնել, քան տնտեսությունը ստվերից հանել: Չեն անում, որովհետև տնտեսություն ասածն իրենց սեփական բիզնեսն է: Ասում են՝ ամենամեղմ հաշվարկներով՝ տնտեսությունում ստվերը 30 տոկոս է կազմում: Ի՞նչ 30  տոկոս, 30 տոկոս ստվերի համար սրանք կնստե՞ն էդ պաշտոններին, մի օր չեն մնա: Այնտեղն ընենց մեծ տոկոսներ են, բա ինչո՞ւ է մեր վիճակն այսպես: Եթե նորմալ լինի, մենք պետք է ապրենք ոնց որ գերմանացին: Էդ ինչո՞ւ է Գերմանիայում գարեջուր արտադրող գործարանի բանվորը ամսական 4000-5000 եվրո աշխավարձ ստանում, իսկ Հայաստանում 200 եվրո էլ չի ստանում, բայց գարեջուրը նույն արժեքն ունի: Այսինքն՝ այն, ինչ անում են, պետք է իրենց մաշկի վրա զգան: Եթե որոշում են, որ նվազագույն աշխատավարձն այսքան է, ուրեմն իրենք էլ պետք է ապրեն այդ աշխատավարձով, որ հասկանան, թե դա ինչ է: Ինչ որոշում են, իրենց ընտանիքների ու երեխաների վրա պիտի զգան: Բայց վերևների մեծ մասի երեխաները եվրոպաներում են: Այստեղ բյուջեն գռփում են, փողն ուղարկում են Եվրոպա, որ երեխեն էնտեղ ապրի: Ամոթ է: Եթե դու կառավարում ես մի երկիր, որտեղ քո երեխան անգամ չի ուզում ապրել, էլ չեմ խոսում այն մասին, թե քանի մարդ արտագաղթեց երկրից, դա շատ ամոթ է:

Էմմա Մանուկյան

MediaLab.am